Պատրաստվում են փաստաթղթեր Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության համար

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հիմքեր են ստեղծվում։ Հաղորդվում է, որ կազմակերպությունում դիտակվում է Ադրբեջանին որևէ կարգավիճակ տալու հարցը։ Աղբյուրը հայտնում է, որ օգոստոսի 16-17-ը Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացվել ՀԱՊԿ անդամ պետությունների համապատասխան ներկայացուցիչների հետ՝ փաստաթղթերի փաթեթը կողմերի հետ համաձայնեցնելու համար։

Նախատեսվում է Ադրբեջանին տալ ՀԱՊԿ ռազմական բլոկում դիտորդի և գործընկերոջ իրավական կարգավիճակ։ ՀԱՊԿ քարտուղարությունում տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում առաջարկվող փաստաթղթերի փաթեթը համաձայնեցվել է կողմերի հետ։ Սպասվում է, որ առաջիկայում նախագծերը կներկայացվեն ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդներին։

Ռուսաստան-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության խմբի ղեկավար Ալի Գուսեյնլին հայտնել է, որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում հնարավոր է քննարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հարցը։

Այժմ ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։ Կազմակերպության գործունեության նպատակներն են խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդումը, հավաքական պաշտպանության վրա հիմնված անդամ երկրների անկախության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ապահովումը։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը դեռ զբաղեցնում է Յուրի Խաչատուրովը, ով մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա ազատ է արձակվել 5 մլն գրավի դիմաց։ Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ պաշտոնական Երևանն առաջարկել է ՀԱՊԿ անդամ երկրներին՝ սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։

Մեկնաբանություն
X