«Հրապարակ»․Նոր դեսպաններ՝ նոր քաղաքականությո՞ւն․ ինչ փոփոխություններ են սպասվում

Առաջիկայում մեծ թվով դեսպաններ են հետ կանչվելու, քանի որ «Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության ծրագիրն իրագործած դեսպանները չեն կարող Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն իրականացնել»։ Երեկ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարեց, որ հեռանում է, թեեւ իրականում իշխանությունն է հրաժարվում նրա ծառայություններից։ Մեր աղբյուրներն ասում են, որ արտաքին գործերի նախարարի տեղակալները նշանակվելու են տարբեր երկրներում դեսպան՝ Աշոտ Հովակիմյանը, ամենայն հավանականությամբ, Չեխիայում, որտեղից Տիգրան Սեյրանյանին կտեղափոխեն այլ երկիր։ Դեսպան կնշանակվեն նաեւ Կարեն Նազարյանը եւ Արմեն Պապիկյանը։ Շավարշ Քոչարյանը կմնա իր պաշտոնին, քանի որ, չնայած առաջացած տարիքին, համարվում է ղարաբաղյան բանակցությունների գծով ամենատեղեկացված մարդը։

Հետ կկանչվեն Իտալիայի եւ, բնականաբար, Վատիկանի դեսպանը՝ Միքայել Մինասյանը։ Ռուսաստանի դեսպան Վարդան Տողանյանը թեեւ նշանակվել է 2017-ին, սակայն, ամենայն հավանականությամբ, նույնպես հետ կկանչվի․ նրա աշխատանքից դժգոհ են։ Հայաստան կվերադառնա նաեւ Արա Սահակյանը՝ Ղազախստանում ՀՀ դեսպանը։ Դեռեւս թափուր է Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնները։ Հներից կշարունակեն պաշտոնավարել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, հավանաբար՝ Ֆրանսիայի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Դեսպան կնշանակվի նաեւ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, խոսվում է Նիդերլանդների մասին, թեեւ այնտեղ այս տարեսկզբին է նշանակվել դեսպանը՝ Գարեգին Մելքոնյանը։ Որեւէ ֆրանկոֆոն երկրում դեսպան կնշանակվի նաեւ ԱԳ նախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանը, ով կոորդինացնում է Ֆրանկոֆոնիայի համաժողովի կազմակերպման աշխատանքները։ Եվ ամենակարեւորը՝ կփոխվի նաեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը, դեսպան կնշանակվի վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը։

Մեկնաբանություն
X