Դպրոցներում դրամահավաքը վերացել է

Թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված բռնել-պատժելու մթնոլորտը ստիպում է մի շարք պետական հիմնարկների զերծ մնալ գումարներ հավաքելու ավանդույթից: Մեր խմբագրություն դիմած ծնողները պատմեցին, որ նախկինում դասարաններում ամեն ամիս 100-200 դրամ էին հավաքում` հավաքարարներին վճարելու համար, սակայն այս տարի տնօրենները վախենում են գումար հավաքել եւ ծնողներին կամ ուսուցիչներին են կանչում դասասենյակները մաքրելու, կարգի բերելու: Ստացվում է, որ տարիներ ի վեր այդ գումարներն ապօրինի են հավաքվել, այլապես ինչո՞ւ պետք է այժմ վախենան նման գումար հավաքելուց:

Ծնողները պատմում են, որ իրենց միշտ ասվել է, որ դասասենյակները մաքրելը չի մտնում հավաքարարի գործառույթի մեջ, նրա գործը միջանցքները եւ լվացարանը մաքրելն է: Մեկ այլ դրամահավաքություն, որ հեղափոխության արդյունքում վերացել է․ պարզվում է՝ մի շարք դպրոցներում ծնողներն էլեկտրական ջեռուցիչ էին գնում, որպեսզի դասասենյակները տաք լինեն ցուրտ եղանակներին, ապա ամեն ամիս հոսանքի գումար էին հավաքում: Այս տարի ծնողներին ասել են, որ նման բան չի լինելու: Հանուն արդարության պետք է ասել նաեւ, որ բռնվել-պատժվելուց վախենալու արդյունքում հիմնարկների ղեկավարները հաճախ աբսուրդի հասնող որոշումներ են կայացնում, օրինակ՝ տարեվերջին մի շարք հաստատություններում արգելել էին ավարտական լուսանկարներ՝ «վինետկաներ» անելը, ինչը ծնողների դժգոհությունն էր առաջացրել:

Մեկնաբանություն
X