Պետք է պարզել, թե ովքեր են մեղավոր սպանված ոստիկանների համար

ԱԺ ընտրություններին ընդառաջ քաղաքական ներկապնակում կավելանա եւս մեկ կուսակցություն՝ «Սասնա ծռեր» անվամբ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազդարարեցին Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը եւ «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը։ Նրանք միաժամանակ հայտարարեցին, որ փակում են զինված պայքարի էջը, իսկ «Սասնա ծռերը» որպես խմբավորում, դադարեցնելու է իր գործունեությունը որպես միավոր։ Իր բնույթով նոր կուսակցությունը լինելու է ավելի շուտ շարժում։

Ինչ վերաբերում է հետհեղափոխական Հայաստանին, ապա Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ թեեւ վտանգավոր վիճակ չէ, սակայն խառնակ վիճակ է։ «Նախկինները պետք է հասկանան, որ իրենց էջը փակված է, վերադարձ չկա։ Նախկիններից ոչ մեկը չպետք է երազի ապագա ԱԺ-ում հայտնվելու մասին»,- ասաց նա։ Հետո Ժիրայր Սեֆիլյանը հիշեցրեց, թե ինչպես փորձեցին Սերժ Սարգսյանին փոխարինել Կարեն Կարապետյանով, որն էլ փորձեց իր հերթին մեկ օրում դառնալ Սերժ Սարգսյան։

Սեֆիլյանը վստահեցրեց, որ իրենք բոլոր հնարավորություններով կանգնած են նոր իշխանությունների մեջքին, քանի որ Նիկոլ Փաշինյանի ձախողումը կլինի բոլորի ձախողումը։ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ պետք է պարզել, թե ովքեր են մեղավոր երկու տարի առաջ «Սասնա ծռեր»-ի գործողությունների ժամանակ երեք ոստիկանների սպանության համար, եւ եթե Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը մեղավոր չեն, ապա նրանք պետք է ճանաչվեն անպարտ։ Միաժամանակ նա հայտարարեց, որ ոստիկան Յուրի Տեփանոսյանին սպանել են ռեժիմի հրահանգով։

Իսկ Արմեն Բիլյանը ոստիկանների սպանության ժամանակ ներկա չի եղել։ Լրագրողների հարցին, թե իրենք պատրա՞ստ են հանդիպել զոհված ոստիկանների հարազատների հետ, Վարուժան Ավետիսյանն արձագանքեց, որ եթե նրանք ցանկանան, ապա ինքը կհանդիպի նրանց հետ։

Մեկնաբանություն
X