Մենք ամեն ինչ անում ենք կանոնակարգով․ սպորտի փոխնախարար

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության առջև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մի խումբ մարզիկներ և մարզիչներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով հանդիպում նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներից մեկի՝ Արամ Ավագյանի խոսքով՝ նախարարը չի ցանկացել իրենց հետ հանդիպել․ ցանկանում էին քննարկել ֆեդերացիայում ստեղծված խնդիրները․

«Ցանկանում էինք բռնցքամարտի ներկայացուցիչներով հանդիպել նախարարի հետ՝ ներկայիս խնդիրները քննարկելու, բայց, ցավոք սրտի, մեզ չընդունեցին։ Եկավ բռնցքամարտի ներկայացուցիչ մարդ, ով այժմ աշխատում է սպորտի նախարարությունում, և փոխանցեց նախարարի խոսքը, որ մեզ չեն կարող ընդունել։ Մեր պահանջը այն է, որ հանգիստ թողնեն բռնցքամարտի ֆեդերացիան, ու որոշ բաների անտեղյակությունից ելնելով, ավել-պակաս հայտարարություններ չլինի մեր ֆեդերացիայի մասին։ Մենք ընտրել ենք ֆեդերացիայի նախագահ, ինչը եղել է օրինական ձևերով, քանի որ ԱԻԲԱ-ն հաստատել և ճանաչել է։ Այդ իսկ պատճառով մեր նպատակը այն է, որ մենք ցանկանում ենք՝ այս ֆեդերացիայի հետ աշխատենք, այ ոչ թե այնպես, ինչպես որոշ ժամանակ առաջ մենք մարզիկներ էինք, և մեր մարզահագուստը գնում էինք մարզիչներից։ Ես չեմ ցանկանում անուններ տալ, թե ում հայտարարության վերաբերյալ է մեր դժգոհությունը, ես ընդհանուր իրավիճակն եմ ասում»,- մեզ հետ զրույցում ասաց բռնցքամարտիկը։

Թեմային նաև իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանը՝ մասնավորապես դեպքի առնչությամբ գրելով․

«Անընդունելի եմ համարում նման անտարբերությունը կամ կողմնակալ վերաբերմունքը մարզիչների նկատմամբ։ Սկզբում ,երբ ֆեդերացիայի անդամ չհանդիսացող երկու մարզիչ բողոքում էին,որոնցից մեկը հեռացվել է ֆեդերացիայից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու համար ( նա հարվածել է աղջիկ բռնցքամարտիկի) ,մյուսին ազատել է ֆեդերացիան խառնակչություններ հրահելու և մյուս մարզիչների համար անբարենպաստ պայմաններ ստեղծելու համար,նրանց ընդունում են սպորտի նախարարի ,ՀԱՕԿ-ի նախագահի և քարտուղարի գլխավորությամբ և մեծ Շոու են սարքում այդ ամենից։Իսկ երբ բռնցքամարտի աշխարհի 40-ից ավելի ներկայացուցիչ ուղղակի ցանկություն է հայտնում նախարարի հետ հանդիպել և արտահայտել իրենց տեսակետը և ներկայացնել իրենց դժգոհությունը տեղի ունեցող Շոու-ի վերաբերյալ,նրանց չէին ընդունում։ Այս ամենը փաստում է,որ տեղի ունեցող արհեստածին գործողությունները անձնավորված են Օլիմպիական կոմիտեի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից։ Հիմա ես գտնվում եմ Բուդապեշտում,որտեղ անցկացվում է երիտասարդների աշխարհի առաջնությունը,միևնույն ժամանակ այսօր Եվրոպական կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստն է։ Ի պատասխան Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ԱԻԲԱ գրած բողոքին,վստահեցնում եմ Ձեզ,որ ոչ ԱԻԲԱ-ի ,ոչ Եվրոպական կոնֆեդերացիայի կողմից չկա ոչ մի առարկություն,դիտողություն ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ կապված, ինչի մասին գրավոր կփաստի միջազգային կառույցը»։

