Ռոբերտ Քոչարյանն ու իր բանդայի անդամները պետք է հայտնվեն բանտում

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը եւ «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը անդրադարձան նաեւ 2013թ․ նոյեմբերի 5-ին Երեւանի կենտրոնում արժեքների հեղափոխություն իրականացնելու հետեւանքով ազատազրկված եւ առ այսօր անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին։ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ Շանթն ու իր ընկերները ընդվզել, ապստամբել են եւ կեղեքիչ ռեժիմի օրենքներով մնացել են բանտում։ Եվ հիմա Շանթը պնդում է, որ պահանջում է արդարացում։

Վարուժան Ավետիսյանի կարծիքով՝ համակարգի բոլոր զոհերի նկատմամբ պետք է լինի համաներում, բոլորի գործերը պետք է վերանայվեն, քանի որ նրանց նկատմամբ կա անվստահության կանխավարկած։ Հարցին, թե նոր իշխանությունների օրո՞ք էլ կապստամբեն, Վարուժան Ավետիսյանը հիշեցրեց, որ իրենք ապստամբել են այն պատճառով, որ Սերժ Սարգսյանի ռեժիմից դժգոհ են եղել, պետությունն էլ զավթված է եղել։ Իսկ իրենց նպատակը Հայաստանի ինքնիշխանության հանձնումը վիժեցնելն է եղել։ Այսօրվա իշխանությունները, ըստ նրա, չեն կերպափոխվել, նման երեւույթ չի նկատել։ Ապրիլյան հեղափոխությունը, նրա կարծիքով, 1993 թվականից սկսած շարժումների, էվոլյուցիոն պրոցեսների արդյունքում է տեղի ունեցել։

Լրագրողները հիշեցրին նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Պավլիկ Մանուկյանի խոսքերը Նիկոլ Փաշինյանի մասին․ նա, ի մասնավորի, ասել էր՝ Նիկոլին մտցրեք զիբիլի վեդրոն։ Վարուժան Ավետիսյանն արձագանքեց, որ պետք չէ ամեն ինչ անձնավորել, եւ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր անձնական վերաբերմունք չի արտահայտում։ Նա հավելեց, որ զինված ապստամբության օրերին իրենք մարդասիրական իրավունքի խախտում թույլ չեն տվել, չեն գնացել մարդ սպանելու, ամեն ինչ արել են, որպեսզի զերծ մնան մարդ սպանելուց։ Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանն ու ազատ արձակմանը, ապա Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ նա չպետք է ազատ արձակվեր, եւ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլեւ նրա բանդայի անդամները պետք է հայտնվեն բանտում։ Հակառակ դեպքում, ըստ նրա, կարելի է պնդել, որ հեղափոխություն տեղի չի ունեցել։

Մեկնաբանություն
X