Փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել 30 տարում՝ 10+20 սխեմայով

1999-2003թ․ ՀՀ սոցապնախարար Ռազմիկ Մարտիրոսյանին անցյալ տարի, սեպտեմբերին Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանից առաջարկել էին աշխատել որպես փոխտեսուչ, սոցաշխատող, պատմության եւ սոցիոլոգիայի ուսուցիչ, մեկ տարի այնտեղ աշխատելուց հետո նա վերադարձել է Հայաստան։

Նախկին նախարարի հետ զրույցում հետաքրքրվեցինք, թե որն է համարում ապրիլյան հեղափոխությունից հետո Հայաստանում կատարված ամենաէական փոփոխությունը։

-Մինչեւ արդյունքներին անցնելը պետք է առաջադրել խնդիրները, հետո նոր խոսել արդյունքների մասին։ Այսօր իրոք անչափ կարեւոր եւ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, որը հասարակության առջեւ դրել է առնվազն երեք խնդիր։ Առաջինը՝ հասարակությունը պետք է կարողանա հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել վերջին երեսուն տարում՝ 10+20 սխեմայով։ Քանի դեռ սա չի ընկալվել, չի վերլուծվել, հասարակությունը լիարժեք չի գնահատել, չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու, որոնք էին խորքային, հիմնական պատճառները, ապա նա չի կարող ճանաչել իրեն եւ շարժվել առաջ։ Երկրորդ խնդիրը այսօրվա դինամիկ իրավիճակի վերլուծությունն է, իսկ երրորդը՝ ապագայի կանխատեսումները։ Ինչպիսի՞ պետություն ենք ուզում, ինչպիսի՞ հասարակություն ենք ուզում տեսնել ապագայում։ Իսկ դա կարելի է անել միայն 30-ամյա պետությանը վերաբերող վերլուծությամբ, որը կարող է դառնալ հանրային սեփականություն։ Այս տեսանկյունից անցած քսան տարին ես գնահատում եմ որպես դեմոկրատական ավտորիտարիզմի շրջան, երբ ամբողջ իշխանությունը հենված էր մեկ անձի վրա, որն իրեն փաթեթավորել էր դեմոկրատիայով։ Սա բավականին բարդ երեւույթ է։ Սա սահմանափակել մեկ կամ մի քանի անձերով, նշանակում է ամբողջությամբ չհասկանալ երեւույթը։ Այդ ավտորիտարիզմը պետության ամբողջ գործունեությունն ուղղորդում էր մեկ անձի սպասարկմանը՝ լիներ դա տնտեսություն, կադրային քաղաքականություն, մշակույթ, կրթություն, արվեստ եւ այլն, ինչը հասարակության մեջ ավելացրեց հուսալքությունը, որովհետեւ նման իրավիճակն անհանդուրժելի էր։ Ապրիլյան շարժումը դրա լուծման տարբերակներից մեկն էր։ Շարժման առաջին արդյունքն այն է, որ հասարակությունը վերագտավ իրեն եւ հասկացավ, որ ինքը կարող է խնդիրներ առաջադրել եւ լուծել։ Հասարակությունը ձերբազատվեց քաղաքական նիհիլիզմից, եւ մենք այսօր տեսնում ենք մեծ ոգեւորություն։ Հիմա խնդիրն այն է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ հասկանա, որ իրենից շատ բան է կախված եւ ակտիվորեն մասնակցի պետության խնդիրների լուծմանը։

-Հեղափոխությունից հետո լուրջ նախադրյալներ են ստեղծվել քաղաքական կուսակցությունների, քաղաքական համակարգի կայացման համար։ Ըստ Ձեզ՝ տեսանելի ապագայում ո՞ր գաղափարախոսությունը կրող քաղաքական ուժը կարող է դառնալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդդիմությունը։

