Գերմանիան Վրաստանին կհատկացնի 199 մլն եվրո գումար․Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թբիլիսիում կստորագրի 2 համաձայնագիր, որով Վրաստանին կտրամադրվի 199 միլիոն եվրո գումար։ Այս մասին Մերկելն ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Կանցլերի խոսքով՝ համաձայնագրերից մեկը կապված է Վրաստանում գազի ստորգետնյա պահեստարանի կառուցման հետ։ Նրանում հնարավոր կլինի պահել մինչև 300 մլն խ/մ բնական գազ։ Սա երկրում գազի տարեկան սպառման մոտավորապես 15 %-ն է։ Վրաստանում կարծում են, որ այս նախագծի իրականացումը կամրապնդի երկրի էներգետիկ անվտանգությունը։

Եվս մեկ նախագծով Գերմանիան պատրաստվում է Վրաստանին գումար հատկացնել ենթակառուցվածքների ոլորտի համար․«Այս ամենի հետ մեկտեղ Վրաստանը լավ հարաբերություններ ունի Եվրամիության հետ։ Մենք մեծ ներդրում ենք ունեցել Համագործակցության և ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար»,- ասել է Մերկելը։ Կանցլերը նաև հայտնել է, որ Գերմանիան ապագայում պատրաստ է մասնակցել կրթական համակարգի փոփոխությունների գործընթացին և շատ ներդրումներ կատարել։ Անգելա Մերկելը շեշտել է, որ Վրաստանը գտնվում է «շատ ճիշտ տնտեսական ուղու վրա»։

«Կարծում եմ՝ մենք պետք է համագործակցենք տարբեր ոլորտներում։ Վարչապետ Բախտաձեն շեշտեց, որ չափազանց կարևոր են մանր և միջին բիզնեսի հարցերը, և մեր էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաև մարդիկ, ովքեր պատասխանատու են այդ ոլորտի համար, պետք է հաճախ հանդիպեն, որ մեր տնտեսական կապերն ավելի ինտենսիվ լինեն, և փոխանակվենք փորձով»,- Վրաստանի վարչապետի հետ ասուլիսին ասել է Անգելա Մերկելը։

Գերմանիայի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ իրենք պատրաստ են Վրաստանին օգնել Եվրամիության երկրներ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հարցում։

Հիշեցնենք, որ այսօր Գերմանիայի կանցլերը կժամանի Հայաստան։ Մերկելը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Երկու երկրների կառավարությունների ղեկավարներն իրենց հանդիպման արդյուքները կամփոփեն համատեղ ասուլիսի ժամանակ։ Նախատեսվում է նաև այց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Վաղը՝ օգոստոսի 25-ին, Մերկելը Հայաստանից կմեկնի Ադրբեջան։

Մեկնաբանություն
X