Իրավունք

«Քինգ դե լյուքս»՝ սնանկություն ըստ Պալաչի (տեսանյութ)

Նախօրեին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեում ստացվել եւ վարույթ է ընդունվել այլ տնտեսվարող սուբյեկտների՝ շուկա մուտք գործելուն խոչընդոտելու, շուկայից դուրս մղելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը։ «Քինգ Դելյուքս» եւ «Տրանս կոմֆորտ» ընկերությունների նախկին սեփականատեր՝ Պալաչ անունով հայտնի Արթուր Հարությունյանի ներկայացրած հաղորդման համաձայն՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, նպատակ ունենալով խոչընդոտել նշված ընկերությունների գործունեությանը, հիշյալ երթուղիներով իրականացրել են անվճար ուղեւորափոխադրումներ, որի հետեւանքով «Քինգ Դելյուքս եւ «Տրանս կոմֆորտ» ընկերությունները կրել են ֆինանսական կորուստներ եւ սնանկ են ճանաչվել:

«Քինգ Դելյուքս» եւ «Տրանս կոմֆորտ» ընկերությունների նախկին սեփականատեր Արթուր Հարությունյանի՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին ուղղված մեղադրանքներն այն մասին, թե իբր բարեգործական հիմնադրամի անվճար երթուղիներն են եղել իր ընկերությունների սնանկացման պատճառը, բացարձակ անհեթեթություն է եւ զուրկ որեւէ իրավական հիմքից:

«Մուլտի գրուպ» կոնցեռնի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Մանթաշյանն այս առնչությամբ կարծում է, որ վերը նշված մեղադրանքներն անհիմն են։ «Գործի քննության ընթացքում, իհարկե, կպարզվի բոլոր մանրամասները, կապացուցվեն ներկայացված մեղադրանքների անհիմն լինելը, սակայն այս պահին արդեն իսկ պարզ է, որ Պալաչի՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի նկատմամբ հնչեցրած մեղադրանքները ոչ միայն զուրկ են տրամաբանությունից, այլեւ հեռու ողջամտության բոլոր սահմաններից»,- ասաց նա՝ նշելով, որ «Քինգ Դելյուքսը» սնանկացման եզրին հայտնվեց սխալ կառավարման եւ վատ մենեջմենթի արդյունքում։

«Քինգ Դելյուքս»-ի նախկին տնօրեն Արթուր Դալլաքյանն էլ, ով ընկերության ստեղծման պահից մինչ սնանկ ճանաչվելը ղեկավարել է «Քինգ դե լյուքս» եւ «Տրանս կոմֆորտ» ընկերությունները, ասաց, որ ընկերության սնանկացման միակ մեղավորն Արթուր Հարությունյանն է: Դալլաքյանն այժմ ղեկավարում է այդ նույն տրանսպորտային ընկերությունը, որն այժմ պատկանում է արդեն «Մուլտի գրուպ» կոնցեռնին, եւ այս պաշտոնին մնացել է հենց «Մուլտի գրուպի» ղեկավարության առաջարկով։ Ընկերությունը, որը փոխարինեց «Քինգ Դելյուքսին»։

Ինչ վերաբերում է բարեգործական ավտոբուսներին, նշենք, որ դրանք առաջ ավելի մեծ հաճախականությամբ էին երթուղի դուրս գալիս, հիմա օրական ընդամենը մեկ-երկու անգամ են ուղեւոր փոխադրում։ Բայց դա բացատրվում է ամառային սեզոնով՝ ուսանողներն արձակուրդի մեջ են եւ բարեգործական փոխադրումների կարիք չկա, դրանց կարիքը կառաջանա սեպտեմբերին, երբ նորից ավտոբուսները կանոնավոր կաշխատեն։

Անի Առաքելյան

Մեկնաբանություն
X