Ամեն ինչ անում են, որպեսզի հաճոյանան նոր իշխանություններին

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով դեռեւս որեւէ տեղաշարժ չկա։ Կալանավորման որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, սակայն այն չի բավարարվել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Որեւէ ապացույց նախաքննության մարմինը չունի, պարզապես ամեն ինչ անում են, որպեսզի հաճոյանան նոր իշխանություններին, դա է վարույթի հետապնդման միակ պատճառը։ Որեւէ ապացույց, որով կհաստատվի մեղադրանքը իրենք չունեն։ Դատարկ գործ է եւ փլվելու է դատարանում շատ արագ»,-նշեց պաշտպանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Դավիթ Համբարձումյանը հույս ունի, որ արդարությունը վերականգնվելու է․ «Դավիթը սրան վերաբերվում է կյանքում որպես մի պատուհաս, սպասում է եւ գիտի, որ արդարությունը վերականգնվելու է անպայման․․․Առերեսումներ եղել են, եւ ամբողջությամբ փլուզվել է մեղադրանքը, քանի որ առերեսվող անձինք տապալում են իրենց ցուցմունքները կամ հայտնում են, որ Դավիթի հետ որեւէ կապ չունի էս պատմությունը»։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով մեղադրվում են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս. Սահակյանը, 1995 թ. ծնված Գ. Համբարձումյանը, 1988 թ. ծնված Գ. Խաչատրյանը:

Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին 2-րդ մասերով՝ անկարգությունները կազմակերպելու և մասնակցելու համար:

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X