Մահացած Արարատ Նիկողոսյանը հաշվառված է եղել «Ավանի» հոգեկան առողջության կենտրոնում

Երեկ երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցում մահացել է լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ մեղադրվողներից Արարատ Նիկողոսյանը։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց նրա շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալը առողջական լուրջ խնդիրներ չի ունեցել։

«Այնպիսի հիվանդություններ, որը կբերեր մահվան, չուներ, բայց որոշակի խնդիրներ կային մոտը։ Դեռ պարզ չի՝ ինչից է մահացել։ Ճիշտն ասաց չեմ կարողացել ծնողի հետ խոսել, քրեակատարողական հիմնարկն էլ դեռ չունի այդ ինֆորմացիան։ Շտապ օգնություն են կանչել, չի հասցրել, մահացել է։ Իրականում իմ մոտ էլ է զրո ինֆորմացիա»։

Պաշտպանի խոսքով՝ Նիկողոսյանը հաշվառված է եղել «Ավանի» հոգեկան առողջության կենտրոնում։

Հիշեցնենք, որ Արարատ Նիկողոսյանը 2 տարի կալանքի տակ էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:

Մեկնաբանություն
X