Պոեզիան՝ իբրև հոգեվերլուծության փորձ

Վիկտոր Սամոխվալովի եւ Վլադիմիր Կուզնեցովի խմբագրությամբ լույս տեսած «Հոգեբուժություն եւ արվեստ» գիրքն ուսումնասիրում է արվեստի գործը՝ որպես հոգեբուժության համար հետաքրքրական ֆենոմեն: Եթե ընդհանրացված՝ ապա ցանկացած ֆենոմեն ստեղագործողի պրիզմայի միջով անցնելիս ավելի մեծ մասշտաբներով արտացոլվում է արվեստի գործի մեջ՝ ի համեմատ ընդհանուր հոգեկան գործունեության մեջ գրաված մասշտաբի, ինչի հետեւանքով ցանկացած արվեստի գործ հոգեվերլուծության տեսանկյունից առանձնահատուկ կարեւորություն է ձեռք բերում: Միեւնույն ժամանակ բանաստեղծը, ով իր համար առաջնահերթություն է հայտարարում անձնական փորձառությունը, կարծես ակամայից ինքն իրեն թիրախավորում է հոգեվերլուծության առաջ: «Թիրախավորում» եմ ասում, որովհետեւ դժվար թե որեւէ բանաստեղծ համաձայնի, որ գրում է բացառապես իր հոգեթերապեւտի համար, բայց եթե փոխենք վեկտորի ուղղությունը, այսինքն՝ գրում է, որովհետեւ ինքն իր վրա զգում է դրա թերապեւտիկ ազդեցությունը կամ ինքն է իր խոստովանահայրը, կամ ինչպես կուզեք անվանեք… արդեն ընդունելի է ստացվում:

Սարտրը Միշել Լերիսի «Մարդու տարիքը» գրքի «Գրականությունը՝ որպես ցլամարտ» նախաբանում գրում է. «…այն, ինչ տեղի էր ունենում գրելու պրոցեսի մեջ, արժեքը չի՞ կորցնում արդյոք, եթե մնում է միայն «գեղագիտական», անմեղ, զուրկ բոլոր սահմանափակումներից, եթե ստեղծագործություն գրելու մեջ չկա ոչինչ, որ ունենա նույն նշանակությունը, ինչ ցլամարտիկի համար ցլի սուր եղջյուրը, որն իր մեջ եղած նյութական սպառնալիքով մարդկային իրականություն է հաղորդում արվեստին…»: Այս տողերին բախվելիս չափազանց հեռուն կարելի է գնալ ու հասնել այն մտային սեւեռմանը, որ անձնականությունը կարեւորող բանաստեղծից ակնկալվում է միայն չոր վավերագրություն կամ անկեղծություն: Սակայն ես կուզեի նման գրողի խիզախումը համարել ոչ թե անկեղծությունը, այլ առերեսումը, թե ինչին է իրականում վերջինս միտված:

Հիմա՝ մի քանի համառոտ ուղեցույց բանաստեղծական տեքստի մեջ հոգեվերլուծական ներխուժումների համար, որոնց հենց ինքը՝ հեղինակը, կարող է վերապահումներով մոտենալ, բայց, միեւնույն է, դրանք այնքան իրատեսական են, որ անգամ պրակտիկ կիրառում կարող են ունենալ վերջինիս կողմից:

Ներխուժում առաջին. ընտրություն

Ինչո՞ւ է միտքը սեւեռվում որեւէ կոնկրետ փորձառության վրա, ընդհուպ այն աստիճան, որ եթե բանաստեղծին հարցնեն, կասի՝ այդ փորձառությունն է միակ գերակա ֆենոմենը, որի մասին կուզեր խոսել: Սակայն, կարծում եմ, իրերի ընթացքը բոլորովին այլ է: Հիմա կարող եմ բազմաթիվ օրինակներ վերհիշել, երբ բանաստեղծորեն վերարտադրվող փորձառության գիտակցական ընտրությունը բանաստեղծական տեքստի ձախողման պատճառ է դարձել ինձ համար: Իհարկե, մյուս կողմից հույսը կարելի է դնել գրելու տեխնիկայի վրա, սակայն արդյոք այս պարագայում չի՞ կորչի ստեղծագործելու պրոցեսի շուրջ սեփական ուժերով ստեղծված միֆականությունը (սա, հաստատ, միակ կամայական ընտրությունը չէ, որը կատարում է բանաստեղծը): Ուրեմն, եթե փորձառության ընտրության հատվածը թողնվել է ինքնահոսի, ստացվում է, որ ոչ թե բանաստեղծն է ընտրում փորձառությանը, այլ փորձառությունն է ընտրում բանաստեղծին, այլ կերպ՝ սա ենթագիտակցական ընտրություն է: Հենց այս կետում է, որ պոեզիան բախվում է հոգեվերլուծությանը: Չգիտեմ, օրինակ, գրականագետին կհետաքրքրե՞ր նման դիտանկյունը, հոգեթերապեւտին՝ որ հաստատ:

Ներխուժում երկրորդ. կեղծ հիշողություն (կոնֆաբուլացիա)

