Անահիտ Թարխանյանը բանավեճի է հրավիրում Հայկ Մարությանին, Նաիրա Զոհրաբյանին և Արտակ Զեյնալյանին

Հարցազրույց ճարտարապետ, «Երեւանի հանրություն» նախաձեռնության Երեւանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանի հետ։

-Տիկին Թարխանյան, «Երեւանի հանրություն» նախաձեռնությունը Ձեր թեկնածությունն է առաջադրել Երեւանի քաղաքապետի պաշտոնում, ովքե՞ր են ներկայացված նախաձեռնության մեջ, եւ ինչպե՞ս որոշեցիք գլխավորել նորաստեղծ դաշինքի ցուցակն ու հավակնել Երեւանի քաղաքապետի պաշտոնին։

-Երկար տարիներ, հասարակական տարբեր ծրագրերի շրջանակում մենք բոլորս աշխատել ենք միասին եւ ամենակարեւորը՝ պայքարել ու պայքարում ենք Երեւանի խնդիրների համար։ Սա երկար տարիների փոխճանաչում է, եւ այդ վստահությունն էլ ձեռք է բերվել տարիների ընթացքում, օրինակ՝ Ավիացիայի ասոցիացիայի հետ մենք աշխատել ենք 2000-ից, պատկերացրեք քանի տարվա համագործակցության մասին է խոսքը։ Այսինքն՝ բնականոն ստացվեց մեր համագործակցությունը, որի արդյունքում ձեւավորվեց այն մոտեցումը, որ Երեւանն այսօր պետք է ներկայացվի հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք հանրության սերուցքն են։ Եթե նախկինում ընտրվում էին հասարակական գործիչներ, ովքեր լավագույն ձեւով ներկայացնում էին Երեւանի այս կամ այն բնագավառը եւ լավագույնս տիրապետում էին խնդիրներին, վերջին տարիների ընթացքում Երեւանը ներկայացվում է հիմնականում քաղաքական ուժերի կողմից, էլ չասեմ, որ նաեւ կառավարվել է քաղաքական ուժերի կողմից, ինչն իր հետքը թողել է, այսօրվա Երեւանի դեմքը հստակ փոխվել է, շատացել են քաղաքի խնդիրները, որոնք այսօր պետք է լուծել։ Մեր մոտեցումը սա է՝ անհրաժեշտ է նոր մասնագետներ գան, ովքեր ճանաչում են Երեւանի խնդիրները, ազատ կլինեն իրենց որոշումների մեջ, չեն իրականացնի այս կամ այն կուսակցության կամքը, որովհետեւ նախկինում էլ կուսակցությունները հասարակական գործիչներին ներգրավում էին իրենց ցուցակների մեջ, բայց հետո թելադրում էին իրենց կամքը։ Պետք է բոլորս ազատ լինենք որեւէ կուսակցական ուժի ցանկություններից, դրա համար որոշեցինք ձեւավորել անկախ նախաձեռնություն՝ դաշինք, որը կոչվում է «Երեւանի հանրություն», եւ այդ ցուցակով մասնակցել ավագանու ընտրություններին

-Քանի՞ հոգուց է բաղկացած դաշինքի ցուցակը, հիմնականում ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են ընդգրկված, եւ ովքե՞ր են զբաղեցնում ցուցակում 2-րդ, 3-րդ, 4-րդ տեղերը։

-Գրեթե բոլոր ոլորտները, որոնք ներկայացված են Երեւանի ավագանիում, Երեւանի գործառույթներն իրականացնող այն ուղղություններն են, որ կարեւոր են Երեւանի համար՝ տրանսպորտ, քաղաքաշինություն, սոցիալական խնդիրներ, մշակույթ։ Ինչ վերաբերում է առաջին դեմքերին, ապա դա Համայնատիրությունների ասոցիացիայի նախագահ Արամ Գրիգորյանն է, Ռադիոհեռարձակողների ասոցիացիայի ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանը, առողջապահության ոլորտի ներկայացուցիչ Անի Եփրեմյանը․ ընդհանուր առմամբ՝ ցուցակում մոտ 45 մարդ է ներառված։

-Քաղաքապետի պաշտոնին, փաստորեն, 9 թեկնածու է հավակնում, սուր մրցակցություն է սպասվում, կա ֆավորիտ թեկնածու «ՔՊ»-ից, որը Հայկ Մարությանն է, եւ կան մյուս քաղաքական ուժերը։ Դուք Ձեր եւ Ձեր դաշինքի շանսերն ինչպե՞ս եք գնահատում։

