ԱԺ-ի «մրցույթը»՝ հատուկ Toyota-ի համար

ԱԺ աշխատակազմն օգոստոսի սկզբին 4 նոր ավտոմեքենա ձեռք բերելու մրցույթ է հայտարարել, որը հաղթել է «Տոյոտա Երեւան» ընկերությունը։ Այն ճապոնական Toyota-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում եւ պատկանում է Ռ․ Քոչարյանի ընտանիքին։ Իհարկե, Toyota-ն բարձր որակի, դիմացկուն ավտոմեքենաներ է արտադրում, ինչն անվիճելիորեն հատկապես հայաստանյան պայմաններում շահագործվելուն հարմար է։ Ու նաեւ դա է պատճառը, որ պետական ավտոպարկում հիմնականում Toyota-ներ են՝ Camry, Corolla, Land Cruiser Prado, Land Cruiser 200 եւ այլն։

Մյուս ոչ պակաս կարեւոր արգումենտն էլ պայմանավորված է Քոչարյանի ֆակտորով։ Ի վերջո, որքան էլ որ Toyota-ն լինի որակյալ եւ պահանջված, եթե դրա հետեւում կանգնած չլինի ազդեցիկ մեկը, ով կկարողանա առաջ մղել իր ընկերությունը պետական տենդերներում, հազիվ թե այդ ընկերությունը նման ծավալի ներկայացվածություն ունենա պետական ապարատում։ Բայց դա չի նշանակում, որ Հայաստանում այլ որակյալ եւ մատչելի մակնիշներ չկան, որոնք կարելի է շահագործել եւ այժմ էլ շահագործվում են պետական ապարատում, եւ դա չի նշանակում, որ պետք է ձեւական մրցույթ անցկացնել։ Բանն այն է, որ ԱԺ աշխատակազմն իր հայտարարած գնանշման մրցույթի պայմաններում ամբողջությամբ նշել է Toyota Camry-ի պարամետրեր։ Օրինակ՝ շարժիչի դեպքում նշել է 2.5 լիտր աշխատանքային ծավալով, 181 ձ/ու հզորությամբ Dual VVT-i շարժիչ, 6-աստիճան ավտոմատ փոխանցումատուփով։ Մյուս պարամետրերում եւս Camry-ի տվյալներն են։ Այս դեպքում արդեն այլ ընկերություններ չեն կարողանա մասնակցել մրցույթին, քանի որ, օրինակ, Nissan-ի, Hyundai-ի, Kia-ի եւ մյուսների համապատասխան դասի մոդելները չունեն, օրինակ, Dual VVT-i շարժիչ, որը Toyota-ինն է միայն։ Բայց սա դեռ ամենը չէ։ ԱԺ-ն իր պահանջներում այնքան է անկեղծացել, որ վերջում «խստովանել» է, թե ինչ մեքենա է ուզում՝ Toyota Camry։

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռուբեն Գրիգորյանն այս հանգամանքը բացատրելիս նախ ասաց, որ ամեն ինչն արվել է օրենքի տառին համապատասխան, եւ իրենք, այո, հենց Toyota Camry էլ ցանկացել են գնել։ Մինչդեռ նմանատիպ մրցույթներում սովորաբար նշում են մեքենայի դասն ու գնային արժեքը, ոչ թե կոնկրետ մակնիշը։ Եվ բնական է, որ հաղթել է Toyota-ն, որն ԱԺ-ին կվաճառի չորս հատ 2018 թվականի արտադրության Toyota Camry՝ ընդհանուր 44 միլիոն 333 հազար 300 դրամ արժեքով։ Այս մեքենաները, ըստ Գրիգորյանի, իրենք ձեռք են բերում ԱԺ-ի տնտեսած միջոցներից։ Մոտ 60 մլն դրամ են այս պահի դրությամբ տնտեսել, որի հաշվին էլ որոշել են մեքենա ձեռք բերել։

