Եթե իրականությանը համապատասխանի, բավական ծանր հետևանք կունենա. փոխմարզպետը՝ Մարալիկի քաղաքապետի մասին

Երեկվանից Մարալիկում կրքերը չեն հանդարտվում: Մի խումբ բնակիչներ քաղաքապետարանի շենքի առաջ բողոքի են դուրս եկել՝ պահանջելով քաղաքապետ ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանի հրաժարականը: Այսօր առավոտյան գործողություններին միջամտել է ոստիկանությունը, քանի որ երկկողմանի բախումն անխուսափելի է եղել: Բողոքող բնակիչների դեմ են դուրս եկել քաղաքապետի թիմակիցները:

Երբ փորձեցինք պարզաբանում ստանալ քաղաքապետարանից, թե ինչ է կատարվում, քարտուղարությունից քիչ հուզված պատասխանեցին. «Մի քիչ ավելի ուշ հա, կպատասխանենք ձեր հարցերին»: Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանն էլ hraparak.am-ի հետ զրույցում ասաց. «Այս պահին Տարածքային կառավարման նախարարության կողմից քայլեր են ձեռնարկվում, համապատասխանաբար արդեն տեղեկացրել ենք: Ես ինքս անընդհատ բնակիչների հետ կապի մեջ եմ եւ հորդորում եմ, որ բախումներ չլինեն: Եթե անգամ իրենք իրենց օրինական պահանջն են ներկայացնում, ապա գոնե չպետք է տրվեն որևէ սադրանքների: Այս պահին կարծես հաջողվում է, բախումային իրավիճակ չկա, ոստիկանները վերահսկում են: Հիմա մարդիկ հավաքված են: Այսօր լարվածությունն առավել մեծ էր, որովհետև երկու կողմն էր դուրս եկել՝ և՛ քաղաքապետի յուրայինները, և՛ բողոքող բնակիչները: Մի պահ եկել էր արդեն բավականին սրված իրավիճակ, բայց կարողացանք հարթեցնել, որպեսզի արհեստական բախումներ չլինեն: Հետագայում արդեն չեմ կարող ասել՝ ինչպես կլինի, ընթացքը ցույց կտա»,-ասաց փոխմարզպետը՝ նշելով, որ այս պահին փորձում է պարզել, թե ինչ ճանապարհով է քաղաքապետը դուրս բերել իր համախոհներին:

«Ես լսեցի, որ դպրոցների անձնակազմն է տարվել այնտեղ, իսկ դա խիստ նկատողության կարժանանա, քանի որ իրավունք չունեն որևէ տեղական ինքնակառավարման կառույցի, առավել ևս կրթօջախի ներգրավել դրանում, եւ դա բավական ծանր հետևանք կունենա, եթե իրականությանը համապատասխանի»:

Նշենք, որ Արտակ Գևորգյան սկզբում Մարալիկ համայնքի, այնուհետև խոշորացված Անի համայնքի ղեկավարն է, վերջին ընտրություններին նրա հաղթանակը կապվեց Հանրապետական, ԱԺ նախկին խոսնակ Սամվել Նիկոյանի անվան հետ: Արտակ Գևորգյանն ու Սամվել Նիկոյանը քավոր -սանիկ են:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X