Հիմա էլ Նիկոլ Փաշինյա՞նն է ջրելու Հովիկ Աբրահամյանի արտերը

Անցյալ տարվա հուլիսին, երբ կառավարությունը նախագիծ բերեց ԱԺ՝ Սեւանից հավելյալ 100 մլն խմ ջրառ իրականացնելու վերաբերյալ, համացանցում եւ համացանցից դուրս մեծ աղմուկ բարձրացավ։ Բնապահպանները կառավարությանը մեղադրեցին հազար ու մի մեղքի մեջ։ Նրանք կարծում էին, որ Կ․ Կարապետյանի կառավարությունն ազգի դավաճան է, որը դեմ է գնում պետության շահերին, վնասում է բնությունն ու Սեւանը։ Հավելյալ ջրառը կառավարությունը պայմանավորում էր երաշտային տարի լինելով, ջրի սակավությամբ, ինչի արդյունքում խնդիր էր առաջացել Արարատյան դաշտավայրի եւ հարակից այլ շրջանների դաշտերը ոռոգելու հարցում։ Դրա համար պետք էր Սեւանից լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնվեր, որով կոռոգեին դաշտերը։

Բայց այս նախագծի դեմ բողոքողներն ու ջրառին դեմ արտահայտվողները կառավարության այս որոշման տակ դավադիր պլաններ էին տեսնում։ Մասնավորապես պնդում էին, որ հավելյալ ջրառն ուղղվելու է, իրականում, Արարատի մարզում նախկին վարչապետ Հ․ Աբրահամյանին պատկանող հազարավոր հեկտարներով արտերը ոռոգելուն։ Այս փաստերը որեւէ կերպ չապացուցվեցին, թեպետ Հ․ Աբրահամյանից նման բան սպասելի էր, եւ միանգամայն ճշմարտանման էին թվում այդ պնդումները։ Բայց կառավարությունը «չորով» հերքեց դա՝ նշելով, որ ջրառի նպատակը բնակչության այգիներն ու արտերը ջրով ապահովելն է, ոչ թե որեւէ մասնավոր անձի։

ԱԺ-ում այս հարցի քննարկման ժամանակ ջրառին դեմ են արտահայտվել Փաշինյանի գլխավորած «Ելք»-ի պատգամավորներ Արտակ Զեյնալյանը, Մանե Թանդիլյանը, Լենա Նազարյանը։ Նազարյանն անձամբ Փաշինյանի կուսակիցն է՝ «ՔՊ» կուսակցության անդամ, եւ այժմ էլ պատգամավոր է։ Իսկ Զեյնալյանն ու Թանդիլյանը թեպետ այլ կուսակցությունից են, բայց այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամներ են։ Հարցի առաջին քվեարկությանը Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել, բացակա է եղել, բայց դեմ են քվեարկել նրա խմբակցության անդամները։ Երկրորդ ընթերցմանն արդեն ներկա է եղել անձամբ Փաշինյանը, ու նա եւս դեմ է քվեարկել։

Ինչո՞ւ այսքանը հիշեցինք։ Երեկ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը զեկուցեց մի հարց, որին ինքը մեկ տարի առաջ դեմ էր, իր թիմակիցները՝ նույնպես։ Այս հարցը Փաշինյանի ամենաանցանկալի հարցն էր օրակարգում, ինչպես խոստովանեց ինքը։ Դրա համար էլ նա երեկ բավականին խեղճացած եւ ասես արդարացող տոնայնությամբ բացատրեց, թե ինչու է կառավարությունը դարձյալ որոշել Սեւանից հավելյալ ջրառ իրականացնել։ Այս դեպքում ջրառը քիչ է՝ 40 մլն խմ։ Այսինքն՝ 170-ի փոխարեն Սեւանից ջուր բաց կթողնվի 210 մլն խմ։