-Թե՛ իմ եւ թե՛ մեր դաշինքի շանսերը շատ բարձր եմ գնահատում։ Մեր համակիրներն են լինելու այն երեւանցիները, ովքեր մտահոգ են Երեւանի համար, ովքեր հասկանում են, տրամաբանում եւ, մասնագետ լինելով հանդերձ, հասկանում, թե ինչպիսի խնդիրներ ունի քաղաքը, եւ կուզենային տեսնել քաղաքի ռեալ փոփոխությունները։ Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա քարոզարշավը դեռ չի սկսվել։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է անպայման անցկացնել դեբատներ եւ դեբատների ընթացքում հասկանալ՝ ով եւ ինչպիսի կարողություններ ունի, որովհետեւ բացի մասնագիտական փորձից, որը շատ կարեւոր է, կա նաեւ պրոֆեսիոնալիզմ՝ կապված խնդրի լուծման հետ, որովհետեւ այսօր անհրաժեշտ է արագ կողմնորոշվել եւ կարողանալ լուծումներ գտնել կարճ ժամկետների մեջ։ Իսկ կարճ ժամանակացույցն իր դերն է խաղալու ցանկացած թեկնածուի համար, մի բան է, երբ մասնակցում ես ընտրություններին, մի այլ բան, երբ կառավարում ես համայնքը, որը կայացած է իր ինքնակառավարման մեջ, եւ այլ բան է, երբ դու փաստացի զրոյից փորձում ես ձեւավորել համայնքի ինքնակառավարման մարմինները։ Դա բավականին լուրջ ճնշում է լինելու բոլոր թեկնածուների վրա, որոնք հետագայում կարող են դառնալ քաղաքապետ։ Այդ դեբատների ժամանակ մենք կհասկանանք, թե ով է ավելի պատրաստ քաղաքապետ լինելու, իսկ համայնքը՝ երեւանցիները, պետք է ընտրեն ավելի պատրաստված մարդու՝ իրենց ինքնակառավարման իրավունքն իրականացնելու համար։

-Դեբատների մասով Ֆեյսբուքում օգտատերերից շատերն արդեն առաջարկություններ են անում, թե ում մասնակցությամբ եւ ինչ դեբատներ կցանկանան, որ լինեն։ Դուք ո՞ւմ հետ կուզեք բանավիճել եւ ի՞նչ թեմայով։

-Ես կուզենայի, որ այդ բանավեճի ժամանակ, բացի մեզնից, ներկայացված լինեին նաեւ Հայկ Մարությանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Արտակ Զեյնալյանը։

-Կարելի՞ է ասել, որ նաեւ բանավեճի առաջարկ եք անում նրանց։

-Այո, կարող ենք նաեւ այդպես ասել։

-Քարոզչությունը մեծ ռեսուրսներ է պահանջում, Դուք ունե՞ք այդ ռեսուրսները՝ թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական առումով։

-Ես գտնում եմ, որ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է ամեն մի քարոզարշավի, ընտրարշավի կազմակերպման եւ մասնակցության չափը նաեւ գումարային տեսանկյունից։ Մենք աշխատելու ենք օրենսդրության սահմանած չափանիշների շրջանակում։

-Քարոզարշավը շատ կարճ է տեւելու՝ մոտ 12 օր, ի՞նչ մարտավարություն եք որդեգրել, ինչպե՞ս եք կազմակերպելու այս ընթացքը, ավելի շատ ո՞ր լսարանի վրա եք աշխատելու։ Օրինակ՝ ԲՀԿ-ն իր մարտավարության մի մասը Ֆեյսբուքի վրա է կառուցելու։

-Քանի որ քարոզարշավը դեռ չի սկսվել, վաղ է խոսել մեր մարտավարության եւ վերլուծությունների մասին։ Ամեն դեպքում թիրախում կլինեն այն մտածող երեւանցիները, որոնք պատասխանատվություն են կրում Երեւանի ապագայի համար։ Մեր համակիրները հենց նրանք են լինելու։ Ինչ վերաբերում է մարտավարությանը, եւ թե ինչ սկզբունքներով ենք աշխատելու, քարոզարշավը ցույց կտա, բայց դեռ շուտ է դրա մասին խոսել, քանի որ նախապատրաստական փուլում ենք գտնվում։ Տեսլական, իհարկե, կա, բայց պետք է ուսումնասիրել եւ հասկանալ, թե նախնական գաղափարներն ինչքանով են համապատասխանում ճիշտ մարտավարությանը։

-Ձեր հավակնությունը միայն քաղաքապետի պաշտոնի՞ համար է, թե՞ այլ արդյունքի դեպքում էլ պատրաստ եք մտնել ավագանի եւ աշխատել այդ կազմում։

