Չքացում

Մի ճիչ

Արի՛, նստիր այստեղ,

Բացի’ր փոքրիկ հոգիդ,

Խաղա սրտիս հետ նեղ,

Փշրիր անզուսպ ու բիրտ:

Վաղն իսկ չքվի՛ր անհետ,

Փոքրիկ հոգիդ էլ տար,

Մնամ նեղ սրտիս հետ,

Մենակ, խելառ, շիվար...

Ու չհիշես իզուր,

Որ օրերում իմ խեղճ,

Դու եկել ես ինձ հյուր,

Պարում ենք մենք ու վերջ:

Չեմ հիշելու ես էլ,

Որ իմ հյուրն ես եղել,

Քեզ սիգար եմ տվել,

Դու ինձ սուրճ ես բերել:

Արի պարենք մի քիչ,

Հետո կանցնես գործի,

Դու հինգ քառյակ մի ճիչ

Խելառ բանաստեղծի...

Ճգնաժամ

Չենք օգնում իրար երջանիկ լինել,

Մենակ մնալն էլ մեզ չի վախեցնում,

Մենք հին ենք արդեն, մեզ պետք է փոխել,

Նորերն են գալիս՝ սերը սրտերում:

Էլ չենք նեղանում մենք մեկս մյուսից,

Չենք ձգտում փոխել այլեւս իրար,

Ազատ սխալվիր, ես թույլ եմ տալիս,

Լռեցրու երգն այս անսեր, միալար:

Գրողը տանի, մեզ էլ չի հուզում

Իրավիճակից դուրս գալու ելքը,

Արա ինչ կուզես, ես սուրճ եմ ուզում,

Դու իմաստուն ես, չթողնես ձեռքս...

Շղթա

Հանկարծ կտրեցիր օրերիս շղթան,

Օրերս հերթով թափվեցին վերից,

Մութ ու հնաբույր միջանցքում ահա

Ես հավաքում եմ օրերս նորից:

Եվ աղոթելով օրերիս համար,

Սարսափ-թելեր եմ մանում ես նորից,

Օրերս դարձյալ շղթա են դառնում,

Օրերս էլի կապկպում են ինձ:

Անցնում է սարսափն օրերիս միջով,

Կապում սարսափը օրերս միմյանց,

Ու հենց այսօրվա ներման աղոթքով

Թաքուն փակում եմ աչքերս հոգնած:

Աղոթքս զգույշ դառնում է երազ,

Վերից ընկնելով չեմ կորցնում ես ինձ,

Հրաշք մի գունեղ, հրաշքում ես պարզ,

Ու չի վերջանում երբեք եւ ոչինչ:

Ճամպրուկաբույրն ինձ հանում է քնից,

Նորից ընկնում եմ օրերի ցանցը,

Արի ազատենք մենք մեզ իրարից,

Վառենք ճամպրուկն այս՝ անցած-կորածը:

Թմբիր

Դու բիրտ, անսանձ մի մոլագար,

Քեզ մոտ՝ ես սուրբ, անմեղ, անչար,

Գովերգեցի համեստներին ես նենգաբար,

Չնեղացար, չհեռացար, ով կատարյալ...

Ու հրդեհված մարդը մարդով,

Մենք մարեցինք լույսերը կեղծ,

Ես՝ անվստահ, դու՝ անվրդով,

Մանանեխի հատիկ իմ մեծ:

Թե քեզ դատեն ամեն տեսակ

Մարդուկները տգեղ, անճար,

Հիշիր մի տեղ՝ սրտում իմ տաք,

Դու անմեղ ես, դու՝ մարդ-տաճար:

Մինչ արթնանանք այս թմբիրից,

Քեզ չի դիպչի ոչ մի կսկիծ,

Դու ինձ հետ ես՝ շղթայակից,

Զենքերդ դիր, բաժակը լից:

Դեպի կատարելություն

Քո բառերը կախարդանք են՝

Սրտակեղեք,

Հրավտանգ...

Քո ձեռքերը վճռական են՝

Անհնազանդ,

Բանտ ու կրակ...

Դու ժպտում ես, որ ես վառվեմ՝

Լինեմ դահիճ,

Դառնամ մտրակ...

Դու գնում ես, որ ես ապրեմ՝

Հաղթանակած,

Թեկուզ մենակ:

Լռությունդ անկատար է՝

Անմարդկային,

Ու կռվարար:

Մենությունը կատարյալ է՝

Խաղաղասեր,

Խաղաղարար…

Սիրան Գրիգորյան- բանաստեղծ, լրագրող

Հրապարակ մշակութային հավելված

Մեկնաբանություն
X