Լույս է տեսել Հրապարակ Մշակութային հավելվածի նոր համարը

Սիրելի ընթերցող․

Այսօր՝ օգոստոսի 23-ի «Հրապարակ» օրաթերթի համարում, կարող եք ընթերցել նաեւ Հրապարակ Մշակութային Հավելվածի 7-րդ համարը։

Համարում կարող եք կարդալ՝ 2 բանաստեղծական շարք, մեկը՝ բանաստեղծ, լրագրող Սիրան Գրիգորյանի «Չքացում»-ն է, մյուսը՝ Արմեն Սարգսյանի «Այն, ինչ եղել է» շարքը։

Գեղանկարիչ, լրագրող Մարիամ Մուղդուսյանն առաջ է քաշում շատ կարեւոր հարցեր՝ ինչո՞ւ է գեղանկարչությունը դարձել անտեսված ոլորտ, ինչո՞ւ պետությունը ձեռք չի բերում արվեստի գործեր․ «Խորհրդային տարիներին պետությունը որոշակիորեն աջակցել է գեղանկարիչներին՝ նրանցից արվեստի գործեր ձեռք բերելով կամ պետական պատվեր տալով։ Հետխորհրդային շրջանում արվեստն ազատականացվեց՝ միաժամանակ գեղանկարիչներին զրկելով առավելություններից, որ տալիս էր պետությունը։ Անկախության շրջանում նկարիչներին տրվող առավելությունը հասել է իր նվազագույն շեմին, իսկ պետական պատվերների կամ արվեստի գործերի ձեռքբերման մասին թերեւս կարելի է նույնիսկ չմտածել, մինչդեռ չմոռանանք, որ այսօր մեր երկրի թանգարանների ֆոնդերը հարստացել են հենց պետության կողմից արվեստի գործերի ձեռքբերման շնորհիվ»։

Լրագրող, վավերգարող Սյուզան Սիմոնյանն իր ակնարկում պատմում է Մուսալեռցի «Չաուշի» մասին, ում 1983թ-ին դատապարտեցին Գեւորգ Չաուշի մասին գիրքը տպելու համար․ «Բոլորը՝ քննիչները, դատավորը, հասկանում էին, որ նա դատվում է հայրենասիրության համար: «Դատարանում ոչ ոք չէր խոսում: Դատավորը նույնիսկ չդիմացավ, մի պահ ասեց՝ ինչպե՞ս դատենք այս երիտասարդներին: Ախր, նրանք ոչ մի բան չեն արել: Ախր, թղթի գողության համար դատելը... թուղթը ոտքի հետ գնում էր, ամեն տեղ թափած»,- ծիծաղի է տալիս Մարիամը: Երկուսուկես տարի նա եղբորը «պերեդաչի» էր տանում բերդ: Կալանավայրում սիրիահայ Անդրանիկն օրինական վարք ուներ, չէր «ծակվում», ասում է՝ «պլան» չէր քաշում: «Միայն չեֆիր էր խմում մեկ-մեկ»։

Բանաստեղծ, հոգեբույժ Արամ Մամիկոնյանը քննում է բանաստեղծության եւ հոգեւերլուծության առնչությունները, միաժամանակ պոեզիան դիտարկելով՝ իբրեւ հոգեվերլուծության փորձ․ «Բանաստեղծը, ով իր համար առաջնահերթություն է հայտարարում անձնական փորձառությունը, կարծես ակամայից ինքն իրեն թիրախավորում է հոգեվերլուծության առաջ: «Թիրախավորում» եմ ասում, որովհետեւ դժվար թե որեւէ բանաստեղծ համաձայնի, որ գրում է բացառապես իր հոգեթերապեւտի համար, բայց եթե փոխենք վեկտորի ուղղությունը, այսինքն՝ գրում է, որովհետեւ ինքն իր վրա զգում է դրա թերապեւտիկ ազդեցությունը կամ ինքն է իր խոստովանահայրը, կամ ինչպես կուզեք անվանեք… արդեն ընդունելի է ստացվում»:

Մեկնաբանություն
X