Ամեն ինչ պետք է արվի կանոնադրության համաձայն

Հայաստանի կույրերի միավորման անդամները շարունակում են նստացույց անել միավորման շենքի ներսում՝ պահանջելով ՀԿՄ նախագահության հրաժարականը եւ իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրելով ՀԿՄ-ում տեղի ունեցող անօրինականությունների վրա:

Թեեւ մոտ մեկ ամիս առաջ միության անդամների ճնշման ներքո ՀԿՄ 91-ամյա նախագահը՝ Աբել Հակոբյանը, արդեն իսկ հրաժարական է տվել, բայց միավորման անդամները պահանջում են, որպեսզի նախագահության կազմն էլ հրաժարական տա, քանի որ, ինչպես իրենք են շեշտում, իրենց պայքարը միայն նախագահի դեմ չէ, այլեւ նախագահության ողջ կազմի, ովքեր ունակ են շարունակել նույն անօրեն գործելակերպը։ Ըստ միավորման անդամների, «անօրեն գործելակերպը» դրսեւորվում է այն բանում, որ ՀԿՄ-ն, իր տնօրինության տակ ունենալով Հայաստանի կույրերի միավորման մարզային շենքերը, շինությունները, ձեռնարկությունները, հանգստյան տները, բազմաթիվ անշարժ գույք, իր ուզած ձեւով է տնօրինում դրանք, վարձակալության է տալիս այդ տարածքները բարձր գներով, իսկ միության անդամներին 1 կգ ոսպով կամ 1 շիշ ձեթով է փորձում կաշառել։ Ու եթե միավորման անդամների թոշակը տատանվում է 15-25 հազարի սահմանում, նախագահի եւ նախագահության անդամների աշխատավարձը մինչեւ 450 հազարի սահմանում է։

Պայքարի այս մի քանի շաբաթների ընթացքում կույրերի միավորման անդամները, ինչպես իրենք են փաստում, ոչ մի քայլ հետ չեն կանգնել իրենց նպատակներից, ավելին՝ այս ընթացքում անդամներից Աղավնի Շաքարյանը հացադուլ էր սկսել, ում, սակայն, հորդորել էին դադարեցնել հացադուլը, քանի որ ինքնազգացողությունը վատացել էր եւ շտապօգնություն էին կանչել։

Միավորման անդամներից Պատվական Ռեւազյանն ասում է՝ պայքարը շարունակվում է, իրենք էլ շարունակում են գիշեր-ցերեկ միության շենքում նստացույց անել․ «Որեւէ կոմպրոմիսի չենք գնացել եւ չենք գնալու»։

Նոր նախագահի ընտրությունը նախատեսված է սեպտեմբերի 12-ին, դա որոշվել է վարչության նիստով։ Պատվական Ռեւազյանն ասում է, որ իրենք չեն կարող առաջադրել նախագահի պաշտոնում որեւէ մեկին, որովհետեւ թեկնածուն պետք է լինի վարչության անդամ․ «Այս պահին մեր պայքարն այն չէ, որ մենք լինենք նախագահ, այլ որ արդարություն լինի»։

Այն հարցին, թե վարչության 24 անդամների մեջ կա՞ մեկը, ում թեկնածությունը միավորման անդամներից շատերը կպաշտպանեն, ասաց․ «Ոչ, էլի իրանք են, ոնց ուզում ես պտտվի։ Մարտին Սարգսյանը (միավորման փոխնախագահը) բառացի մեզ ասաց, որ եթե դուք ձեր թեկնածուն էլ առաջադրեք, միեւնույն է՝ 24 անդամները մեր մարդիկ են ու էլի մեզ են ընտրելու, այսինքն՝ նորից վերարտադրվելու են»։

Իրավիճակը փակուղի է հիշեցնում միավորման անդամների համար, որովհետեւ արտահերթ ընտրություններում վարչությունը կընտրի իր թեկնածուին, եւ կշարունակվի նույն գործելաոճը, ինչ նախկինում էր։ «Ամեն ինչ փակուղի է տանում, բայց մենք նամակներով դիմել ենք դատախազություն, 6-րդ վարչություն, նախագահի վերահսկողական, տնտեսական մրցակցության կոմիտե։ Ամեն դեպքում հույս ունենք, որ ինչ-որ կերպ կարձագանքեն»,- ասաց Պատվական Ռեւազյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԿՄ նախագահի առաջին տեղակալ Ֆրանտ Դանիելյանը մեզ հետ զրույցում ասել էր․ «Իրենց իրավունքն է իրենց բողոքն արտահայտել, իսկ եթե թալան է եղել, ինչ-որ հափշտակություններ, ապա իրավապահ մարմինները դրա գնահատականը կտան։ Ամեն ինչ պետք է արվի կանոնադրության համաձայն։ Ստիպում են, որ հրաժարական տանք, հրաժարականը ստիպելով չէ, ով ուզում է՝ տալիս է, ով գտնում է, որ խոշոր թերացումներ են եղել, տալիս է, ով չէ՝ չի տալիս, ես որեւէ մեկին ստիպել չեմ կարող, որ հրաժարական տա»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X