Հայկ Մարությանը հանդիպումների մեջ է, ՔՊ-ն էլ լուրջ նախապատրաստվում է ընտրություններին

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող դերասան Հայկ Մարությանն այսօր օրերին հանդիպումներ է ունեցել ՔՊ-ի տարածքային կառույցների ակտիվի հետ․ դրանք ընթանում են հավաքագրելու այն խնդիրները, որոնք գործում են համայնքներում, միեւնույն ժամանակ աշխատում են թիմի ծրագրի վրա։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ի մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը։

-Այս քարոզարշավին ի՞նչ PR նոր տեխնոլոգիաներ են կիրառվելու։

-Ինձ թվում է՝ հանրությունը սովոր է, որ ամեն անգամ «Քաղաքացիական պայմանագիրը» որեւէ նորույթով հանդես է գալիս, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում թե՛ քարոզարշավը, թե՛ մատչելի է դարձնում հաղորդագրությունները քաղաքացուն հասցնելու մեխանիզմը։

-Քարոզարշավին միայն ՔՊ-ն է մասնակցելո՞ւ, թե՞ հասարակական կառույցներ եւս միանալու են։

-Մենք որդեգրել ենք քաղաքականություն, որ հանդես ենք գալու հեղափոխությունն իրականացրած ուժի անունից, ինչը ենթադրում է, որ մեր ցուցակում կլինեն ոչ միայն ՔՊ-անդամներ, այլ նաեւ հանրային ճանաչում ունեցող դեմքեր, ովքեր պրոֆեսիոնալ են եւ մեծ օգուտ կարող են տալ Երեւանի կառավարմանը, մեծ մասնակցություն են ունեցել հեղափոխության գործընթացում։

-Առաջադրումը ե՞րբ եք ներկայացնելու ԿԸՀ։

-Կարծում եմ կհասցնենք, վերջին կամ նախավերջին օրը։

-Քաղաքական ուժեր կան, որ քարոզչությունը տեղափոխել են վիրտուալ հարթակ, հիմնականում «լայվերի» միջոցով են անում։ Դուք եւս օգտվելո՞ւ եք այդ ֆորմատից։

-Ինձ թվում է սոցիալական մեդիան իր տեղն ունի, բայց քաղաքացիների հետ հանդիպումները պարտադիր են, որպեսզի շատ ավելի անմիջական շփում լինի։

-12 օրը քիչ չէ՞ քարոզարշավի համար, կտեղավորվե՞ք այդ ժամանակահատվածում։

-Վստահ եմ, որ կտեղավորվենք, որովհետեւ շատ լուրջ նախապատրաստական պրոցեսի մեջ ենք գտնվում։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X