Ռուսները թալանել են ռուսների՞ն

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին մոտ կանգնած շրջանակից պարբերաբար լուրեր են տարածվում այնտեղ կատարվող չարաշահումների, վատնումների, աշխատակիցների իրավունքների խախտումների մասին։ Երկու տարի առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էր՝ որպես մենաշնորհային դիրք ունեցողի, ստուգումներ կատարել ռուսական ձեռնարկությունում։ Երկար, շուրջ կես տարի տեւած ուսումնասիրությունից հետո չարաշահումներ էին հայտնաբերվել։ Հուլիսի վերջին ընկերության աշխատակիցները բաց նամակով դիմել էին Հայաստանի վարչապետին՝ հայտնելով Հայաստանի կառավարության հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի խախտումների, կայարանների ապօրինի փակման, շարժակազմը մետաղի ջարդոնի վերածելու ու կոպեկներով վաճառելու, նոր վագոնների փոխարեն հին վագոններ ձեռք բերելու, այլ չարաշահումների մասին։ Նրանք նաեւ անուններ էին տվել՝ «երկաթուղու ամբողջ թալանի պատասխանատուն գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն է, նրա հետ միասին երկաթուղին թալանում են գլխավոր հաշվապահ Վեներա Ավետիսյանը, տեղակալներ Արմեն Դարբինյանը, Իլյա Կելպերիսը, ներդրումային գումարները՝ թալանը համակարգող Նիկոլայ Անտոնովը, մատակարարման ծառայության պետ Լադոշան, գործերի կառավարիչ Կարեն Անտոնյանը»,- գրել էին երկաթգծի աշխատողները վարչապետին։ Մի երկու շաբաթ անց ՊԵԿ օպերվարչությունը սեւ բերետավորներ ուղարկեց «Հարավկովկասյան երկաթուղի»։

Խուզարկություններ կատարվեցին, փաստաթղթեր առգրավվեցին, իսկ երկաթուղու ադմինիստրացիան այս արարքը գնահատեց որպես «ոչ բարեկամական եւ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ավանդույթները խախտող»։ Իրականում, սակայն, խոսքը ոչ այնքան հայ-ռուսական բարեկամությունը խաթարելու մասին էր, որքան ռուսական ձեռնարկության ադմինիստրացիայի կողմից իր իսկ գլխամասային ձեռնարկության՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից ներդրված գումարները գողանալու, յուրացումներ թույլ տալու։ «Հրապարակի» հուսալի աղբյուրները հայտնում էին, որ երկաթուղում 9.7 մլն դրամի խախտումներ են հայտնաբերվել ԱԱՀ-ի գծով։ Ի՞նչ է կատարվում «Հարավկովկասյան երկաթուղում» այսօր, արդյոք ստուգումներն ավարտվե՞լ են, եւ ի՞նչ արդյունքներ են գրանցվել։ Ո՛չ պետական մարմնի, ո՛չ էլ ռուսական ձեռնարկության մամուլի պատասխանատուները չպատասխանեցին «Հրապարակի» հարցին։

«Մեր պատասխանը՝ մենք այդ հարցի շուրջ իրավիճակը չենք մեկնաբանում»,- ասաց մեզ «Հարավկովկասյան երկաթուղու» մամուլի պատասխանատու Վարդան Ալոյանը, որը, մեր տվյալներով, իր լռության համար հայաստանյան ստանդարտների հետ անհամատեղելի աշխատավարձ է ստանում։ ՊԵԿ մամուլի պատասխանատու Լուսինե Մկրտչյանն էլ մեր հարցին, թե ինչ արդյունքներ ունեցան «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում ՊԵԿ իրականացված ստուգումները, չպատասխանեց։ Նա պահանջեց գրավոր հարցում, որովհետեւ «սա այն հարցն է, որ միայն պաշտոնապես պետք է պատասխանել»։ ՊԵԿ-ում հեղափոխության ֆոնին կորցրել են օպերատիվության զգացումը եւ վերադարձել քարի դարին, երբ պաշտոնականը միայն գրավորն էր համարվում։

Ստիպված եղանք դիմել մեր աղբյուրներին։ Պարզվում է՝ ՊԵԿ-ը զուտ հարկերի գծով ստուգումներ իրականացնելով, նաեւ այլ, թերեւս ավելի լուրջ խախտումների հետքին է ընկել։ Պաշտոնական տվյալներով, 10 տարվա ընթացքում երկաթուղու ենթակառուցվածքների եւ շարժակազմի բարեկարգման համար ռուսական կողմն ավելի քան 270 մլն դոլար է ներդրել։ Իրականում, սակայն, կոնցեսիոն պայմանագրում անհամեմատ մեծ գումար պետք է ծախսվեր։ Այն եկել է Հայաստան, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, մսխվել է հենց նույն ռուսական չինովնիկների կողմից։ Սա այն դեպքն է, երբ ռուսները թալանել են ռուսներին։ Մենք պարզեցինք նաեւ, որ ռուսական կողմը նույնպես շահագրգռված է, որ հայկական երկաթգծում շահագրգիռ եւ օբյեկտիվ քննություն իրականացվի։ Ընդունելով, որ հարցը նուրբ է, պատրաստ ենք հրապարակել ՊԵԿ պարզաբանումներն այս հարցի շուրջ։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X