Ոստիկանները և կանայք քաշքշել են միմյանց․ շատինցիները 2 ամիս է՝ շրջափակել են գյուղապետարանի շենքը

Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքի Շատին գյուղում անցած տարի նոյեմբերի ընտրություններից հետո պայքարը մինչ օրս շարունակվում է ընտրված համայքապետ Արթուր Ստեփանյանի դեմ։ Այսօր էլ միջադեպ է տեղի ունեցել գյուղի կանանց եւ ոստիկանների միջեւ։

Շատինցիները «Հրապարակ»-ին պատմեցին, որ այսօր մի քանի խմբով գնացել են մարզպետարան՝ հանդիպելու մարզպետին այն հարցի հետ կապված, որ արդեն 2 ամիս է, ինչ համայնքապետը աշխատանքի չի գալիս․ «Մենք ակցիա էինք կազմակերպել մարզպետարան, որ 68 օր ա գյուղապետարանը ժողովրդով շրջափակված ա, Արթուր Ստեփանյանն իր անձնակազմով աշխատանքի չի գալիս։ Էսօր ակցիա կազմակերպեցինք 150 հոգով դեպի մարզպետարան։ Իրենք էլ օգտվելով առիթից, որ ժողովուրդը Եղեգնաձոր ա գնացել, ոստիկանական խումբը ուղարկեցինք գյուղապետարանի շենքը գրոհելու համար։ Ոստիկանները եկել էին, որ մտնեին ներս, բայց կանանց հետ ընդհարում ա եղել, միջադեպ եղավ, քաշքշեցին իրար»։

Նրանց խոսքով՝ ոստիկանները ցանկացել են մտնել գյուղապետարան, որպեսզի համակարգիչներ առգրավեին, սակայն՝ ինչի՞ համար, չգիտեն․ «Մի ամիս առաջ եկել են քննչականից մեկի նյութերի վերաբերյալ։ Համակարգիչները տարել են, մեր ներկայացուցչի ներկայությամբ զննում արել են, բերել, դրել են տեղը, կնիքը դրել են վրեն ու գնացել։ Մենք էդպես էլ չիմացանք՝ ում հանդեպ, ինչ էին ուզում անել.... 2 ամիս 10 օր գյուղապետարանը փակել են, գիշեր-ցերեկ հերթապահություն ա էնտեղ, էսօր էլ էս միջադեպը։ Գնացել ուրիշ համայնքում ա նստում»։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Արթուր Ստեփանյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարը անջատված էր։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X