Ով էլ որ ընտրվի քաղաքապետ, պետք է սա նկատի ունենա

Մոտենում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները։ Այս ընտրությունները մյուսներից տարբերվում են նաեւ նրանով, որ մասնակցության հայտ են ներկայացրել բավականին մեծ թվով կուսակցություններ։ Երեւանի ավագանու անդամ Ենոք Ազարյանի խոսքով՝ կարեւորն այն է, որ ավագանին, անկախ կուսակցությունների թվից, կարողանա ներկայացնել հասարակության տարբեր շերտերի իրավունքներն ու շահերը, եւ իրենց ծրագրերն ուղղեն ապագայում խելացի Երեւան ունենալու գաղափարին․ «Ես կարծում եմ, որ բազմաշերտ հասարակության մեջ կոնկրետ Երեւանի պարագայում դրական է, որ մեծ թվով կուսակցություններ են մասնակցում, բայց եթե անգամ քիչ թվով կուսակցություններ մասնակցեն եւ ներկայացնեն մեր հասարակության որոշակի շերտի իրավունքները, այդ առումով՝ եթե միտված լինեն նպատակային գործի, կարծում եմ, ամբողջական կերպար կստացվի։ Ի վերջո կուսակցությունները, մարդկանց խմբերը, անհատները կամ կորպորացիաները, առանձին-առանձին վերցրած, ունեն իրենց նպատակներն ու խնդիրները։ Բայց Երեւանի դեպքում պետք է բոլորը միահամուռ, ներկայացնելով տարբեր շերտերի իրավունքները, իրենց ծրագրերն ուղղեն ապագայում խելացի, թվային Երեւան ունենալուն»։

Ենոք Ազարյանի խոսքով՝ խելացի եւ հարմարավետ քաղաք ունենալու համար ՄԱԿ-ը վաղուց մի մոդել է առաջարկել, որով այժմ շարժվում են աշխարհի գրեթե բոլոր զարգացած պետությունները, պարզապես նոր քաղաքապետը պետք է տիրապետի այդ գիտելիքներին եւ նկատի ունենա այդ ծրագիրը՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կհաղթի, եւ ով կդառնա քաղաքապետ․ «Թվային քաղաքի կոնցեպտը ՄԱԿ-ի կողմից հռչակված զարգացման նպատակներն են, որոնց համահունչ՝ «ԻՍՕ» միջազգային կազմակերպությունը, որի մեջ 164 երկիր է ներառված, այդ թվում՝ Հայաստանը, մշակել է համայնքների կայուն զարգացման «37120» շարքը։ Դրանք այն չափորոշիչներն ու պահանջներն են, թե ինչպես են քաղաքները դառնում խելացի։ Տենդենց կա, որ մինչեւ 2040 թվականը աշխարհի բնակչության 60 տոկոսը ցանկանում է ապրել խելացի քաղաքում։ Այդ առումով ՄԱԿ-ը, իր նպատակներին համահունչ, ներկայացնում է զարգացման ծրագիր, որը բխում է տնտեսության եւ քաղաքի բոլոր ենթակառուցվածքներից՝ տրանսպորտից, աղբավերամշակման գործարաններից, մանկապարտեզներից, առողջապահական կենտրոններից, վերելակներից եւ այլ ենթակառուցվածքներից, ամբողջովին ներառված են այդ ծրագրում։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր թեկնածու կամ քաղաքական ուժ, որը պետք է ներկայացնի Երեւան քաղաքը, պետք է հիմքում ունենա ՄԱԿ-ի կողմից հռչակված՝ ընդհանուր, կայուն զարգացման նպատակներին համահունչ համայնքի զարգացման ծրագիրը։ Իսկ դրա համար պետք է, որ մեր թեկնածուները տիրապետեն այդ գաղափարին, որովհետեւ, երբ որ մենք խոսում ենք Երեւանի մասին, չպետք է մոռանանք, որ, օրինակ, Իսակովի պողոտայում իրականացվող գծագրերը միտված են այդ ծրագրի գաղափարին։ Աշխարհը շատ հեռու է գնացել, եւ մենք, ուզենք թե չուզենք, պետք է ներդաշնակ լինենք աշխարհին։ Սրանք այն ինդիկատորներն են, որոնք հստակ որոշում են՝ մի քանի տարի հետո մեր քաղաքը լինելո՞ւ է խելացի, թվային, հարմար, թե՞ ոչ»։

