Ավտոմեքենաների տեխզննմամբ զբաղվող ընկերությունների կողմից, որպես փոխհատուցում վճարվել է 186 մլն. դրամ

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվում է 26 քրեական գործ, որոնցով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում առերևույթ թույլ են տրվել չարաշահումներ։

Մասնավորապես՝ տեխնիկական զննության համար քաղաքացիների կողմից պետական բյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները՝ 3.500-10.500-ական ՀՀ դրամ, հափշտակելու դիտավորությամբ ընկերությունների տնօրինությունը, առանց տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում անցկացնելու, մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը կեղծելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։

Առերևույթ չարաշահումների վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել 26 տարբեր ընկերությունների իրավասու անձանց գործողություններում, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ իրականացվող քննությանը զուգահեռ միջոցներ են ձեռնարկվում՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Օգոստոսի 23-ի դրությամբ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից՝ որպես պատճառված վնասի մասնակի փոխհատուցում, վճարվել է 186.048.600 մլն. ՀՀ դրամ։

Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություն
X