Պետությունը պետք է միջամտի տնտեսական կյանքին․ ՀՅԴ-ն սոցիալիզմի տարրեր է առաջարկում

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, ՀՅԴ անդամ Թադեւոս Ավետիսյանը, որը հեղափոխությունից հետո անհասկանալի պատճառներով ազատվեց աշխատանքից, այժմ ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգողն է։ Անցյալ տարեվերջից Ավետիսյանը կուսակիցների հետ աշխատում է ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների վրա, որոնք առաջիկայում ՀՅԴ նախընտրական պլատֆորմն են լինելու։ Թադեւոս Ավետիսյանը համոզված է, որ դաշնակցականների այս «նոու-հաուն» փրկություն է 30 տոկոս աղքատություն եւ 18 տոկոս գործազրկություն ունեցող երկրի համար։ ՀՅԴ-ն առաջարկում է կրթության, սոցպաշտպանության, առողջապահության, մշակույթի ոլորտներին ուղղել բյուջեի միջոցների ոչ թե 12 տոկոսը, ինչպես ներկայում է, այլ՝ 25։ Իսկ հիմնական շեշտադրումը եւ տարբերությունը քաղաքական այլ ուժերի ծրագրերից տնտեսության մեջ պետության կարգավորիչ դերի բարձրացումն է, ընդհուպ սուբսիդավորման ձեւերի կիրառումը։ «Տնտեսությունը պետք է զարգանա ոչ թե շուկայական, տարերային մոտեցմամբ, այլ պետք է զուգորդվի պետական անհրաժեշտ կարգավորմամբ ու տնտեսական կյանքում պետության նպատակային մասնակցությամբ»,- ասվում է դրույթներում։

-Պետությունը նախկինում էլ մշակել է քաղաքականություն տարբեր ոլորտներում, հարկային, այլ մեխանիզմներ կիրառելով՝ փորձել է այն իրագործել։ Ի՞նչ կա ձեր ծրագրում, որ նախկինում չի եղել։

-Հիմնական մոտեցումը՝ որ պետությունը պետք է ունենա պոզիտիվ դեր ու մասնակցի սոցիալական խնդիրներին, տարիներ շարունակ եղել է Դաշնակցության օրակարգում։ Այն բխում է երեք արժեքների վրա՝ արդարություն, ազատություն եւ համերաշխություն։ Պետությունը բավարար պայմաններ է ստեղծում յուրաքանչյուրի համար, սոցիալական երաշխիքներ, տնտեսական մասնակցության երաշխիքներ։ Մարդն իր որոշումները կայացնելիս լինում է ազատ, չի կաշկանդվում իր սոցիալական վիճակով կամ տնտեսական պայմաններով։

-Ինչ, հիմա չկա՞ այդ ազատությունը։

-Կա, բայց ես փորձում եմ ծրագիրը ներկայացնել վերեւից ներքեւ։ Շուկան չի կարողանում ապահովել համաչափ տնտեսական զարգացում, չի կարողանում լուծել գործազրկության, աղքատության խնդիրը, եւ մեզ պետք են ծրագրեր՝ ժողովրդագրական խնդիրները լուծելու համար։

-Դուք առաջարկում եք մեխանիզմ, որով պետությունը խառնվելու է շուկայական տնտեսությանը, միջամտելու է, ստիպելու է գործարարներին այս կամ այն քայլն անել․այս մեղադրանքները կհնչեն։

-Ոչ թե ստիպի, այլ՝ խթանի։ Կարծում ենք, եւ աշխարհի անցած պատմությունը ցույց է տալիս, որ շուկայի անտեսանելի ձեռքը, նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը, որը նախորդ 20 տարիներին վարվել է, բերել է ձախողումների։ Այն առաջ է բերել մի շարք հիմնախնդիրներ՝ խրոնիկական աղքատություն ու գործազրկություն, անհամաչափ տնտեսական զարգացում, ծայրահեղ ժողովրդագրական իրավիճակ։ Պատճառը նաեւ այն է եղել, որ պետությունը լվացել է ձեռքերը ու հետ է քաշվել իր պոզիտիվ պարտականություններից։ Պետությունը պետք է միջամտի, կարգավորի իր տեսանելի ձեռքով այնքան, որքան անհրաժեշտ է, եթե շուկան չի կարողանում դա անել։