Թեմայի առնչությամբ զրուցելու լրագրողների առաջարկը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից չմերժեցին, մեր հարցերին պատասխանեց փոխնախարար Գաբրիել Ղազարյանը։ Նրա խոսքով՝ իրենք չեն մերժել մարզիկների հանդիպելու առաջարկը, այլ պարզապես խնդրել են սպասել, մինչև նախարարը ազատ կլինի․

«Չմերժեց, ուղղակի ասաց, որ զբաղված է, մի փոքր պետք է սպասեն, բացի այդ՝ ես էլ երևի իրավասու եմ պատասխանել իրենց հարցերին, ինձ հետ չցանկացան հանդիպել։ Եթե ֆեդերացիայում առողջ մթնոլորտ չէ, և բուն ֆեդերացիայում 2 կողմ կա, և ֆեդերացիան էլ հստակ ասում է, որ ԱԻԲԱ-ն է իրենց ղեկավարը և ԱԻԲԱ-ն է որոշում, ապա խնդրեմ, թող ԱԻԲԱ-ն գա և իրենց հարցերը լուծի։ Եթե կա 2 կողմ, բնականաբար, մենք 2 կողմին էլ լսում ենք, մեզ՝ Սպորտի նախարարությանը և օլիմպիական կոմիտեին պետք է, որ լինի առողջ մթնոլորտ և աշխատանքները ճիշտ կազմակերպվեն, բայց եթե առողջ մթնոլրոտ չի լինում, նշանակում է, որ պետք է այդ հարցին լուծում տալ։ Եթե հարցին լուծում տվողը մենք չենք, թող ԱԻԲԱ-ն գա և լուծում տա»։

Հարցրինք, թե ինչպե՞ս պետք է ՀԱՕԿ-ը կամ Սպորտի նախարարությունը հարցին լուծում տա, եթե ՀԲՖ նախագահը պնդում է, որ վերջիններս իրենց վերադաս չեն․

«Ես ՀԱՕԿ-ի կողմից և կանոնակարգից ասեմ, խոսքը վերաբերում է ընտրություններին, և եթե կանոնակարգի մեջ գրված կետերը չեն պահպանվում, բնական է, որ մենք չենք խառնվում, մենք դիմում ենք ԱԻԲԱ-ին, որ իրենք այդ հարցերը լուծեն, ինչ վերաբերում է ՀԱՕԿ-ին, ապա այն իրավասու է իր երկրի ցանկացած ազգային ֆեդերացիայի ճանաչել կամ չճանաչել, դա իրենց և մեր օլիմպիական կոմիտեի գործառույթն է՝ միջազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ։ Մեզ պետք է, որ աշխատանքները ճիշտ տարվեն, և եթե այսօրվա դրությամբ ԱԻԲԱ-ն է որոշում, թող որոշի, այդ դեպքում էլ ՀԱՕԿ-ը իր կանոնակարգի համաձայն կորոշի»։

Հարցրինք նաև Արթուր Գևորգյանի մեկ այլ մտահոգության վերաբերյալ։ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ հնարավոր է՝ ստեղծվի բռնցկամարտի հանրապետական ֆեդերացիա, ինչին ի պատասխան ՀԲՖ նախագահը ասել էր, որ եթե նման բան լինի, ապա իրենք կկորցնեն այն, ինչ ունեն․

«Չեմ կարծում, ես Ձեզ մի բան ասեմ, պարոն Գևորգյանը շեշտում է, որ տարիներ առաջ նման մի դեպք է եղել, խոսքը ջրագնդակի մասին էր, և այդ ֆեդերացիան օլիմպիական կոմիտեն չընդունեց, և այլ ֆեդերացիա բացվեց, օլիմպիական կոմիտեն ճանաչեց այդ ֆեդերացիան և միջազգային ասպարեզ դուրս էին գալիս այդ մարզիկները։ Այսինքն՝ եթե մենք խոսում ենք կանոնակարգից, ապա այստեղ ամեն ինչ արվում է կանոնակարգով»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X