Առնվազն 10 մլրդ դրամ տնտեսեցի ընտանեկան նպաստի համակարգից․ նախկին նախարար

1999-2003թթ․ ՀՀ սոցիալական ապահովության նախարար Ռազմիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ քայլեր պետք է կատարվեն Հայաստանում նպաստառուների թիվը կրճատելու համար, որոնք, ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի, 400 հազար են։ Նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ նպաստառուների կեսից ավելին համակարգի մեջ է եւ դուրս չի գալիս այնտեղից։

«Ժամանակին մենք եկել էինք մի եզրակացության, որ սոցիալական ապահովության առանցքը աշխատանքի քաղաքականությունն է, աշխատանքի գաղափարախոսությունը։ Այսինքն՝ ավելի ազնիվ եւ արդար է, պետության համար՝ շահավետ, որ նյութական բարիքը բաշխվի աշխատանքի միջոցով եւ ոչ թե նպաստների։ Այստեղ առաջին հերթին կարեւոր են տնտեսության զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը, եւ աշխատողների՝ իրավունքների, արժանապատիվ աշխատանքի ապահովումը։ Մենք դա ասելով հասկանում ենք նաեւ պատշաճ աշխատավարձերը։ Նախորդ ժամանակաշրջանի երեւույթներից մեկն այն էր, որ աշխատող մարդկանց աշխատավարձն այնքան ցածր էր, որ նրանք նույնպես աղքատ էր։ Իսկ դա լրջագույն խնդիր է։ Իմ նախարար եղած ժամանակահատվածում, 1999թ․ բյուջեից 21 մլրդ դրամ էր հատկացված ընտանեկան նպաստներին, իսկ 2002թ․ ես այդ թիվը հասցրեցի 12 մլրդ դրամի։ Այսինքն՝ առնվազն 10 մլրդ դրամ տնտեսվեց։ Իմ գերխնդիրն էր, որ այդ նպաստ հասկացությունն ուղղվի երեխայի նպաստներին, այն դարձնել բազմազավակ երեխաների նպաստ, որն ավելի չափելի կլիներ»,- արձագանքեց Ռազմիկ Մարտիրոսյանը։

Ինչ վերաբերում է կենսաթոշակների բարձրացմանը, ապա նախկին նախարարը հիշում է, թե ինչպես տարիներ առաջ 60 տոկոսով բարձրացրեցին կենսաթոշակները, եւ ամբողջ ապահովագրական համակարգը փլուզվեց, կենսաթոշակն էլ սկսեցին վճարել պետական բյուջեից։ Կուտակային կենսաթոշակային համակարգին անդրադառնալով՝ Ռազմիկ Մարտիրոսյանը նշեց, որ դեռ իր նախարար աշխատած շրջանում էր դրված նման խնդիր, սակայն մասնագետներն ուսումնասիրելով, հասկացան, որ հնարավոր չէ այդ պահին անցնել այդ համակարգին։ «Ցավոք սրտի, հետագայում այդ խնդրի լուծումը հանձնեցին Կենտրոնական բանկին, որն էլ լուծեց, որպես ֆինանսական, ոչ թե սոցիալական խնդիր։ Նախորդ խնդիրներից մեկը, որն ինձ վրդովեցրել է, այն է, որ մի ամբողջ կենսաթոշակային քաղաքականություն, ավտոապահովագրության հետ միասին, տվեցին Կենտրոնական բանկին։ Իսկ Կենտրոնական բանկը լուծեցին ֆինանսական ճանապարհով՝ խախտելով սոցիալական արդարության, սոցիալական քաղաքականության բոլոր սկզբունքները, ինչի պատճառով հասարակության մեջ առաջացրեց դժգոհություն»,- ասաց մեր զրուցակիցը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X