-Եթե չհաջողվի, ինչը ես կասկածում եմ, որովհետեւ շատ բարձր եմ գնահատում մեր պոտենցիալը, այնուամենայնիվ, մենք ակտիվ կաշխատենք ավագանիում, կփորձենք մեր համակիրների ավելի լայն շրջանակ մասնակից դարձնել ավագանու աշխատանքներին եւ կներգրավենք հանրությանն ավագանու ցանկացած որոշման մեջ, որը, կարծում եմ, շատ կարեւոր է։ Հանրությունը, համայնքը կարծես մասնակից են իրավիճակին միայն ընտրությունից ընտրություն, մինչդեռ համայնքը պետք է ամեն օր ներգրավված լինի ավագանու, քաղաքապետի սկզբունքային որոշումների կայացման մեջ։

-Ձեր ծրագրի մասին մի փոքր խոսեք, հիմնականում ի՞նչ խնդիրներ եք կարեւորել։

-Մեր ծրագիրը կազմելու ենք 4 տարվա համար, որի ամբողջ ներդրումային մասը լինելու է 1 մլրդ դոլար։ Ինձ հաճախ մեղադրում են, թե այս ինչ թվերի մասին եմ խոսում, բայց դա այն գումարն է, որ այսօր կազմում է քաղաքապետարանի բյուջեն, պարզապես մեր նպատակը լինելու է վերապլանավորել, ստեղծել հնարավորություններ եւ ավելի ճիշտ օգտագործել քաղաքապետարանին պատկանող ռեսուրսները։ Դա լինելու է ընդհանուր ծրագրի մոտեցումը։ Միաժամանակ փորձելու ենք այս 4 տարվա մեջ ստեղծել նոր աշխատատեղեր՝ բարձրացնելով երեւանցիների կենսամակարդակը։ Աշխատելու ենք սոցիալական խնդիրների շուրջ։ Մեր առաջնային խնդիրներից է ներառական քաղաքը, որը նշանակում է քաղաք, որը հասանելի է տարբեր սոցիալական շերտերի համար, եւ քաղաքի ռեսուրսներից, հնարավորություններից հավասարապես օգտվում են բոլորը, այլ ոչ թե ընտրյալները, ինչպես որ եղել է մինչ օրս։ Լավ մանկապարտեզ, լավ դպրոց ունենալու եւ մի շարք թիրախավորված խնդիրների շուրջ քաղաքապետը հատուկ սոցիալական հատկացումներ պետք է անի, որպեսզի բարելավի իրավիճակը։ Ինչ վերաբերում է կանաչ քաղաքին, ավաղ, շատերը չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում կանաչ քաղաք, 1 երեւանցուն հասանելիք 16 քառակուսի մետր կանաչ զանգվածը տարիների ընթացքում նվազել է մինչեւ 7․8 քառակուսու, որը կրիտիկական կարմիր մասսա է կազմում, եւ պետք է սրա շուրջ շատ լուրջ մտածել։

-Տրանսպորտի, աղբահանության խնդիրը նույնպես մեր քաղաքի առաջնային հարցերից է, այդ մասով կա՞ կոնկրետ ծրագիր։

-Միանշանակ կա, անպայման պետք է լուծենք հասարակական տրանսպորտի հարցերը, պետք է վերապլանավորում անել, նոր փողոցներ ձեւավորել եւ բեռնաթափել քաղաքի կենտրոնը։ Միայն հասարակական տրանսպորտի նոր մոդել ձեւավորելով՝ չես կարող բեռնաթափել Երեւանի կենտրոնը։ Դրա համար պետք է շատ ավելի մեծ քաղաքաշինական ծրագրեր լուծել։ Աղբահանության դեպքում միանշանակ պետք է նոր ֆիրմաներ ներգրավել, նոր տենդերներ հայտարարել։ Մինչ օրս այդ տենդերները շատ ծանրաբեռնված էին կոռուպցիոն ռիսկերով, դրանք պետք է բացառել։ Մենք լուրջ խնդիր ունենք աղբահանության ոլորտում, որովհետեւ կոշտ թափոնների խնդիրը շատ ակտուալ է, որը խոսելու առանձին թեմա է։ Այսօրվա չափանիշները՝ մրցույթներ, տենդերներ իրականացնելու տեսանկյունից, բացարձակապես չեն համապատասխանում պրոգրեսիվ մոտեցմանը, որը գոյություն ունի միջազգային ատյանների տենդերների անցկացման բնագավառում։ Մեր տենդերները շատ մեծ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, եւ դա մի այլ ծրագիր է, որի մասին պետք է դարձյալ առանձին խոսել։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X