Փաշինյանի կառավարությունն աշխատում է նոր վարկեր չվերցնել

Նոր կառավարության օրոք ֆինանսների նախարարությունն աշխատում է չավելացնել Հայաստանի արտաքին պարտքը, հնարավորինս քիչ վարկեր վերցնել, հրաժարվում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող աջակցությունից։ Որոշ դեպքերում նույնիսկ կասեցվում են նախորդ կառավարության կողմից նախապատրաստված վարկային ծրագրերը։ Մեր տեղեկություններով, վերջերս մի այդպիսի ծրագիր էր կասեցվել, որը պետք է իրագործվեր մոտ 1 մլն դոլարի վարկային միջոցներով։

Մենք փորձեցինք ճշտել նախարարությունից, թե ինչ ծրագրի մասին է խոսքը, որը նախապատրաստվել էր Վարդան Արամյանի օրոք, եւ որը կասեցրել է Ատոմ Ջանջուղազյանը։ Ֆիննախի մամուլի պատասխանատու Աննա Վարդանյանը պատասխանեց․ «Կոնկրետ այդպիսի ծրագրի մասին մեզ հայտնի չէ։ Բայց տարբեր աշխատանքային հանդիպումների ժամանակ հաճախ են լինում վարկավորելու առաջարկներ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից, որոնք մերժվում են։ Մենք հակված չենք ավելացնելու Հայաստանի արտաքին պարտքը»։ Հիշեցնենք, որ, ըստ մասնագետների, մինչեւ 2018 թվականի ավարտը Հայաստանի արտաքին պարտքը կազմելու է շուրջ 7 մլրդ դոլար։ Սրան համահունչ ավելանում են նաեւ պարտքի սպասարկման ծախսերը։

Ըստ տնտեսագիտական կանխատեսումների, 2020 թվականին դրա սպասարկումը հասնելու է տարեկան 1 մլրդ դոլարի, ինչը մեր տնտեսության համար անհնարին բեռ է։ Վարկերից հրաժարվելու քաղաքականությունը, դատելով պաշտոնական տվյալներից, տալիս է իր արդյունքները։ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, արտաքին պարտքն այս տարվա առաջին կիսամյակում նվազման միտում է արձանագրել։ Հունիսին, ըստ ԱՎԾ տվյալների, այն նվազել է 50.243 մլն դոլարով եւ կազմել 6 մլրդ 774.604 մլն դոլար:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X