Գրիգորյանն ասաց, որ մենք ունենք այսօր 10-20 ավտոներկրող, որոնք եւս կարող էին մասնակցել, բայց իրենք հաստատ չէին հաղթի, քանզի համոզված է՝ ավելի էժան գին չէին առաջարկի, ինչ առաջարկել է Toyota-ն։ Հետո ավելացրեց․ «Եթե մենք ուզում ենք Toyota, բա ի՞նչ նշենք»։ Ապա բացատրեց, թե ինչու են Toyota ուզում։ «Անձամբ ես կողմնակից եմ, որ Toyota լինի, մանավանդ, եթե նայեք մեր ավտոպարկի դինամիկան վերջին մեկ տարվա ընթացքում, ես կամաց-կամաց հրաժարվում եմ բոլոր այլ կարգի մեքենաներից, որովհետեւ իրենց սպասարկումը շատ դժվար է, երբ որ տարբեր ֆիրմաներ են։ Այժմ ԱԺ ավտոպարկում կան ամենատարբեր մակնիշի մեքենաներ՝ Peugeot, Nissan, ՎԱԶ, ԳԱԶ, Toyota, իսկ 2019 թ․ իրենք ունենալու են երկու տեսակի մեքենա ԱԺ ավտոպարկում՝ Toyota եւ Nissan։

Ի դեպ, հետաքրքիր է, որ ԱԺ ավտոպարկի տեխնիկական սպասարկման համար եւս մրցույթ է հայտարարվել, որն արդեն հաղթել է ոչ թե «Տոյոտա Երեւան»-ը, այլ «Կարկոմավտոն», որը պաշտոնապես Հայաստան է ներկրում Nissan, Renault, Ford եւ այլ մակնիշի մեքենաներ։ Սպասարկման մրցույթին «Տոյոտա Երեւանը» չի մասնակցել, քանի որ չի ցանկացել ՎԱԶ, ԳԱԶ կամ այլ մեքենաներ սպասարկել։ Բայց այս վերջին մրցույթին նույն այդ «Կարկոմավտոն», փաստորեն, չի մասնակցել, թեպետ ԱԺ նախագահին ուղեկցող երկու Nissan X-Trail-ների մրցույթին էլ ինքն է մասնակցել եւ հաղթել։ Նաեւ որոշ Nissan Sintra-ներ է «Կարկոմավոտն» մեկ-երկու տարի առաջ վաճառել ԱԺ-ին, բայց այս մեքենաներն այնպես չէ, թե պատգամավորների սրտով են։ Նրանց սիրտը հիմնականում ավելի բարձր դասի Camry է ուզում։ Դրա համար էլ պատգամավորներից ով կարողացավ, իրեն հատկացված Nissan Sintra-ները փոխարինեց Camry-ով։

Կարճ ասած՝ որ գերատեսչությունը կամ գերատեսչության ղեկավարն ինչ մեքենա որ նախընտրում է, հենց այդ մեքենայի «հագով» էլ կարվում է մրցույթը։ Սրանով փաստացի խախտվում է մրցույթի գաղափարը, որն իր մեջ նաեւ կոռուպցիոն ռիսկեր եւ ատկատներ կարող է պարունակել։ Իհարկե, խոսքը կոնկրետ այս դեպքի մասին չէ։ Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստանում մրցույթների անցկացման կարգը շտկելու կարիք կա, եւ շատ ապրանքներ, ծառայություններ կան, որ չպետք է ձեռք բերվեն մրցույթով, քանի որ միշտ չէ, որ մրցույթում ստանում են լավագույն գին-որակ հարաբերակցությունը։ Հիմնականում ստանում են լավագույն գին եւ հետ էլ՝ բազմաթիվ խնդիրներ։

Անդրադառնալով այս «մրցույթին», որին այլ ընկերություն չի մասնակցել, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն ասաց, որ եթե որեւէ ընկերություն կարծում է, որ իր իրավունքները խախտվել են, կարող է բողոքարկել, եւ մրցույթի արդյունքները կվերանայվեն։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործոնին, պարոն Գրիգորյանն ասաց․ «Որեւիցե քաղաքական ենթատեքստ չկա դրա տակ։ Դուք Քոչարյանի անունն եք կապում, ես էլ ասում եմ՝ ինձ համար բացարձակ նշանակություն չունի՝ Քոչարյանի՞ անունն է կապվում դրա հետ, թե՞ Պողոսի կամ Պետրոսի։ Համենայնդեպս, ես Toyota ֆիրման չեմ ճանաչում Քոչարյանով»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X