Այն, ինչ եղել է

***

Թույլ տվեք ինձ վերջին վանկը արտաբերել խաղաղ.

այն իսկապես խանգարում է ինձ։

Բառերը սպասվածի սկիզբն են։

Պասիվ մտքերը ազատագրում են հրապարակները։

Տառերն անկախ են տողերի հեռավորությունից ներս։

Նրանք հիշողություն չունեն։

Ոչ մի դարաշրջանում չհանգստացած բառերը…

Վիլին ասում էր՝ կարեւորը դրանք տեղին օգտագործելն է։

***

Աշխարհն ազատ է քո հասակի չափ, երկիր։

Ես կլինեմ այն օդը, որ շնչում ես դու, ծառ։

Կորած մտքերդ կկարեմ քեզ, բանաստեղծություն։

Ցանկապատերը պահում են քեզ, ռեւոլյուցիա։

Այն, ինչ եղել է…

***

Բոլոր գրողներն ուզել են ուժեղ լինել։

Դրա համար բառերը կտրում են, ծակում, սպանում։

Հետո գրողը հաղթում է։

Ազատ է։

Ինչպես բոլորս ենք հաղթած եւ ազատ:

Առանց պատերազմի եւ առանց ազատության։

***

Քո քաղաքում մարդիկ աշխատում են լիարժեք հերթափոխով։

Մեր ոտքերը՝ լիարժեք հերթափոխով։

Ու գրքերը փտում են լիարժեք հերթափոխով։

Դու պոկում ես գրքիդ թերթերը, ինքնաթիռ սարքում,

որ անցնելու է ամենակարճ ճանապարհը.

քո քաղաքից մինչեւ քո քաղաք։

Իրականում այդ քաղաքը գոյություն չունի։

Հաճելի փախուստ է։

Այն քո քաղաքն է, որտեղ ոչ մի հատուկ անուն չկա։

Քո բերանում մեծատառեր չկան։

Քաղաքում ռադիոն՝ հուզված, ծաղիկները՝ պլանային։

Ես ապրում եմ այդ քաղաքում ու փնտրում նմանություններ։

Ողնաշարդ գրկած բարձրանում ես,

քաղաքը տեղավորում քո մեջ։

Նարեկացուն ու Սարյանին էլ։ Ճիշտ հերթափոխով։

Սկզբում՝ Նարեկացուն, հետո՝ Սարյանին։

Գիտեմ, ուզել ես բանաստեղծ դառնալ,

բայց թուղթն առավել գեղեցիկ ես համարել խեղդված բառերից։

Իսկ արձակն ազատություն է ծննդաբերությունից մինչեւ հիվանդություն։

Հետո շարունակել ես գրել այս հերթականության մեջ հանդիպող

բոլոր հաջողակների ու անհաջողակների մասին։

Նրանք աղաչում են, որ ներես.

անգամ Կաֆկան է խնդրում պատից կախ։

Քաղաքի մասին կարդալը վերահսկողություն է,

գրելը՝ փախուստ այդ քաղաքից։

Տասներորդ դարից մինչեւ քսաներորդ։

Նարեկացուց մինչեւ Սարյան։

Քո քաղաքում մարդիկ ապրում են լիարժեք հերթափոխով։

Արմեն Սարգսյան- բանաստեղծ

Լուսանկարը՝ Լիլի Աբգարյանի

Հրապարակ մշակութային հավելված

Մեկնաբանություն
X