Ծաղկաձորի քաղաքապետի «հու»-ն ամենաուժեղն էր

Երեկ Ծաղկաձորում տեղի ունեցավ «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, Սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված էր 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Օգոստոսի 10-ից մեկնարկած ծրագրին մասնակցել է սփյուռքի շուրջ 400 պատանի և երիտասարդ` աշխարհի 25 պետությունից, տեղեկացնում է Սփյուռքի նախարարությունը: Նախքան հիմնական ծրագրին անցնելը, վարչապետի, սփյուռքի նախարարի ու մյուսների մասնակցությամբ հնչեցին հեղափոխության օրերից հայտնի թմբուկով ծափերը:

Այս փոքրիկ դրվագը, սակայն, հետաքրքիր քննարկման առիթ է դարձել: Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, միջոցառման ընթացքում վարչապետի, նախարարի եւ մարզպետի կողքին, առաջին շարքերում կանգնած, ծափահարում էր եւ «հու» արտաբերում: Ծաղկաձորցիները նկատել են՝ իրենց քաղաքապետի «հու»-ն կարծես պարտադրված էր: Բարձրաստիճան պաշտոնյաների կողքին նա միակն էր, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ չէր, ավելին՝ քաղաքապետ է ընտրվել Հանրապետական կուսակցության առաջադրմամբ: Ծաղկաձորցիները կատակում են՝ քաղաքական ենթատեքստներ փնտրելով. «Մեր քաղաքապետի «հու»-ն ամենաուժեղն էր»:

Խոսակցությունների համաձայն՝ Արթուր Հարությունյանի վիճակը նախանձելի չէ, քաղաքապետը դժվարին կացության մեջ է՝ անցած քաղաքական ուղին եւ ներկա իրավիճակը աշխատանքը բարդացրել են: Չէ՞ որ, երկու անգամ քաղաքապետ է ընտրվել՝ ՀՀԿ ցուցակով: Մեզ մոտ նույնպես ցանկություն առաջացավ զրուցել Ծաղկաձորի քաղաքապետի հետ. ճշտելու ՝ տրամադրությունն ինչպե՞ս է:

«Շատ լավ ա անցել միջոցառումը, իսկ մնացած հարցերով կարող եք դիմել Սփյուռքի նախարարությանը, որովհետև իրենք էին կազմակերպել: Միջոցառումը շատ երկար տևեց, ավարտվեց ուշ երեկոյան»,- նշեց քաղաքապետը՝ ասելով, որ չի կարող ասել, թե ինչու է հատկապես Ծաղկաձորը ընտրվել «Քայլ դեպի տուն»ծրագրի վերջին հանգրվան: «Միգուցե երեխաների ցանկությունն է եղել, նախարարությունն է որոշել, չեմ կարող ասել»:

Մեր հաջորդ հարցին՝ կուսակցակա՞ն է, թե՞ ոչ, քաղաքապետը կարճ պատասխան տվեց՝ հավանաբար խուսափելով հաջորդող հարցերից. «Ո՛չ, կներեք, մոտս մարդ կա»:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X