ԱԺ-ն նիստերի օրերին կմնա առանց սանհանգույցների

Մենք գրել էինք, որ Ազգային ժողովում «խորը եւ համապարփակ» վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Բայց դրանք այնքան խորը չեն, որ համարվեն կապիտալ վերանորոգում։ Թեպետ քիչ բան չեն անում, հիմնովին քանդել ու լրիվ նոր ձեւով՝ հայկական տրավերտինով հավաքում են ԱԺ հին մասնաշենքի բոլոր սանհանգույցները, որոնք կունենան նաեւ սենսորային լվացարաններ, զուգարանակոնքեր եւ այլն։ Նորոգում են սրահները, շքամուտքը, միջանցքները, որոշ աշխատասենյակներ, կառուցում են նոր սրահներ եւ այլն։ Այս ամենի համար ԱԺ աշխատակազմը, ըստ կնքված պայմանագրերի, մի քանի տասնյակ միլիոն դրամ է հատկացնելու տարբեր շինկազմակերպությունների։ Մենք տեղեկացանք, որ արդեն իսկ ի հայտ են եկել խնդիրներ շինարարական ընկերությունների հետ։

Մասնավորապես, նախ տենդերները հաղթած 4-5 ընկերություններից արդեն մեկ-երկուսը փոշմանել են եւ ցանկություն են հայտնել խզել պայմանագրերը, քանի որ սկզբում ցածր գին են առաջարկել, շահել են մրցույթը, հետո հաշվարկել-տեսել են, որ ձեռք չի տալիս, առաջարկած գինը ծախսերն անգամ չի հանում։ Արդյունքում կարող են խնայել շինանյութի վրա, որն էլ կազդի որակի վրա։ Բացի այդ, շինարարական ընկերություններից մեկը, որը շահել է սանհանգույցները նորոգելու մրցույթը, ժամկետների մեջ չի տեղավորվում։ Ըստ պայմանագրի՝ ԱԺ սանհանգույցները պետք է դեռ երեկ ավարտին հասցրած եւ հանձնած լինեին, բայց դեռ գործի կեսն էլ արված չէ։ Հիմա հուսով են, որ ԱԺ սանհանգույցները պատրաստ կլինեն գոնե սեպտեմբերի վերջին։ Արդյունքում սեպտեմբերին, երբ սկսվեն ԱԺ նիստերը, Ազգային ժողովի բազմաթիվ աշխատակիցներ, այդ թվում՝ այնտեղ հավատարմագրված լրագրողները, իրենց բնական կարիքները հոգալու վայր չեն ունենա։ Թերեւս կօգտվեն ԱԺ նոր մասնաշենքի սանհանգույցներից կամ կդիմեն պատգամավորներին՝ օգտվելու նրանց առանձնասենյակների զուգարաններից։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X