Հրազդանի քաղաքային զբոսայգին այլևս հրազդանցունն է. Կոտայքի մարզպետ

Օրեր առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ Հրազդանի «Եղևնիների պուրակը» շուտով կվերադարձվի հրազդանցուն: Ի դեպ, նշենք, որ Հրազդանի քաղաքային զբոսայգին՝ «Եղևնիների պուրակը», տարիներ շարունակ ոչ միայն անտեսվել էր նախկին քաղաքային իշխանությունների օրոք, այլև ըստ լուրերի՝ զբոսայգու որոշակի հատված հյուրանոցի հետ միասին վաճառվել էր:

Կոտայքի մարզպետը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեին՝ պարզելու՝ ով է զբոսայգու վաճառված հատվածի սեփականատերը: Պաշտոնական պատասխանն ստանալու պես մարզպետը այն հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում.

«ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից տացված գրության համաձայն Հրազդանի նախկին քաղաքային զբոսայգու (հայտնի է որպես «Եղևնիների պուրակ») նկատմամբ իրավունքի որևէ պետական գրանցում կատարված չԷ»։ «Ըստ այդմ, այն հանդիսանում է համայնքային սեփականություն և վերադարձվում է Հրազդանի Քաղաքացուն, որպես քաղաքային զբոսայգի։ Հրազդան համայնքի ղեկավարի ժ/պ֊ի հետ աշխատանքային կարգով կքննարկվի զբոսայգում համաքաղաքային շաբաթօրյակ անցկացնելու և հարդարելու կարգն ու ժամկետները, որից հետո այն իր դռները կբացի հրազդանցիների առջև,-գրում է Ռոմանոս Պետրոսյանը։ Հրազդանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Մայիս Պողսայանն էլ զբոսայգու հետ կապված ասաց. «Խոսակցություն կար, որ նախկինում վարձակալությամբ հանձնված էր, բայց այդ ամենը, ոչ թե գրավոր է արվել, այլ բանավոր: Մենք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի հետ համաձայնության կգանք, մշակենք սխեմա, շաբաթօրյակի օր կորոշվի, զբոսայգին կմաքրենք եւ կհանձնենք քաղաքացիներին, որպեսզի վայելեն»:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X