Մանվելի ստացածը համարժեք է նրա ապրածին

«Որեւէ մեկն իրավունք չունի խոսել Մանվելին պաշտպանելու օգտին, եթե նույնիսկ դիտավորյալ խախտել են նրա արժանապատվության իրավունքը»: «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Մանվել Գրիգորյանի՝ համացանցում հայտնված նկարի շուրջ բարձրացած աղմուկին ի պատասխան՝ այսպես արձագանքեց էջմիածինցիներից մեկը:

Այն, ինչին ականատես են եղել այս քաղաքի բնակիչներն ու ինչերի միջով են անցել, միայն իրենք գիտեն: Մանվելի «լուծն» այնքան ծանր է եղել, որ չդիմանալով՝ շատերը հեռացել են քաղաքից: Ովքեր էլ մնացել են, կա՛մ նրա հպատակներն են դարձել, կա՛մ հալածյալները:

«Էդ տաք-տաք խոսողները չգիտեի՞ն, որ իրենց շինծու գեներալը 20 տարի Էջմիածնում ստրկատիրական կարգեր էր հաստատել: Չգիտեի՞ն, թե ոնց է շահագործում, ծեծում, խոշտանգում, անարգում մարդկանց, թալանում նրանց ունեցվածքը, ունեզրկում: Ում կնոջ կամ աղջկա վրա աչք էր դնում, հասնում էր: Ինչքա՜ն ճակատագրեր է խեղել, ինչքա՜ն մայր ու որդիների է բաժանել իրարից… Բա էդ ժամանակ ինչի՞ էդպես ջերմեռանդորեն չէին պաշտպանում լլկվող էջմիածինցիներին, իրար հերթ չտալով՝ ասուլիսներ չէին հրավիրում, որ մենք տեսնեինք-հասկանայինք, որ օտար չենք այս երկրում, որ մեր շահերը պաշտպանողներ էլ կան…»,- ասաց նախկին ուսուցչուհի Մարիամ Մովսիսյանը:

Զրուցակիցս անբարո համարեց անազատության մեջ գտնվող մարդուն ծաղրելը, բայց դա Մանվելին չի վերաբերում: «Այդ հրեշը բացառություն է»,- ասաց նա: Նրա գնահատմամբ՝ Մանվելի ստացածը համարժեք է նրա ապրածին: «Տասնյակ տարիներ ինքն էր մեզ անազատության մեջ պահում. ծաղրում էր, նվաստացնում, հոշոտում: Բարոյապես ոչնչացնում էր, նույնիսկ դեպքեր են պատմում, թե ոնց է մարդկանց խեղանդամ սարքել, անգամ ֆիզիկապես ոչնչացրել»:

Նկարի շուրջ ստեղծված աղմուկից զարմացած է նաեւ Ժորա Հովհաննիսյանը: Թոշակառու տղամարդն ապրում է երկու որդիների կարոտով: Երկուսն էլ տարիներ առաջ Ռուսաստան են գնացել: Մանվելն ու իր շրջապատը թույլ չեն տվել, որ այստեղ բիզնես անեն: Ոչ միայն փայ են ուզել, այլեւ ստիպել են ենթարկվել իրենց օրենքներին: Տղաները մերժել են ու թքել-հեռացել:

«Երեւի Մանվելին ու իր մանկլավիկներին կարելի էր իրենց ուզածով մեզ հետ վարվել, մեր տղաներին խեղճացնել, կոտրել, իրենց ճորտը դարձնել… Բա մարդու իրավունքների պաշտպաններն էդ ժամանակ ո՞ւր էին, ինչի՞ մեր ոտնահարվող իրավունքները չէին պաշտպանում, չէին խոսում մեր ստորացվող արժանապատվության մասին: Սերժի բանդայի՞ց էին վախենում, թե՞ իրենց փող են տալիս, պատվերն էլ՝ հետը: Ի՞նչ է եղել որ… տեսեք-տեսեք՝ մի կիսատ-պռատ ֆոտո է հայտնվել համացանցում, իրենց կոտորում են, թե անազատության մեջ գտնվող մարդու իրավունք է խախտվել: Ոչ մի բան էլ չի խախտվել: Ընդհակառակը՝ փոխհատուցվում է»:

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Մեկնաբանություն
X