Փոխնախարարները՝ մեզ, մնացածը՝ քեզ

Դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը, ով առաջվա էկոնոմիկայի նախարարությունից գնաց բնապահպանություն, հիմա էլ վերադարձել է հին տեղը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, վերջին շրջանում երկու նոր նշանակում է արել իրեն ենթակա կառույցներում։ Նա Ստանդարտների ազգային ինստիտուտում Մեսրոպ Բզնունուն է նշանակել ղեկավար, իսկ Չափագիտության ազգային ինստիտուտում՝ Մհեր Բաբաջանյանին։ Վերջինս ԿԳՆ-ում աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր՝ դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանի օրոք։ Այս կադրերը մեր ուշադրության կենտրոնում չէին հայտնվի, եթե հայտնի չլիներ նրանց կուսակցական պատկանելությունը։ Թե՛ Բզնունին եւ թե՛ Բաբաջանյանը դաշնակցական են, ինչպես իրենց նշանակող նախարարը։ Փաստորեն, Արծվիկ Մինասյանը հիմա էլ դաշնակցականներով է համալրում այս ոլորտը։ Դրանից առաջ նա իր կուսակից ընկերներին էր պաշտոնի տեղավորել բնապահպանության նախարարությունում։

Բանն այն է, որ Արծվիկ Մինասյանը, իրականում, փորձել է իր ցանկալի մարդկանց նշանակել ավելի բարձր պաշտոններում, ընդհուպ՝ փոխնախարարների պոստերում, բայց չի հաջողվել։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես Արծվիկի հետ աշխատած նախկին վարչապետները, առանձնապես ոգեւորությամբ չի ընդունում Մինասյանի նախաձեռնություններն ու մերժում է նրա կադրային առաջարկները։ Մասնավորապես, իր նշանակումից հետո, երբ ազատվեցին տեղակալները, Մինասյանը երկար ժամանակ չէր կարողանում փոխնախարարներ նշանակել, քանի որ վարչապետը չէր համաձայնում։ Արդյունքում նրա չորս տեղակալներից երեքը նշանակվեցին վարչապետի նախընտրած եւ նրա շրջապատի մարդկանցից։ Միայն Ավագ Ավանեսյանն է նախկինից մնացել, քանի որ այն երեք շաբաթը, երբ բոլոր տեղակալներն ազատվել էին, եւ միայն ինքն էր մնացել, նախարարությունում ամբողջ բեռն իր ուսերին էր վերցրել եւ ինքն էր ողջ գործն առաջ տանում։ Թերեւս դա գնահատելով էլ՝ որոշեցին Ավանեսյանին՝ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի որդուն, թողնել նույն պաշտոնում։

Ու քանի որ Արծվիկ Մինասյանին չի հաջողվել իր ծանոթ-բարեկամներին նշանակել բարձր պաշտոնների, հիմա նրանց հերթով տեղավորում է հաջորդ օղակներում՝ որտեղ հնարավոր է, այդ թվում՝ տարատեսակ պայմանագրային իրավախորհրդատուներ է նշանակել, տարբեր կառույցների ղեկավարներ։ Վերը նշված երկու նշանակումները հենց այդ շարքից են։ Փոխարենը կան բաժիններ, որտեղ թափուր հաստիքներ կան, քանի որ շատերն ուղղակի չեն ցանկացել մնալ եւ աշխատել նախարարությունում, եւ նախարարը հիմա չի կարողանում կադրեր գտնել։ Թափուր է նաեւ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանի տեղը, ով ինքնակամ դիմում գրեց եւ հեռացավ, երբ այդ կոմիտեի շարքային աշխատակցին նշանակեցին պետ՝ շրջանցելով փորձառու Ապրեսյանին։

Նշենք, որ իրենց ենթակա կառույցներում «ծանոթ-բարեկամ-կուսակից» սկզբունքով գործի տեղավորելը միայն Մինասյանի «մենաշնորհը» չէ եւ ՀՅԴ ներդրումը չէ, այլ ՀՀԿ-ի ներմուծած ավանդույթն է, որը ողջ պետական համակարգը կուսակցականացրեց եւ որպես կարիերա անելու միակ ճանապարհ՝ սահմանեց ՀՀԿ անդամ դառնալը։

Նախարարությունները, մարզպետարաններն ու անգամ ավելի ցածր օղակի կառույցները հանրապետականներով ու դաշնակցականներով համալրելու փորձերը նոր չեն։ ՀՀԿ-ական նախարարները ՀՀԿ-ացնում էին իրենց վստահված ոլորտները, դաշնակցական նախարարները՝ Լեւոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանը, Արծվիկ Մինասյանը, վատ օրինակը որպես ուղենիշ կիրառելով, փաստացի, հետ չէին մնում նրանցից։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X