Արծվիկ Մինասյանը ոլորտը համալրում է իր կուսակիցներով

Օրերս դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը, ով նախկին էկոնոմիկայի նախարարությունից գնաց Բնապահպանություն, հիմա էլ վերադարձել է նորից հին տեղը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, վերջին շրջանում երկու նոր նշանակում է արել իրեն ենթակա կառույցներում։ Նա Ստանդարտների ազգային ինտիտուտում Մեսրոպ Բզնունուն է նշանակել ղեկավար, իսկ Չափագիտության ազգային ինստիտուտում՝ Մհեր Բաբաջանյանին։

Վերջինս ԿԳՆ-ում աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր՝ դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանի օրոք։ Այս կադրերը մեր ուշադրության կենտրենում չէին հայտնվի, եթե հայտնի չլիներ նրանց կուսակցական պատկանելիությունը։ Թե՛ Բզնունին, և՛ թե Բաբաջանյանը դաշնակցական են, ինչպես իրենց նշանակող նախարարը։

Փաստորեն, Արծվիկ Մինասյանը հիմա էլ դաշնակցականներով է համալրում այս ոլորտը։ Դրանից առաջ նա իր կուսակից ընկերներին էր պաշտոնի տեղավորել բնապահպանության նախարարությունում։ Բայց իրենց ենթակա կառույցներում իրենց կուսակիցներին հայտնի «ծանոթ-բարեկամ» սկզբունքով գործի տեղավորելը միայն Մինասյանի «մենաշնորհը» չէ։

Նախարարությունները, մարզպետարաններն ու անգամ ավելի ցածր օղակի կառույցները դաշնակցականներով համալրելու հատկություն ունեն գրեթե բոլոր ՀՅԴ-ական պաշտոնյաները։ Մինասյանից բացի այդպես են վարվել նաև նախորդ կառավարության դաշնակցական նախարարները՝ Լևոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանը, Արծվիկ Մինասյանն էլ, փաստացի, հետ չի մնում այս հարցում։

Նկատենք, որ այդ գործում հանրապետականներն էին «օրենսդիրը»՝ նրանց ժամանակ սկսվեց պետական ապարատի, ենթակա կառույցների կուսակցականացումը, ինչը որպես վատ օրինակ սկսեցին կիրառել նաեւ կոալիցիոն գործընկերները։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X