-Ցանկացած կուսակցություն որեւէ գաղափարախոսություն է կրում, իսկ ցանկացած գաղափարախոսություն արտահայտում է որեւէ սոցիալական խմբի շահերը։ Այս տեսանկյունից շատ կարեւոր է վերլուծելը Հայաստանի հասարակության սոցիալական կազմը եւ կառուցվածքը։ Միայն այս վերլուծությունից հետո մենք կարող ենք տեսնել, թե ինչպիսի կուսակցություններ կարող են ձեւավորվել Հայաստանում, որոնք էլ կունենան սոցիալական բազա։ Քանի որ այս պահին հայ հասարակությունը խիստ փոփոխական է, եւ դեռեւս կայացած չեն առանձին սոցիալական շերտերը, դասերը, ապա դա արտացոլվում է կուսակցությունների ձեւավորման վրա, որովհետեւ կուսակցությունները էկլեկտիկ են կամ սոցիալական շատ փոքր խմբերի եւ ոչ թե դասերի շահերն են արտահայտում, կամ էլ իրենց մեջ ընդգրկում են տարբեր դասերից ներկայացուցիչների, ինչը նույնպես անոմալիա է։ Այսօր մենք ունենք գյուղացիության մեծ շերտ, որն ունակ չէ ինքնակազմակերպվելու, այսինքն՝ գյուղացիությունը չի կարող իր քաղաքական ուժը ստեղծել։ Մենք չունենք լուրջ արդյունաբերություն, բանվոր դասակարգը փոքր թիվ է կազմում։ Դեռեւս կայացած չէ միջին խավը՝ փոքր եւ միջին բիզնեսով զբաղվող գործարարների դասը, ավելի կայացած է խոշոր բիզնեսը։ Նրանք ունեն ավելի մեծ սոցիալական ազդեցություն, քանի որ կապիտալն ունի նաեւ հասարակական ազդեցություն։ Բացի դրանից, ունենք նաեւ երիտասարդության մի փոքր շերտ, որը զբաղված է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում, այն ոլորտում, որտեղ , այսպես ասած, սպիտակ են աշխատում։ Իսկ այնտեղ տնտեսապես անկախ են, եւ, տնտեսապես անկախ լինելով, ունեն սեփական կարծիք։ Դա արժեքավոր շերտ է, սակայն մեծ շերտ չէ, որ կարողանար ստեղծել լիարժեք քաղաքական կազմակերպություն եւ վերցներ իշխանությունը։ Ուսանողությունը հեղափոխական է, սակայն նրա կարգավիճակը ժամանակավոր է։ Այս տեսանկյունից դժվար է առանձնացնել որեւէ սոցիալական խմբի, որը կկարողանար ունենալ իր քաղաքական գիծը, ինչի պատճառով էլ քաղաքական դաշտում լինելու են անկայունություններ։ Այդ իսկ պատճառով էլ դեռ գործելու է հեղափոխական էներգիան, եւ ապագա իշխանության ձեւավորումը չի կայանալու սոցիալական բազայի վրա։ Բայց դրանից հետո նորից խնդիր է առաջանալու՝ իշխանությունը սոցիալական ո՞ր շերտի վրա է հիմնվելու։ Նախորդ ժամանակաշրջանում ձեւավորվեց օլիգարխիա, արդյո՞ք դրա հիմքերը վերացել են, թե՞ ոչ։ Առաջին խնդիրն այն է, որ օլիգարխները վախ չունենան, վստահ լինեն, որ իրենք իրենց սեփականության տերը կարող են լինել։ Քանի դեռ այդ խնդիրները լուծված չեն, քանի դեռ իշխանությունը սեփականության իրավունքի երաշխիք կլինի, ապա գործարարները ձգտելու են ինչ-որ ձեւով, թեկուզ միջնորդավորված, ներկայացված լինել իշխանության մեջ։ Եվ քանի դեռ պետությունը չի ապահովել վարձու աշխատողների արժանապատվությունը, քանի դեռ խախտվում են նրանց իրավունքները, ապա այդ շերտը չի կարող նույնպես ազատ լինել եւ նորմալ քվեարկել։ Դա, ի դեպ, վերաբերում է նաեւ պետական համակարգի աշխատողներին։

-Եթե ԱԺ արտահերթ ընտրություններն անցնեն ազատ եւ արդար, ներկա քաղաքական համակարգի պայմաններում որքանո՞վ կհաջողվի ձեւավորել բազմակուսակցական եւ բազմակարծություն երաշխավորող խորհրդարան։