-Կարո՞ղ եք օրինակ բերել, ասենք՝ ժողովրդագրական իրավիճակը փրկելու համար ի՞նչ եք առաջարկում։

-Օրինակ, առաջ ենք քաշում այն թեզը, որ երեխա ունենալը ոչ թե պետք է լինի սոցիալական բեռ ընտանիքի համար, այլ լույս պետք է լինի։ Կամ՝ մենք կարծում ենք, որ ավելի լավ է պետությունը փող ծախսի մարդուն զբաղված դարձնելու համար, քան տա աղքատության նպաստ։ Անապահով այն ընտանիքները, որտեղ կան աշխատունակ տարիքի աշխատունակ անձինք, նրանք չպետք է ստանան ընտանեկան նպաստ։ Նրանց զբաղվածության խնդիրը պետք է լուծվի։

-Ինչպե՞ս։

-Աշխատատար ճյուղերի զարգացումը՝ պետական սուբսիդիայով։ Նպաստն էլ է պետական ծախս, բայց ավելի լավ կլինի, որ աշխատատար ճյուղերը՝ տեքստիլի, վերամշակող արդյունաբերության, գյուղատնտեսության, սուբսիդավորվեն, եւ պետականի ու մասնավորի այս գործընկերության հիման վրա աշխատունակ տարիքի մարդիկ աշխատանք ստանան։ Գյուղատնտեսության ոլորտում պետք է ստեղծվեն պայմաններ ապահովագրված, կայուն եկամտաստեղծ գյուղատնտեսության համար։

-Ի՞նչ եք անելու։ Կոլեկտիվ տնտեսություննե՞ր եք ստեղծելու։

-Նախ պետք է մարդու եկամուտը լինի ապահովագրված, հետո՝ կայունության, իրացման խնդիրներ կան, կայուն իրացման համար պայմաններ պետք է ստեղծվեն։

-Ի՞նչ պետք է անի պետությունը։ Իրացման ձեռնարկությունների՞ն է սուբսիդավորելու։ Ասում եք՝ սուբսիդավորում, բայց այդ դեպքում մրցակցային սկզբունքն է խախտվում։

-Այն մարզերում, որտեղ բարձր է տնտեսական ռիսկը, որեւէ մրցակցության խնդիր չկա։ Ոչ ոք այնտեղ ներդրում չի անում, որովհետեւ աշխատանքի որակի խնդիր կա, ռազմական գործողությունների ռիսկ։ Այստեղ պետությունը կարող է հարկերից ազատել կամ սուբսիդավորել տնտեսություններին։ Պայման է դնում, որ եթե գործազուրկ մարդիկ այստեղ գնում են եւ աշխատում, ծախսը, որ պետք է աներ պետությունը՝ նպաստ վճարելով, այլ կերպ է տնօրինվում։ Նպաստը, միեւնույն է, չի վերացնում նպաստառու ընտանիքների աղքատությունը, իսկ այս դեպքում մարդը կայուն եկամուտ է ունենում սուբսիդիաների միջոցով։ Կարեւոր ոլորտներ կլինեն, որ մասնավորը չի անի ներդրումներ։ Պետությունն այստեղ ինքը պետք է ներդրում կատարի, ստեղծի ձեռնարկություն, հունի մեջ գցի, հետո փոխանցի մասնավորին։

