Գեղանկարչությունը՝ որպես անտեսված ոլորտ. ինչո՞ւ պետությունը ձեռք չի բերում արվեստի գործեր

Գաղտնիք չէ, որ մշակույթի ոլորտի մասնագետների, արվեստագետների աշխատավարձն ամենացածրերից է Հայաստանում։ Այս իմաստով արվեստագետները, կարելի է ասել, սոցիալապես խոցելի իրավիճակում են հայտնվել՝ հաստատելով այն կարծրատիպը, թե արվեստագետները «հարուստ չեն լինում»։

Իսկ եթե հաշվի առնենք, որ վերջին մի քանի տարվա ընթացքում գեղանկարչությունը գոնե մշակույթի նախարարության կողմից գերակա ուղղություններից չի հայտարարվել, ապա կարելի է մոտավոր պատկերացում կազմել, օրինակ, գեղանկարիչների ճնշող մեծամասնության սոցիալական դրության մասին։

Խորհրդային տարիներին պետությունը որոշակիորեն աջակցել է գեղանկարիչներին՝ նրանցից արվեստի գործեր ձեռք բերելով կամ պետական պատվեր տալով։ Հետխորհրդային շրջանում արվեստն ազատականացվեց՝ միաժամանակ գեղանկարիչներին զրկելով առավելություններից, որ տալիս էր պետությունը։ Անկախության շրջանում նկարիչներին տրվող առավելությունը հասել է իր նվազագույն շեմին, իսկ պետական պատվերների կամ արվեստի գործերի ձեռքբերման մասին թերեւս կարելի է նույնիսկ չմտածել, մինչդեռ չմոռանանք, որ այսօր մեր երկրի թանգարանների ֆոնդերը հարստացել են հենց պետության կողմից արվեստի գործերի ձեռքբերման շնորհիվ։

Ինչպես հայտնում են ՀՀ ՄՆ-ից, 2015, 2016, 2017 թթ. ՀՀ մշակույթի նախարարությունը ձեռք է բերել նկարներ միայն երեք նկարչից.

2015 թ.՝ նկարիչ Վահրամ Հարությունյան, «Հավերժության երաժշտություն» գեղանկարի ձեռքբերում - 450 հազ. դրամ

2016 թ.՝ նկարիչ Ֆերդինանդ Մանուկյան, «Հանգիստը հովհարով» գրաֆիկական աշխատանքի ձեռքբերում - 1 մլն 440 հազ. դրամ

2017 թ.՝ նկարիչ Փարավոն Միրզոյան, «Ամառային նատյուրմորտ» կտավի ձեռքբերում - 1 մլն 500 հազ. դրամ:

2018 թ.-ին որեւէ մեկից նկար չի գնվել ՄՆ-ի կողմից։

Մեր հարցմանը, թե 3 տարվա կտրվածքով քանի պետական պատվեր է եղել պետության կողմից, ՄՆ-ն՝ որպես հետգրություն, նաեւ հետեւյալն է պատասխանել.«Խորհրդային տարիներին արվեստը գտնվում էր բացառապես պետական կառույցների վերահսկողության տակ, այսինքն՝ գեղարվեստական գործերի ինչպես իրացումը, այնպես էլ կատարումը տեղի էր ունենում, ճնշող մեծամասնությամբ, պետական պատվերների միջոցով»: Պատասխանում նաեւ նշվում է, որ անկախության հաստատումից հետո ազատականացվել է նաեւ արվեստների ոլորտը՝ մասնավորապես գեղարվեստական գործերի իրացման առումով: Ուստի «պետական պատվեր» հասկացությունը սահմանափակվում է միայն արվեստի գործերի ձեռքբերման շրջանակներում։ «Մնացյալ դեպքերում այդ գործառույթները ֆինանսավորվում են տարբեր բյուջետային ծրագրերի միջոցով: Մշակույթի նախարարությունը ձեռք է բերում գեղարվեստական գործեր՝ համաձայն մասնագիտական հանձնաժողովի որոշման»,- հայտնում են ՄՆ-ից:

Ի՞նչ են կարծում գեղանկարիչները

Ավագ սերնդի 8 գեղանկարիչներ, ովքեր ստեղծագործել են նաեւ խորհրդային տարիներին, մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ իրենք դրական են վերաբերվում պետության կողմից արվեստի գործերի ձեռքբերմանը՝ նշելով նաեւ, որ խորհրդային տարիներին նույնպես հնարավոր է եղել պահպանել ստեղծագործական անկախությունը։ Խորհրդային տարիներին նրանցից բոլորից ձեռք են բերել կտավներ։

Երիտասարդ սերնդի 8 նկարիչների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզ է դարձել, որ նրանցից 6-ը դրական է վերաբերվում պետական պատվերին կամ պետության կողմից արվեստի գործերի ձեռքբերմանը։ Հարցվածներից 2-ը չէին ցանկանա աշխատել, քանի որ արդեն իսկ կայանում են։ Պետական որեւէ մարմին նրանցից երբեւէ կտավ ձեռք չի բերել։ Այդուհանդերձ, բոլոր հարցված 16 նկարիչները համարում են, որ արվեստի գործերի ձեռքբերումը պետության կողմից գեղանկարիչներին աջակցելու ձեւերից մեկն է։