-Այս իրավիճակը ինչ-ինչ առումով նման է 1990-91թթ․ իրավիճակին, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, եւ չկային քաղաքական ձեւավորված ուժեր։ Միակ կազմակերպված ուժը «Հայոց համազգային շարժում» կուսակցությունն էր, որը, սակայն, կայացած չէր։ Այդ իսկ պատճառով էլ, երբ նա եկավ իշխանության, շատ արագ ձախողվեց։ ՀՀՇ-ի մեջ թեեւ ընդգրկված էին ինտելեկտուալ եւ ազնիվ մարդիկ, բայց նույնիսկ նրանք չկարողացան հասնել հաջողության։ Այսօր էլ, երբ նախկին իշխող ուժը հեռացել է ասպարեզից, չկան ձեւավորված քաղաքական կազմակերպություններ։ Եվ դրանց ձեւավորումը գերխնդիր է։ Երբ մենք այսօր խոսում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին, հասարակության մեծ մասն առաջին հերթին այն ընկալում է որպես Նիկոլ Փաշինյան։ Սա լրջագույն խնդիր է։ Այսօր պետք է ձեւավորվի հստակ գաղափարախոսություն ունեցող ուժ, հասարակությանը ճանաչելի լինի, հասարակությանը ներկայացնի իր գաղափարները եւ ցույց տա նաեւ, թե ինչպես, ում միջոցով է ուզում այդ գաղափարները կյանքի կոչել։ Կհասցնի՞ առաջիկա մեկ տարվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիրը» դառնալ կուսակցություն՝ հրաշք կլինի։ Կա՞ն ուրիշ կազմակերպված քաղաքական ուժեր։ Համենայնդեպս՝ այս իրավիճակում մրցունակ այդպիսի կուսակցություններ չկան։ Եվ այս առումով մենք նորից ելակետային վիճակում ենք։ Այն, որ հասարակությունը մերժեց նախորդ քսան տարին, միանշանակ է, որովհետեւ այդպես շարունակել հնարավոր չէր։ Բայց այսօր մենք կանգնած ենք նույն փաստի առաջ՝ ի՞նչ ճանապարհով պետք է գնանք, ինչպիսի՞ պետություն պետք է կառուցենք։ Ես հետեւում եմ մամուլին, եւ այս տեսակետից համամիտ եմ Վահե Հովհաննիսյանի, Արծրուն Պեպանյանի, Ստեփան Դանիելյանի հարցադրումներին։ Ցավոք, դեռեւս չկա ինստիտուցիոնալ մարմին, որ հասարակությանը ներքաշեն գաղափարական բանավեճերի մեջ, որովհետեւ առանց տեսնելու ճանապարհը հնարավոր չէ հասնել հաջողության։

-Ներկա կառավարության առաքելությունը, սակայն, «ավգյան ախոռները» մաքրելն է․․․

-Իրոք, իրականությունը շատ ավելի տխուր է եղել, քան մարդիկ պատկերացրել են։ Բայց հասարակության էներգիան նույնպես ռեսուրս է եւ սահմանափակ։ Երբ այն ուղղորդում ես անցյալին, ապա ապագայի համար այն չի հերիքի։ Որտե՞ղ գտնել այն ռացիոնալ միջինը։ Իհարկե, պետք է մաքրել «ավգյան ախոռները», բայց նաեւ պետք է առաջ նայել եւ էներգիան ուղղորդել կառուցողական դաշտ։ Ո՞ր գաղափարները կհամախմբեն հասարակությանը։ Իսկ ցանկացած կառավարություն, առանց հասարակության համախմբման, չի կարող հասնել հաջողության։ Այսօր ես չեմ տեսնում այնպիսի գաղափար, որը կհամախմբի ամբողջ հասարակությանը։ Մենք՝ հայերս, վերջին երեսուն տարում, անընդհատ իրար բացասել ենք։ Կոմունիստները բացասել են դաշնակներին, դաշնակները բացասել են կոմունիստներին։ Այդ թվում մենք բացասում ենք նաեւ մեր ողջ ու մահացած հերոսներին։ Եվ հասարակությունն այսօր շփոթված է նաեւ այս առումով։ Նա չունի այդ գենոծննդաբանական կերպարները, որովհետեւ համատարած բացասման բացասում է տեղի ունենում։

-Իսկ, ըստ Ձեզ, մեզ այս փուլում ինչպիսի՞ կառավարություն է պետք։

-Մինչեւ կառավարության ձեւավորումը պետք է լինի գաղափարախոսության ձեւավորում։ Միայն այդ դեպքում տեսանելի կլինի կառավարության գործունեության ընթացքը։ Եթե որեւէ կառավարություն հենված չէ գաղափարախոսության վրա, ապա նա դառնում է իրավիճակային կառավարություն։ Իրավիճակային կառավարությունը լուծում է տվյալ իրավիճակի խնդիրները, եւ որպես կանոն, իրենք զերծ չեն մնում գայթակղությունից՝ հայտնվելու նպատակահարմարության դաշտում։ Այսինքն՝ իրենք գործում են նպատակահարմարության սկզբունքով՝ վերարտադրվելու համար։ Սա մենք արդեն տեսել ենք։ Հետեւաբար՝ առաջիկայում պետք է ձեւավորել այնպիսի կառավարություն, որը հենված լինի գաղափարախոսական հայտի վրա։ Անկասկած է, որ շարժման հերոսը՝ Նիկոլ Փաշինյանը, հասարակության մեծամասնության աջակցությունն է վայելում, բայց եթե չլինի գաղափարախոսություն, ապա հիասթափությունը կլինի շատ արագ։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X