«Գիտեք, որ արդեն կառավարությունը երեւի ամիսուկես, մի քանի անգամ, տարբեր ֆորմատներով քննարկել է այն իրավիճակը, որ մեր ոռոգման համակարգում ստեղծվել է, եւ մենք խնդիր ունեինք եւ քաղաքական դիրքորոշում ունենք ամեն ինչ անել, որպեսզի Սեւանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու խնդիր չառաջանա, եւ հարցերը լուծվեն առանց նման որոշման»,- իր խոսքի նախաբանում նկատեց վարչապետը։

Նա նշեց, որ բուռն քննարկումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում հայտնի դարձավ, որ կա որոշակի ռիսկ, որ իրենք կարող են գյուղատնտեսության համար բավականին բարդ եւ փակուղային իրավիճակ ստեղծել, որը մյուս կողմից փակուղային է կառավարության համար։

«Մի դեպքում գյուղատնտեսության համար, մյուս դեպքում էլ այն քաղաքական համոզմունքի եւ, ընդհանրապես, քաղաքացիական համոզմունք համատեքստում, որ Սեւանա լճին չի կարելի վերաբերվել որպես ջրի տարա։ Մենք ոռոգման համակարգում պետք է գնանք լրջագույն լուծումների, որպեսզի հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինչպես մամուլում սիրում են շրջանառել Հայաստանի Հանրապետությունում «ջրային մաֆիայի» գոյությունը, եւ եթե այդպես է, միանշանակ է, եթե «ջրային մաֆիան» գոյություն ունի, այն պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի»,- ասաց Փաշինյանը:

Նրա բերած այս նախագծի դեմ երեկ որեւէ ակցիա բնապահպան-ակտիվիստների կողմից տեղի չունեցավ, որեւէ մեկը չբարձրաձայնեց այն հարցը, որ կառավարությունը, փաստորեն, էլի ջրում է Հովիկ Աբրահամյանի արտերը, եւ որ սա դավաճանություն է բնության, Սեւանա լճի եւ ողջ երկրի նկատմամբ։ Ի վերջո, նիստում երկար-բարակ քննարկումից եւ բացատրություններից հետո որոշվեց հարցն ընդունել, բոլորը կողմ քվեարկեցին, այդ թվում՝ մեկ տարի առաջ նույն հարցին դեմ քվեարկած Արտակ Զեյնալյանն ու Մանե Թանդիլյանը։

Եվ կրկին օդում կախված մնաց մեկ հարց՝ արդյոք այս հավելյալ ջրառն ուղղվելո՞ւ է Հովիկ Աբրահամյանի արտերը ոռոգելուն։ Եթե այո, ապա ինչո՞ւ է նոր կառավարությունը շարունակում հին կառավարության կոռուպցիոն ավանդույթները։ Եթե ոչ, այսինքն՝ եթե իսկապես նման բան չկա, եւ երբեք այդ հավելյալ ջրաքանակն Աբրահամյանի արտերի համար չի բաց թողնվել, ինչո՞ւ էին մեկ տարի առաջ շահարկում նրա անունն ու կառավարությանը մեղադրում այդ մեղքի մեջ։ Եվ, վերջապես, եթե կա նման ռիսկ, ապա ո՞ւր են նոր կառավարության համապատասխան մարմինները, ինչո՞ւ է վարչապետը վերջին պահին ընդամենը մամուլին հղում անելով՝ խոսում «ջրային մաֆիայի» ենթադրյալ գոյության մասին, այլ ոչ թե արդեն ստուգված փաստեր ներկայացնում այս որոշման գնալուց առաջ։ Չէ՞ որ հանրությունը նոր կառավարությունից լրիվ այլ մոտեցում է ակնկալում՝ բացահայտել, վեր հանել բոլոր այն «օդում կախված» լուրերը, որոնք տարիներ շարունակ թեւածել են մամուլում, բայց «դավադրաբար» հերքվել նախորդ իշխանությունների կողմից։ Հակառակ պարագայում ստացվում է՝ հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է ջրում Հովիկ Աբրահամյանի արտերը, եթե չի կարողանում այդ կասկածները փարատել։ Իսկ եթե փարատվեցին, ապա պետք է ներողություն խնդրեն նրանք, ովքեր մեկ տարի առաջ սուտ լուրեր էին տարածում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X