«Նախագահությունից» հինգ րոպե պակաս

Զուգադիպությու՞ն է, թե՞ օրինաչափություն, բայց նույն օրը կուսակցություն ստեղծելու մասին հայտարարեցին «Սասնա ծռեր» խմբավորումը եւ «Լույս Արցախին» շարժումը: Վերջինս հանդես է գալիս նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով, բայց այդպես էլ հանրային քիչ թե շատ շոշափելի աջակցության չի արժանանում: Սասնա ծռերի քաղաքական պլատֆորմն արդեն հնչեցվել է: Իսկ թե ի՞նչ արժեքներ է դավանում Լույս Արցախին շարժումը՝ մնում է ենթադրել: Թեեւ որոշակի պատկերացում տալիս են շարժման համակարգող Վահան Բադասյանի հարցազրույցները, որ առատ են հատկապես վերջին շրջանում: Կարելի՞ է 20-30 մարդու մասնակցությամբ ինչ-որ մի գյուղում հավաք անցկացնել եւ առաջադրել երկրի նախագահի հրաժարականի պահանջ: Տեսականորեն՝ այո:

Ժողովրդավարական երկրում պետք է լսելի լինի յուրաքանչյուրի տեսակետը: Բայց գործնականում Լույս Արցախին շարժումը հազիվ թե Արցախի քաղաքական կյանքում ազդեցիկ դերակատարություն ունենա, որովհետեւ այս պահին չկա նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի, իշխանափոխության հանրային պահանջ: Սպասումները հիմնականում կապված են 2020 թվականի համապետական՝ Ազգային ժողովի եւ նախագահի ընտրությունների հետ, որոնք տեղի կունենան միաժամանակ: Տրամաբանական է թվում, որ խորհրդարանական մեծամասնությունը եւ նախագահը կլինեն նույն կուսակցությունից: Սահմանադրությամբ նախագահի թեկնածու կարող են առաջադրել միայն կուսակցությունները: Արցախի խորհրդարանում այսօր ներկայացված են Ազատ հայրենիք, ՀՅԴ, Արցախի ժողովրդավարական, Շարժում 88 եւ Ազգային վերածնունդ կուսակցությունները: Այս ուժերից ամենամեծ ներկայացվածություն ունի Ազատ հայրենիքը, ամենափոքրը՝ Ազգային վերածնունդը, որ խորհրդարանում մեկ պատգամավոր ունի: Մինչեւ 2020 թվականը շատ քիչ ժամանակ է մնում, ուստի դժվար է պատկերացնել, թե նոր ձեւավորվող Լույս Արցախին կամ այլ կուսակցություն կարող է քաղաքական դասավորություն փոխել եւ առաջադրել նախագահի ֆավորիտ թեկնածու:

Ամենայն հավանականությամբ, հիմնական դերակատար լինելու են խորհրդարանում ներկայացված կուսակցությունները կամ, հնարավոր է, միջկուսակցական քննարկումների արդյունքում կազմավորվելիք դաշինքները: Այս իմաստով իրականությունից չափազանց հեռու են Արցախում արտահերթ քաղաքական գործընթացների մասին տեղեկատվական արտահոսքերը, իսկ դրանց հիման վրա արվող կանխատեսումները պարզապես մտավարժանքի տպավորություն են թողնում: Այդուհանդերձ, «նախագահությունից» հինգ րոպե պակաս կեցվածքը ոմանց չի լքում: Եւ նկատելի է, որ կան ներքին դիրքավորումներ: Դրանք դրսեւորվում են սոցցանցային «կոմպրոմատներով»:

Վերջին օրերին նկատվում են նաեւ թիրախավորումներ, որոնց հասցեատերն Ազատ հայրենիքն է դառնում: Սա զուտ ներարցախյա՞ն շարժում է, թե՞ նաեւ ունի արտաքին ուղղորդում՝ մնում է ենթադրությունների ոլորտի հարց: Համենայն դեպս, ներարցախյան քաղաքական իրողությունները մղում են եզրակացնելու, որ իրավիճակը նրբորեն կառավարվում է, եւ նախագահ Բակո Սահակյանը լիովին տիրապետում է իրավիճակին: Նախագահի հավանական թեկնածուներից ո՞ւմ է նախընտրելու նա՝ դեռեւս չի տեսանշմարվում: Թերեւս նաեւ այդ պատճառով է, որ «նախագահությունից» հինգ րոպե պակաս կեցվածքի պակաս չի զգացվում: Այդ թվում՝ Լույս Արցախին նախաձեռնության շրջանակում:

Մեկնաբանություն
X