Համախմբվածությունների և երկխոսությունների Հայաստանը

Անկախ վերջին միտինգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունից, իրականում, բացի կապիտալիզմ կառուցելուց, երկրում կարեւոր ոչինչ էլ չի կատարվում:

Այս առումով, ով ինչ ուզում է ասի, միեւնույն է՝ մենք համոզված ենք, որ կապիտալիստական հասարակարգի կառուցման երկաթյա օրինաչափությամբ երկրում, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրհնությամբ, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի «կբռնենք, կդատենք»-ներով իրականում լեգիտիմացվում եւ օրինականացվում է այն կապիտալը, որն այս կամ այն ձեւով այս երեսուն տարիների ընթացքում հայտնվել է առանձին անհատների կամ կազմակերպությունների մոտ: Եվ մենք՝ հրապարակում կանգնածներս, ուշ թե շուտ, անշուշտ, հասկանալու ենք, որ այս իմաստով ինչ-որ կարեւոր բան փոխելու ժամանակները մեզ համար վաղուց անցել են: Անցել են, որովհետեւ այդ «կարեւորը» փոխելու մասին մենք պետք է մտածեինք դեռեւս այն օրերին, երբ որոշում էինք, որ «երկրում պետք է շուկայական տնտեսություն կառուցենք»։

Անշուշտ, մենք հիմա կարող ենք ճիշտ հասկացված չլինել, բայց վստահ ենք, որ կանցնի որոշ ժամանակ, եւ մենք ազգովի կհասկանանք, որ միակ բանը, որը դեռեւս կարող ենք անել, այն է, որ թույլ չտանք, որպեսզի ընթացող զարգացումներն ընթանան «թշնամիների կերպարի ձեւավորման եւ թիրախավորման» տրամաբանությամբ, թույլ չտանք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը երկիրը վերածեն իրենց միջեւ ընթացող պայքարի թատերաբեմի:

Այս առումով, իրոք եկել են ոչ թե կեղծ արժեքներով ղեկավարվելու, այլ երկրի եւ պետության հզորացման համար իրական հնարավորություններ եւ ուղիներ գտնելու ժամանակները: Մենք բոլորս պետք է վերջապես կարողանանք հասկանալ, որ միայն «բռնելով ու դատելով, ձերբակալելով ու նստեցնելով» կամ «ժամանակին ճիշտ չաշխատելու, իսկ այսօր եվրոդատարաններում արդարություն փնտրելով» չէ, որ երկիր ու պետություն են պահում: Երկիր ու պետություն պահում են նաեւ համախմբելով եւ համախմբվելով, համագործակցության կոչելով եւ համագործակցելով, իսկ վատագույն դեպքում՝ նաեւ «համագործակցություն պարտադրելով»:

Պետք է ոչ թե թիրախավորենք, այլ ընդամենը հասկանանք, որ եթե ժամանակին երկրի համար ընտրել ենք կապիտալիզմի ուղին, ուրեմն պարտավոր ենք հանդուրժել նաեւ հարստությունն ու հարուստներին: Ավելին, պետք է ընդունենք, որ առանձին հայ անհատների եւ հայկական կազմակերպությունների ձեռքին կենտրոնացած կապիտալը եւս հայկական կապիտալի մաս է, եւ դրա դեմ ոչ թե պետք է կռվել, այլ եղանակներ եւ միջոցներ գտնել մեր գործարանները վերագործարկելու, երկրի տնտեսության մեջ արտադրաարդյունաբերական եւ գիտաարտադրական ժամանակակից ճյուղեր հիմնելու, այլ խոսքով՝ ժամանակակից տնտեսությամբ բարեկեցիկ եւ հզոր Հայաստան կառուցելու գործին ծառայեցնելու համար:

Իհարկե, այդպես պետք է հարցերին մոտենան նաեւ նրանք, որոնց ձեռքում է այսօր կենտրոնացել այդ կապիտալը: Նրանք եւս պետք է հասկանան, որ այն, ինչը ,տրված է իրենց, երկրի հարստության մասն է եւ պետք է նախեւառաջ ծառայեցվի այս երկրի հզորացման գործին:

Թե չէ հասարակությունը «լավերի եւ վատերի» բաժանելու, հասարակության մեծամասնությանը «վատերին բռնելով» զբաղեցնելու՝ նախորդների ունեցած եւ ներկաների որդեգրած ուղին ամենահեշտ ուղին է, որն իրոք մեզ բոլորիս լավ տեղ չի տանի:

Այս առումով միակ բանը, որը մենք բոլորս լավ պետք է հիշենք, այն է, որ այլեւս երբեք չպետք է թույլ տանք, որ «հարստությունն ու պետությունը» սերտաճեն, չպետք է թույլ տանք, որ մեզանում ձեւավորվի մի իրողություն, որտեղ «պետությունը ղեկավարվում է ոչ թե երկրի շահերով, այլ սպասարկում է մարդկանց որոշակի շրջանակների քմահաճույքները»:

Բայց դրա հետ մեկտեղ պետք է հիշենք նաեւ, որ դրա համար ամենեւին էլ պարտադիր չէ նոր սահմաններ գծել, նոր բարիկադներ դնել, այլ ընդամենը պետք է մի կողմից երկրում ուժեղացնել երկխոսության եւ համագործակցության մթնոլորտը, իսկ մյուս կողմից ավելի ինտենսիվ եւ ավելի արդյունավետ դարձնել պետական մեքենայի կատարելագործման գործընթացը:

Եվ վերջում ուզում եմ ավելացնել, որ մեծ մասամբ հայ հարուստները նույնպես՝ իրենց կապիտալով, իրենց կարողություններով, կապերով, գիտելիքներով ու փորձով, այս ժողովրդի հարստության եւ հզորության մի մասն են: Անկախ ամեն ինչից՝ համոզված եմ նաեւ, որ ինչպես «Հայաստանի Հանրապետության ազատ եւ հպարտ քաղաքացիներից» շատերը, նրանք նույնպես ունեն հզոր եւ բարեկեցիկ հայրենիք կերտելու իրենց տեսլականը: Եվ, ուրեմն, բացի անխոհեմությունից, մեզ ոչ մի բան եւ ոչինչ չի խանգարի, որպեսզի մենք գնանք երկխոսության եւ համախմբման ճանապարհով, մանավանդ որ վաղվա բարեկեցիկ եւ հզոր Հայաստանը հենց համախմբվածության եւ երկխոսությունների Հայաստան է լինելու:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

Մեկնաբանություն
X