Գործող իշխանությունը «դաբրոներ» չի տալիս ոչ մեկին, խլումներ չի անում

Հարցազրույց Կոտայքի մարզպետ, «ՔՊ» վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանի հետ։

«Նշանակման պահից ի վեր, բնականաբար, սկսել եմ մարզի շուրջ 67 մանր ու միջին, մեծ քաղաքային, գյուղական համայնքներում առկա կենսական նշանակության խնդիրները, որոնք հնարավոր է լուծել այսրոպեական վիրահատական միջոցներով, որպեսզի օր առաջ կյանքի որակի վրա ազդեցություն ունեցող խնդիրները լուծում ստանան։ Երկրորդը․ համայնքի ղեկավարներին ճանաչելու, հասկանալու նրանց անցած ճանապարհը, տեսնելու, թե որ համայնքում ինչ ՏԻՄ ղեկավար կա, որքան ժամանակ է նա ղեկավարում համայնքը եւ իր ղեկավարման ընթացքում ինչերի է հասել»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։

-Հիմա Կոտայքի մարզի բնակիչները, բացի որոշ համայնքապետերի հրաժարականներից եւ կադրային այլ փոփոխություններից, ի՞նչ փոփոխություններ են զգացել այս 100 օրվա ընթացքում։

-Կարող եմ նշել մի քանիսը․ մասնավորապես մարզում ունենք մարզային ենթակայության 90 հիմնական դպրոց, որոնցից եւս 47-ում մենք ունեինք ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագրով իրականացվող տաք սննդի ծրագիր։ Հիմա առաջնակարգ լուծվել է եւս 40-ին՝ տաք սննդով ապահովելու հարցը։ Այսինքն՝ 3 ամսվա ընթացքում մենք արդեն հիմնավոր լուծումներ ենք տվել, եւ սեպտեմբերին արդեն մարզային ենթակայության 90 դպրոցներից 87-ում կգործի տաք սննդի ծրագիրը։ Երկրորդը․ ՏԻՄ-երում սեփական եկամուտների մասով մայիս ամսվա համեմատությամբ հունիսին ունենք 15.7 տոկոս աճ, իսկ հուլիսին՝ հունիսի նկատմամբ, ունենք 51.7 տոկոսի աճ։ Այսինքն՝ 50 տոկոսով ունենք ՏԻՄ-երի սեփական եկամուտների հավաքագրման աճ։ Երրորդը․ մոտ մեկ-մեկուկես տասնյակ համայնքներում աշնանը հիմնանորոգված իրենց դռները կբացեն արվեստի մի շարք դպրոցներ, մշակույթի փոքրիկ կենտրոններ, որտեղ որ պիտի տվյալ համայնքի հաստիքացուցակով նշանակվեն դասավանդողներ։

-Մամուլում գրվեց, որ Դուք ՀՀԿ-ական համայնքապետերին պարտադրում եք, որ հրաժարական տան, չնայած ընտրովի պաշտոն է։

-Ես հերքում եմ այդ ինֆորմացիան, որեւէ ճնշում, որեւէ նման մտայնություն ես չեմ դրսեւորել, ես պարզապես համայնքի ղեկավարներին այցերի ընթացքում, մարզխորհրդի նիստերին հարց եմ տալիս․ եթե 20-25 տարի է՝ ղեկավարում ես մի համայնք, որի մշակույթի տունն օտարված է, մանկապարտեզը փլուզված է, կամ մի կերպ յոլա են տանում՝ 21-րդ դարում առանց ջեռուցման համակարգի, չունես բարեկարգ ճանապարհներ, խմելու, ոռոգման ջրի խնդիրներ ունես, դու քո 20-25 տարիների՝ շատ դեպքերում չակերտներով «ընտրված» վիճակում ինչպե՞ս ես մեկնաբանում գործունեությունդ քո համայնքում։ Որքանո՞վ ես դու արդյունավետ կառավարել էդ 20-25 տարիների ընթացքում։ Որեւէ հորդոր կամ պարտադրանք չկա։ Եվ շատ համայնքապետեր պարզապես իրենց արժեհամակարգով, իրենց ընկալմամբ եւ կառավարման իրենց մշակույթով անհամատեղելի են նոր իշխանությունների, կոնկրետ մարզային իշխանության որդեգրած կուրսին եւ իրենց դուրս են դնում էդ ամեն ինչից, մարդիկ գալիս՝ քայլ են անում։