-Կենսաթոշակային համակարգի հետ ի՞նչ է լինելու ձեր մոդելում։

-Մենք ասում ենք՝ ոչ թե պարտադիր կուտակային համակարգ պետք է լինի, այլ պայմանական, կամավոր։ Այն պետք է հիմնված լինի սերունդների միջեւ համերաշխության սկզբունքի վրա։ Ոչ թե ես շատ կուտակեմ, շատ ստանամ, դու՝ քիչ, այլ պետությունը պետք է այնպիսի սխեմա ստեղծի, որին մասնակցեն ոչ միայն քաղաքացին ու պետությունը, այլեւ գործատուն։ Դա նորություն չէ աշխարհում։

-Բայց գործատուն հիմա նույնիսկ իր աշխատողին չի գրանցում, որ հարկ չտա, դուք ո՞նց եք պատկերացնում, որ նա մի բան էլ աշխատողի թոշակավորման համար վճարի։

-Գործատուն այսօր հարկը չի ուզում վճարել, բայց նույն գործատուն այլ երկրներում շահագրգռված է, որ իր մոտ մրցակցային պայմաններ ստեղծի՝ կենսաթոշակային մասով, որպեսզի լավ աշխատողներին իր մոտ ներգրավի։ Բայց եթե մենք գնանք Ձեր ասած կանխավարկածով, կունենանք խնդիրների հավաքածու, որոնք անօրինական աշխատանքի պայմաններում չեն լուծվելու։ Ամենակարեւոր սկզբունքներից է նաեւ, որ օրինական աշխատանքը խթանվի։ Ստաժը, աշխատած տարիները եթե հաշվում ենք թոշակի մեջ, դա աշխատողի համար մեսիջ է, խթան է, որ ինքն օրինական ձեւով գրանցվի, իսկ եթե մենք հանում ենք ստաժը, եւ այն թոշակի հետ կապ չի ունենում, ապա աշխատողի մոտ այդ խթանը վերանում է։ Կարեւոր է, որ աշխատողին ձեռնտու լինի օրինական ստաժ ունենալը։

-Մի խոսքով, դուք որոշակիորեն անցնում եք սոցիալիստական տնտեսության սկզբունքների՞ն։

-Ամբողջ աշխարհը, ամենաազատական երկրներն այսօր վերադառնում են սոցիալական քաղաքականությանը, պետության դերի մեծացմանը։ Պատմությունը ցույց է տվել, որ նեոլիբերալ մոտեցումներն ավելացնում են պետության պարտքը՝ չլուծելով սոցիալական խնդիրները։

-Ունեք նաեւ դրույթներ անվճար կրթության մասնաբաժինը մեծացնելու մասին։

-Այո։ Այն, որ պետությունը պետք է երաշխավորի կրթության որակն ու մատչելիությունը, դրանից բացի պետք է ունենանք պետական ֆինանսավորմամբ նախադպրոցական, մասնագիտական կրթություն եւ հանրակրթություն։ Աշխարհի մի շարք զարգացած երկրներ՝ Գերմանիան, Ավստրիան, հետեւողականորեն անցել են այս մոդելին։

-ՀՅԴ-ն տարիներ շարունակ եղել է կրթության ոլորտի պատասխանատուն, բայց դրա որակը նկատելիորեն չի փոխվել, նույնիսկ հակառակը՝ կրթության համակարգը խճճվել է, անարդյունավետ է գործել։ Ի դեպ, սոցիալական քաղաքականության պատասխանատու եք եղել, նաեւ՝ բնապահպանության։ Ի՞նչն է Ձեզ խանգարել, որ կիրառեք Ձեր մոտեցումները։