Չէ՞ որ բանաստեղծը փորձառում է տարբեր իրադարձություններ, բայց գրվում է X բանաստեղծությունը, իսկ Y-ը, Z-ը հավանական, բայց երբեք չգրված բանաստեղծություններն են: Հասկանալի է, որ X-ն այնքան էլ այն X-ը չէ, որը կստացվեր, եթե բանաստեղծն իրեն միայն իրադարձությունների վավերագրությամբ սահմանափակեր: Այստեղ առաջ է գալիս այն հասկացությունը, որը ես կուզեի անվանել կեղծ հիշողություն: Դա այն է, երբ X-ը սկսում է իր մեջ ներառել առանձին հատվածներ Y-ից ու Z-ից՝ գուցե պարզապես հանուն արտահայտչականության, եւ, հավատացնում եմ ձեզ, դա տեղի է ունենում բանաստեղծի համար բոլորովին աննկատ ձեւով, եւ եթե գտնվեր ինչ-որ մեկը, ով կարողանար բանաստեղծին մատնանշեր այս կամ այն հատվածի անհամապատասխանությունը, հաստատ հանդիմանության կարժանանար: Նույնպիսի հանդիմանության, ինչպիսին, ըստ երեւույթին, Ֆրոյդն էր արժանանում իր պացիենտների երազների մեկնաբանության ժամանակ: Այստեղ Սիլվիա Փլաթի մասին պատմող փաստագրական ֆիլմը հիշեցի, որտեղ Աուրելիա Փլաթը՝ Սիլվիայի մայրը, խոսում էր այդ նույն անհամապատասխանությունների մասին, երբ, օրինակ, «Մեղվապահը» բանաստեղծության մեջ առանձին դետալներ ոչ թե Սիլվիայի եւ իր հոր, այլ Սիլվիայի եւ իր պապի հետ են իրականում տեղի ունեցել, մինչդեռ դրանք հստակ նկարագրվում են որպես հոր մասին հիշողություններ: Ուրեմն, այդ կեղծ հիշողությունները, հոգեբուժության լեզվով՝ կոնֆաբուլացիաները՝ որպես ներառումներ, եւս ենթագիտակցական են, հետեւաբար, բավականաչափ արժեքավոր նյութ հոգեվերլուծության համար:

Ներխուժում երրորդ. պաթոլոգիական ստախոսություն (pseudologia fantastica)

Մեկ այլ դեպքում ամեն ինչ շատ ավելի հեռուն կարող է գնալ: Այս դեպքում բանաստեղծը բանաստեղծության անձնականության մասին հայտարարելիս ձեր վրա իսկական ստախոսի տպավորություն կարող է թողնել, եթե դուք տիրապետեիք նրա ունեցած փորձառությունների բոլոր մանրամասներին, քանի որ այստեղ խոսքն այն մասին է, երբ բանաստեղծի կողմից որպես անձնական փորձառություն է ներկայացվում իր հետ երբեւէ չպատահած եւ իր հետ առաջին հայացքից որեւէ առնչություն չունեցող իրադարձություն: Բորխեսը մի հետաքրքիր միտք ունի. «Ծավալուն գրքեր գրել, հինգ հարյուր էջում ձգձգել մի գաղափար, որի բանավոր կատարյալ բացատրությունը տեղավորվում է մի քանի րոպեից բաղկացած ժամանակահատվածում, աշխատատար եւ սպանիչ ցնորամտություն է: Ավելի խելամիտ կլինի պատկերացնել, թե այդ գրքերն արդեն գոյություն ունեն, ու նրանց ամփոփումը կամ մեկնաբանությունը տալ»: Փոքր-ինչ ձեւափոխելով՝ կարող եմ ասել, թե ինչու սպասել այս կամ այն փորձառությունն ունենալուն, կարելի է պատկերացնել, որ այդ ամենն իրոք պատահել է, եւ մնում է միայն գրել այդ մասին: Ծիծաղ չեմ շարժում, միայն կասեմ, որ փորձառության այսպիսի վերագրումը սեփական անձին բանաստեղծի անամնեզին եւս մի քանի արժեքավոր էջեր է ավելացնում:

«Ներխուժում» բառը պատահական չեմ ընտրել, որովհետեւ տեքստի նման վերծանումները բռնի են թե՛ բանաստեղծության, թե՛ բանաստեղծի համար: Մենք սովոր ենք այն դիվանագիտական կեցվածքին, որ ցանկացած պարագայում բանաստեղծությունը պետք է քննարկվի բանաստեղծի անձից քակտված՝ մտքի ծածուկ անկյուններում հստակ ընդունելով դրա անհնարինությունը եւ ուրախանալով բոլոր փոքրիկ հոգեվերլուծական բացահայտումներով բանաստեղծի անձի շուրջ: Սրանք, իհարկե, միայն ուրվագծեր են հոգեվերլուծության ու պոեզիայի առնչությունների առումով: Բայց բանաստեղծն էլ, իհարկե, զոհի կամ փորձակենդանու կարգավիճակում չէ, ու եթե վերադառնանք առաջին հարցադրմանը, թե ինչին է միտված նման բանաստեղծը՝ նա գրականությամբ բացառապես սեփական խնդիրներն է լուծում, ու հենց դա է անձնականությունը ու հենց դա է նրա խիզախումը:

Արամ Մամիկոնյան - բանաստեղծ, հոգեբույժ

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Հրապարակ մշակութային հավելված

Մեկնաբանություն
X