Գեղանկարիչ Ավետիս Խաչատրյանը, օրինակ, ընդամենը մի բան է ուզում այսօրվա իշխանություններից. «Ստեղծեք բարոյական այնպիսի պայմաններ, որ ես ապրեմ իմ երկրում»: Միաժամանակ, նա համարում է, որ պետության կողմից արվեստի գործերի ձեռքբերումը կարող է օգնել նկարչին՝ լուծելու որոշ խնդիրներ։ Նրա խոսքերով, նկարիչներին կարելի է նաեւ աջակցել այլ կերպ՝ հաշվի առնելով մեր երկրի տնտեսական իրավիճակը. կազմակերպել պետական մակարդակի ցուցադրություններ արտասահմանում։ Տանել հայ նկարիչների աշխատանքները տարբեր երկրներ, ցուցադրել այնտեղ, վաճառել՝ այլ երկրների հետ մշակութային համագործակցության համատեքստում։

Գեղանկարիչ Սերգեյ Իսավերդյանն էլ կարծում է, որ պետությունը կարող է այստեղ էլ աջակցել նկարիչներին՝ կազմակերպել արվեստի ձեռքբերման ցուցահանդես-վաճառքներ, գնել աշխատանքներ տարբեր գերատեսչությունների համար։ Ի դեպ, վերջինը գրեթե նույն մոդելն է, ինչ եղել է խորհրդային տարիներին։ Նկարիչները ներկայացրել են իրենց էսքիզները, հանձնաժողովն ընտրել է, եղել են ցուցահանդեսներ, որոնց ժամանակ պետությունը ձեռք է բերել աշխատանքներ տարբեր գերատեսչությունների, թանգարանների համար։

Ինչպե՞ս է եղել խորհրդային տարիներին

Խորհրդային տարիներին ստեղծագործած մեր զրուցակիցներից գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն էլ հիշում է. «Սովետի տարիներին ցուցահանդեսների ժամանակ միայն լավագույն գործերն էին ներկայացվում, դրանք լինում էին լուրջ, պրոֆեսիոնալ ժյուրիով, կատարվում էր արվեստի գործերի գնում պետության կողմից։ Մենք հիմա որ հպարտանում ենք՝ լավ պատկերասրահ, լավ ֆոնդեր ունենք, դա այն ժամանակվա գնումների արդյունքում էր: Այն ժամանակ պետական պատվերն այսպես էր. օրինակ՝ Մոսկվայից գալիս էին պայմանագիր էին կապում հետդ, եւ այդ պայմանագրով դու կոնկրետ նկար էիր անում կոնկրետ թեմատիկայով այդ ցուցահանդեսի համար։ Վերջին 30 տարում նախարարությունը կամ որեւէ այլ պետական օղակ իմ գործերից, օրինակ, որեւէ մեկը չի գնել»։ Նա հիշում է՝ երիտասարդ, սկսնակ նկարիչների գործերն ավելի մատչելի են գնահատվել, իսկ, օրինակ, Սարյանի գործերը պետությունը ձեռք էր բերում շատ ավելի բարձր գնով։

Հաղթանակ Շահումյանի խոսքերով, 92թ.-ից հետո նկարիչը մեր երկրում կա՛մ գործազուրկ է, կա՛մ պորտաբույծ, նրա աշխատանքը չի գնահատվում պետության կողմից գոնե թոշակ ստանալով, ինչը կար խորհրդային տարիներին։

«Այսօր տարեկան 2-3 խոշոր ցուցահանդեսներ են լինում՝ նվիրված պետական հոբելյաններին։ Կարող էին, չէ՞, ոչ թե ամբողջ ցուցահանդեսը գնել, այլ գոնե մրցանակներ սահմանել ու դրանով խրախուսել նկարիչներին, որպեսզի նրանք պահպանեին իրենց նկարչական որակը ցուցասրահներում։ Այսօր մեր ցուցահանդեսները ահավոր անորակ են եւ ոչ մի կապ չունեն 70-80-90-ականների մեր ցուցահանդեսների հետ»,-նշում է Հ. Շահումյանը։

Գեղանկարչության ազատականացո՞ւմ, թե՞ անտեսում

Որքան էլ արվեստի ազատականացմամբ արդարացվի արվեստի գործերի ձեռքբերման կամ պետական պատվերի բացակայությունը մշակութային քաղաքականություն որոշող մարմնի՝ մշակույթի նախարարության կողմից, այդուհանդերձ, հիշենք, որ գուցե համաշխարհային պատմության մեջ չլինեին այնպիսի գործեր, որ այսօր թողել են Վելասկեսը, Գոյան, Ռուբենսը, Ռաֆայելը, Միքելանջելոն եւ այլք, եթե չլինեին պատվերներ թագավորական ընտանիքների կամ, այսպես ասած՝ այն ժամանակների իշխանությունների կողմից։

Մարիամ Մուղդուսյան - գեղանկարիչ, լրագրող

Հրապարակ մշակութային հավելված

Մեկնաբանություն
X