«Իրավունք». Այվազյան եղբայրները խլո՞ւմ են մարդկանց տարիների վաստակով թոշակավորվելու իրավունքը

«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին շրջանում հանրապետական արխիվի շուրջ ծավալված գործընթացները ակտիվացրել են նաեւ ժողովրդի տրտունջները: Մասնավորապես, Չարենցավան քաղաքի մի խումբ բնակիչներ դիմել են մեզ՝ բողոքելով քաղաքի գործիքաշինական գործարանի դեռեւս մինչեւ սեփականաշնորհում խորհրդային ժամանակների եղած արխիվներից օգտվել չկարողանալու կապակցությամբ:

Ըստ նրանց՝ երբ դիմում են հանրապետական արխիվի չարենցավանյան մասնաճյուղին, իրենց օգնել չեն կարողանում, քանի որ գործարանի սեփականատերերը (ի դեպ, գործարանը պատկանում է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին, իսկ ղեկավարումը իրականացնում է նրա եղբայրը՝ Ջրային կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Գագիկ Այվազյանը) այդ արխիվները հրաժարվում են հանձնել պետությանը, ինչն, ի դեպ, օրենքի պահանջ է, եւ տնօրինում են սեփական հայեցողությամբ:

Եվ սա դեռ ամենը չէ, եթե այս արխիվներից, այնուամենայնիվ, ինչ-որ ձեւով կարողանում են օգտվել էլ, ապա նրանց կողմից սեփականաշնորհված մեկ այլ՝ միկրոպրոցեսորների գործարանի, որի իզ ու թոզը էլ չկա, բոլոր արխիվներն ընդհանրապես են անհետացել, եւ, ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, այն գտնվում է Գագիկ Այվազյանի թաքստոցներում:

Այս ամենը գուցեեւ ծիծաղելի լիներ, եթե այսքան տխուր չլիներ, քանի որ բազմաթիվ բնակիչներ այդպես էլ չեն կարողանում ստանալ իրենց այդ տարիների համար հասանելի թոշակները (երբեմն 10 տարուց ավելի):

Հետաքրքիր է, այս մարդիկ իրենց համաքաղաքացիներին նեղության մեջ գցելով՝ հաճո՞ւյք են ստանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X