Իրավունք

Ավարտվել է Գավառի 54-ամյա բնակչի սպանության քրգործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գավառ քաղաքի 54-ամյա բնակիչ Հայրապետ Հերգնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի մեկ այլ բնակչի:

2018թ. մարտի 4-ին Գավառ քաղաքի բնակչուհուց ահազանգ էր ստացվել ամուսնու՝ 1963թ. ծնված Հ.Հերգնյանի անհայտ կորելու վերաբերյալ: Հաղորդման հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ կինն ամուսնու հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, որի ընթացքում հայտնել է, որ գտնվում է Գավառ քաղաքի շուկայի տարածքում և գնում է տուն: Սակայն վերջինս այդպես էլ տուն չէր հասել, իսկ ավելի ուշ հեռախոսահամարը դարձել էր անհասանելի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 54-ամյա Հերգնյանը դարձել է սպանության զոհ՝ համաքաղաքացու հետ գումարային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի մարտի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Գավառի 49-ամյա բնակիչը Գավառի կենտրոնական հրապարակի վրա գտնվող հանրախանութի մոտ հանդիպել է Հ.Հերգնյանին, ով խոսակցության ընթացքում 49-ամյա տղամարդուց պահանջել է իրենից ավելի վաղ պարտքով վերցրած գումարը: Այնուհետև Գավառի բնակիչները նստել են 49-ամյա տղամարդու՝ պարտապանի «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան, որտեղ նրանց միջև պարտքի գումարի շուրջ առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշոցի։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Հ.Հերգնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 49-ամյա տղամարդը բռունցքով ուժգին հարվածել է նրա դեմքի ձախ այտային մասին` պատճառելով պարանոցային երկրորդ ողի կոտրվածք, հոդախախտ, ողնաշարի պարանոցային հատվածի հարողնաշարային փափուկ հյուսվածքների, մկանների արյունազեղումներ, ողնուղեղի վնասումով, ողնուղեղի, ողնուղեղի փափուկ և կարծր թաղանթների արյունազեղումներ, որի հետևանքով վերջինս մահացել է:

Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով՝ նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մեքենայով դին տեղափոխել է Գավառ քաղաքին հարակից «Ազատ» կոչվող աղբանոցի տարածք, որտեղ փոս է փորել, դիակի վրա բենզին լցրել ու այրել, ապա՝ ծածկել հողով:

Պարզվել է նաև, որ 49-ամյա տղամարդն առերևույթ հափշտակել է նաև սպանության զոհի՝ Հերգնյանի մոտ առկա գումարը, ոսկյա մատանին և ձեռքի ժամացույցը:

Բացի այդ, 49-ամյա տղամարդու բնակության վայրում, քրեական գործով կատարված խուզարկությամբ, տան նկուղային հարկում՝ վերջինիս աշնանային բաճկոնի գրպանում, հայտնաբերվել է պրեկուրսոր՝ 0,00291 կգ քացախաթթվի անհիդրիդ՝ պահված 5 մլ տարողությամբ պլաստմասե ներարկիչի մեջ:

Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է նաև, որ Գավառի 49-ամյա բնակիչը կեղծ ցուցմունք է տվել՝ ասելով, թե 2018 թվականի մարտ ամսին Գավառի քաղաքային աղբանոցում Հ.Հերգնյանի դիակի իրական տեղը ցույց չտալու պատճառով ոստիկանության աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով որովայնի և մեջքի շրջաններում ստացել է մարմնական վնասվածքներ, որոնց մի մասը, իբր, ժամանակի ընթացքում անհետացել են:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ոստիկանության աշխատակիցներին վերագրվող, ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործության դեպք տեղի չի ունեցել, իսկ 49-ամյա տղամարդը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրել է ոստիկանության աշխատակիցներին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 333-֊րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Մեկնաբանություն
X