Նախկինում Երեւանի խնդիրների մեծ մասը պայմանավորվում էր ֆինանսական միջոցների սղությամբ։ Մասնավորեցնելով տրանսպորտի վիճակով՝ Ազարյանին հարցրինք, թե ՄԱԿ-ի համայնքների ընդհանուր զարգացման ծրագիրը միայն խորհրդատվությո՞ւն է ենթադրում, թե՞ նաեւ ֆինանսական աջակցություն։ «Բազմաթիվ ծրագրեր կան եւ բազմաթիվ ներդրողներ կան, որ պատրաստ են ներդրումներ անել։ Եթե, օրինակ, մենք տրանսպորտը դիտարկում ենք որպես բիզնես, ապա շատ խոշոր եւ լուրջ կազմակերպություններ կան, որոնք պատրաստ են ներդրումներ անելու։ Եվ ոչ միայն տրանսպորտ՝ վերելակները, աղբավերամշակումը։ Այդ կազմակերպությունները պատրաստ են ներդրումներ անել, քանի որ դա ենթադրում է որոշակի շահույթ։ Եթե դուք համաձայնում եւ տալիս եք, մարդիկ պատրաստ են շատ արագ դա անել։ Այստեղ առաջնահերթը ոչ թե գումարի խնդիրն է, այլ գաղափարին տիրապետելու խնդիրը»։

Հարցրինք, թե ինչպես պետք է քաղաքապետարանը կամ ՄԱԿ-ը տրանսպորտի վիճակը լավացնելու նպատակով պայքարի բազմաթիվ գծատերերի դեմ, որոնցից շատերը պաշտոններ են զբաղեցնում պետական գերատեսչություններում եւ նույնիսկ՝ քաղաքապետարանում։ «Տեսեք՝ գաղափարական մասով եթե ասեմ, ապա այդ ծրագրով նաեւ ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր։ Մոտեցումը հիմնականում այն է, որ իրենք վերացնում են ոչ թե հետեւանքները, այլ կոռուպցիան՝ որպես այդպիսին, բացառում են եւ բարձրացնում են տվյալ քաղաքի վարկանիշը։ Կան կազմակերպություններ, որոնք աշխատանքներ են իրականացնում մրցույթների կազմակերպման գործում, աշխատանքի ընդունվելու հետ կապված եւ այլն, բոլոր գործընթացները դարձնում են թափանցիկ։ Որպեսզի մենք զերծ մնանք սուբյեկտիվ գործոններից, աշխարհը մտածել եւ ստեղծել է մոտեցումներ, որով ամեն ինչ դառնում է օբյեկտիվ»։

Հարց ուղղեցինք նաեւ բնակիչների՝ որպես շահառու կողմի, ներգրավվածության մասով։ Նախկինում քիչ չեն եղել դեպքերը, երբ քաղաքապետարանի կատարած աշխատանքների հետեւանքով աղմուկ է բարձրացել։ Մասնավորապես, Իտալիայի փողոցին հարակից այգում կատարվող աշխատանքները քաղաքապետարանն անվանում էր բարեկարգում, իսկ բնակիչների մի մասը՝ ծառահատում եւ կանաչ գոտու կրճատում։ «Ի վերջո կարեւորը բնակիչներն են, ովքեր գնահատական են տալիս, եւ այս աշխատանքի մեջ կարեւոր մաս կա ներդրված, որ ուղիղ հետադարձ կապը միշտ ապահովված լինի բնակիչների եւ մարդկանց միջեւ, ովքեր ծառայում են այդ բնակիչներին։ Եվրոպական երկրներում եթե քաղաքացին դիմի որեւէ կառույցի, եւ նրա խնդիրը 5-10 րոպեի ընթացքում չլուծվի, ապա այդ կառույցը գոյություն չի ունենա։ Մեզ մոտ հնարավո՞ր է․ դա կապված է մտածելակերպի հետ, դրա համար հիմքում դրվում են մարդու ազատություններն ու իրավունքները։ ՄԱԿ-ի այդ ծրագիրը հենց բխում է այս գաղափարներից»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X