-Հրազդանի քաղաքապետը հենց այդպե՞ս քայլ արեց եւ հրաժարական տվեց։

-Այո, Հրազդանի քաղաքապետը քայլ արեց այդպես՝ հրաժարական տվեց, իր փոխարեն մենք նշանակեցինք քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին, ով ամեն օր այլայլված զանգում է ինձ եւ ասում՝ եւս 20 մլն դրամի պարտավորություն հայտնաբերեցինք, որովհետեւ մանկապարտեզի սննդի հարցով կա պարտավորություն, ՀԷՑ-ին կա պարտավորություն, այլ հաստատություն կա։ Ու այսօր գիտե՞ք Հրազդան քաղաքի ընդհանուր պարտավորությունը որքան է կազմում՝ շուրջ 400 միլիոն դրամ։ Այն դեպքում, երբ Հրազդանի տարեկան բյուջեն միլիարդից մի քիչ ավելի է։

-Իսկ Չարենցավանի քաղաքապետը, ով ՀՀԿ-ական է եւ նախկին մարզպետի որդին, Աբովյանի քաղաքապետը, ով Ծառուկյանի թիմակիցն է, ինչպե՞ս են աշխատել, նրանք նույնպե՞ս հրաժարական են տալու։

-Նշված ՏԻՄ ղեկավարներն այլ քաղաքական ուժեր են ներկայացնում, բայց, բնականաբար, ելնելով մարզպետի ինստիտուտի սահմանադրական այդ լիազորություններից, ես իրենց աշխատանքին գնահատական տալու լիազորություն չունեմ, բայց ես՝ որպես մարզում իրավական եւ մասնագիտական հսկողություն իրականացնող պաշտոնյա, որպես Կոտայքի մարզի բնակիչ, բազմիցս աշխատանքային, օպերատիվ ռեժիմում, ինստիտուցիոնալ խողովակներով բազմաթիվ հորդորներ եւ խորհուրդներ եմ հնչեցրել այդ պաշտոնյաներին՝ իրենց ՏԻՄ իրավասության շրջանակներում ավելի արդյունավետ կառավարել քաղաքը։

-Եվ ի՞նչ են արել իրենք, անսացե՞լ են Ձեր հորդորին, եւ արդյոք հիմա նրանք համապատասխանո՞ւմ են Ձեր առաջարկած չափանիշներին։

-Որպես կանոն՝ առարկություններ չեն եղել իմ հորդորներին, իմ խորհուրդներին, բայց աշխատանքի արդյունավետության առումով դեռեւս զերծ կմնամ գնահատականներ հնչեցնելուց։

-Դուք տեղյա՞կ եք, թե ինչ մթնոլորտ է տիրում Հրազդանում։ Ասում են՝ Սասուն Միքայելյանն է հիմա դարձել քաղաքի տեր-տիրականը, խլել է Սաշիկի կամ այլ բիզնեսներ, եւ հիմա ով մոտ է նրա հետ եւ ունի նրա «դաբրոն», լայն «պռախոդ» ունի։

-Ես Ձեզ ասեմ․ ուրեմն Սասուն Միքայելյանը «ՔՊ» կուսակցության վարչության նախագահն է եւ ԱԺ պատգամավոր։ Իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» եւ գործող իշխանությունը «դաբրոներ» չեն տալիս ոչ մեկին, խլումներ չեն անում այս երկրում, մասնավորապես՝ այս մարզում։ Այդ գնահատականները չգիտեմ որտեղից են գալիս, բայց ես Ձեզ երաշխավորում եմ, որ Հրազդանում տեր ու տիրականի կարգավիճակ չկա։ Կա օրինական իշխանություն, օրենքի գերակայություն… հնարավոր եմ համարում որոշակի շրջանակների ռեւանշիստական նկրտումներով ցեխ շպրտել տվյալ գործչի վրա…

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X