-Մեր առաջ քաշած մոտեցումները դիսկրետ չեն, այլ ամբողջության մեջ են։ Հնարավոր չէ այստեղից վերցնել մեկ-երկու լուծում ու դրանով ապահովել ներառական զարգացում։ Արդյունքները հնարավոր է ապահովել միայն համալիր մոտեցմամբ։ Եթե վաղը կրթության որեւէ նախարար ուզենա անվճար դարձնել հանրակրթությունն ու բարձրագույն կրթությունը, անպայման պետք է լինեն միջգերատեսչական քննարկումներ՝ որտեղի՞ց գումարը, արդյոք սա առաջնահե՞րթ է, թե՞ ոչ։ Սա առնչվում է զբաղվածության, սոցիալական քաղաքականությանը։ Այս մոտեցումները շաղկապված են եւ պետք է նույն սկզբունքների վրա հիմնված լինեն։ Ինչ վերաբերում է բնապահպանությանը՝ ՀՅԴ-ն նախորդ տարիներին էլ իր պլատֆորմներում գրել է, որ բնական ռեսուրսների գերշահագործումը հակասում է կայուն զարգացմանը։

-Բայց բնապահպանության ոլորտում երբեք չի իրագործել այս սկզբունքը, թեեւ նախարար է ունեցել։

-Երբեք Դաշնակցությունը կառավարությունում մեծամասնություն չի եղել, եւ որոշումները կայացրել է տվյալ մեծամասնությունը կազմող քաղաքական ուժը։ Փաստենք, որ անկախությունից ի վեր Դաշնակցությունը երբեք կառավարության մեծամասնություն չի ձեւավորել եւ երբեք չի կարողացել իր կոնցեպտուալ, մյուսներից տարբերվող մոտեցումները կիրառել։

-Առողջապահությունն ամենաթանկարժեք ոլորտներից է։ Ինչպե՞ս եք այստեղ կիրառելու սոցիալական մոտեցումներ։ Բոլոր նախարարները փորձել են եւ ձախողվել։

-Ճանապարհը պետք է լինի էլեկտրոնային կառավարումը առողջապահության ոլորտում՝ գումարած առողջապահության ապահովագրությունը, եւ, որն ամենակարեւորն է՝ առողջապահությունը չպետք է կենտրոնանա միայն խոշոր քաղաքներում։ Հեռավոր բնակավայրերում պետք է ունենանք Երեւանի բուժհաստատություններին չզիջող հաստատություններ։

-Շատ լավ ու դժվար իրագործվող քայլ է…

-Կան բազմաթիվ դրական օրինակներ, որոնք կարող ենք աշխարհից վերցնել ու տեղայնացնել։ Այսօր ՀՆԱ-ի ընդամենը 12 տոկոսն է ուղղվում սոցիալական պաշտպանությանը՝ առողջապահությանը, մշակույթին, կրթությանը, բայց սոցիալական տնտեսության երկրներն այսօր գրանցել են 25 տոկոս։

-Պետությունը ձեր մոդելում լուրջ ֆինանսական դեր է ունենում, այս Ձեր նշած ՀՆԱ-ի 25 տոկոսը կբավարարի՞ ձեր նախանշած խնդիրներին։

-Կարծում եմ՝ այո։ Եթե 12 տոկոսը դառնա 25, սա նշանակում է ռեսուրսի կրկնակի ավելացում, իսկ եթե մոտ երկու անգամ էլ ավելանա ստվերի կրճատման հաշվին, նշանակում է՝ մենք պոտենցիալ ունենք այսօրվա հնարավորությունը 4-ով բազմապատկելու։ Այսօր մենք 35 մլրդ ընտանեկան նպաստ ենք տալիս, որի հասցեականությունը 70 տոկոս է։

-Այս հիմնադրույթների հետագա ճակատագիրը․ ի՞նչ եք անելու սրանց հետ։

-Առաջիկա մեկ-երկու ամիսներին ունենալու ենք հանրային քննարկումներ։ Նպատակը մասնագիտական առաջարկներ ստանալն է։ Նախագիծը կա ՀՅԴ պաշտոնական կայքում՝ www.arfd.info/hy/?p=45879 հղումով, իսկ առաջարկները կարող են ուղարկել մեզ research@arfd.am էլեկտրոնային հասցեով։ Հիմնադրույթները հետագայում ՀՅԴ-ի կողմից սոցիալ-տնտեսական առաջարկներ անելու համար հիմնարար փաստաթուղթ են լինելու։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X