Ամերիաբանկը՝ Քաջարանի կոմբինատի փայատեր

Մեզ տեղեկություններ էին հասել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր բաժնետեր է հայտնվել․ Ամերիաբանկը ցանկանում է գնել 5-10 տոկոս բաժնեմաս եւ այժմ այդ նպատակով աուդիտ է անցկացնում: Տեղեկությունը փորձեցինք ճշտել կոմբինատից՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք որեւէ մեկը բաժնետոմսեր գնելու ցանկություն դրսեւորե՞լ է, եթե այո, ապա ո՞ր ընկերությունն է, եւ խոսքը քանի՞ տոկոսի մասին է։

Սակայն ավելի քան մեկ շաբաթ անց մենք ԶՊՄԿ-ից ստացանք պատասխան, որը գրեթե առնչություն չունի մեր հարցման հետ: Ահա այն․ ««ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը մշտապես թափանցիկ է եղել իրավասու սուբյեկտներին իր գործունեության բոլոր բնագավառների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հետ կապված հարցերում։ Որպես Հայաստանում ընդերքօգտագործման ոլորտի առաջատար կազմակերպություն՝ մեր ընկերությունը դեռեւս 2016 թվականի սկզբից ակտիվորեն ներգրավվել է Հայաստանում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ, 21X1) եւ ԱՃԹՆ ստանդարտի ներդրման գործընթացներին ստանձնելով համակարգողի գործառույթներ։ Ինչպես հայտնի է, ԱՃԹՆ-ն բնական պաշարների բաց եւ հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որի առանցքային նպատակներից է ավելի թափանցիկ եւ հաշվետվողական պետական եւ գործարար համակարգերի ստեղծումը, ինչպես նաեւ հանրային երկխոսության կայացումը խթանելը։

ԱՃԹՆ շրջանակներում «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունն արդեն իսկ ներկայացրել է 2016 եւ 2017 թվականների վերաբերյալ տարեկան համապարփակ հաշվետվությունները, որոնք պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության հետ համադրումից հետո կհրապարակվեն։ Նմանատիպ գործընթաց նախատեսվում է յուրաքանչյուր տարվա համար։ Տեղեկացնում ենք նաեւ, որ, անկախ ԱՃԹՆ ներդրման գործընթացներից, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ընկերությունը յուրաքանչյուր տարի սահմանված կարգով հրապարակում է իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները, որոնք մինչեւ հրապարակումը ենթարկվում են աուդիտի՝ այդ բնագավառում գործունեություն ծավալող ամենահեղինակավոր կազմակերպությունների կողմից։ Միաժամանակ նշենք, որ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունում, հերթական աոպիտից բացի՝ այլ նպատակներով կամ պատրվակով աոպիտներ չեն անցկացվել»: Ուշագրավ է, որ կոմբինատը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել մեր ստացած տեղեկությունները, ինչից կարող ենք եզրակացնել, որ դրանք շատ մոտ են իրականությանը:

Ինգա ՄԱՐՏԻՆՅԱՆ

Մեկնաբանություն
X