«Հյուսիս-հարավի» շինարարների հետ վարվել են ստրուկների պես․ ակցիա չինացիների դեմ

Երեկ «Հյուսիս-հարավ» ճանապարհի Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարները՝ մոտ 50 հոգի, դուրս էին եկել փողոց՝ փակելով մայրուղին։ Նրանք այս հատվածի շինարարությունն իրականացնող չինական «Սինոհիդրո քորփորեյշն լիմիթեդ» ընկերության ղեկավարությունից պահանջում են վերականգնել իրենց ոտնահարված աշխատանքային իրավունքները, բարձրացնել աշխատավարձը, տրամադրել աշխատանքային պայմանագրեր, որոնք շատերը չեն էլ տեսել, դադարեցնել բանվորների շահագործումն ու թալանը։ Ընկերության տնօրեն Լյու Լյուշանը երեկ Գյումրու տեղական հեռուստացանցով հայտարարել է, որ թալանի եւ աշխատանքային իրավունքների խախտման մասին խոսակցությունները սուտ են, որ ամեն ինչ օրինական է։ Ասել է նաեւ, որ աղմկող բոլոր աշխատողներն ազատված են աշխատանքից։

«Մենք ունենք երկու տարվա աշխատողներ, որոնց ամեն ամիս այս երկու ամիսների ընթացքում խոստումներով են կերակրել՝ ասելով, որ կբարձրացնեն աշխատավարձը, բայց խաբվել են»,- ասում է բանվորներից Սամվել Սողոմոնյանը։ Նա մոնոլիտ բետոն թափող է աշխատել ընկերությունում՝ ծանր աշխատանք, որի համար բանվորները տասը ժամում 4 հազար 200 դրամ են ստանում։ Եթե երեկոյան ժամերին են աշխատում, ապա մեկ ժամվա համար ստանում են ոչ թե 420, այլ 530 դրամ, սակայն բանվորները վստահեցնում են, որ այս գումարը երբեք լիարժեք իրենց չի տրվում։ «Մենք ուզում ենք, որ մեր աշխատավարձը լինի համապատասխան մեր աշխատանքին։ Ինձ աշխատանքից ազատել են այն բանից հետո, երբ ես պահանջեցի, որ տոնական օրերին աշխատելու համար ինձ լրացուցիչ վճարեն։ Ես իմ աշխատած ժամանակ հաճախ քիչ եմ վճարվել, ես իմ պայմանագիրն ուղարկել եմ Երեւանի գրասենյակ, որ խախտումներն ուսումնասիրեն, բայց ոչ մի պատասխան չեմ ստացել։ Իմ դեպքում արտաժամյա աշխատանքների համար ես չեմ վճարվել»,- ասում է Մարալիկի բնակիչ Ալեքսան Ալեքյանը։

Նրա ընկերներից մեկ այլ բանվոր էլ է «Հրապարակին» գանգատվում․ «Մենք մոնոլիտ բետոնն ենք անում, ջրատար խողովակները, մոստերը։ Տաժանակիր աշխատանք ենք կատարում՝ առանց ապահովության։ Արմատուրայի հետ գործ ունենք։ Բարձրացնում ենք մեծ մոստերը, 9 մետր բարձրության, որոնց տակով անցնում են բեռնատար մեքենաները։ Մենք չունենք ոչ մի ապահովության միջոցներ, ամրագոտիներ, որ մենք մեզ կապենք ու բարձունքի վրա աշխատենք։ Մեզ նույնիսկ չեն տալիս բանվորական հագուստ։ Միայն կասկա են տալիս ու դեղին ժիլետ, բայց պահեստը հագուստից պայթում ա։ Մենք ունենք աշխատանքի շուկայական գներ, բայց մեզ ոչ մի ցուցակ չեն տալիս, նույնիսկ մեր աշխատանքային պայմանագրերն են գաղտնի պահում»։ Մարդիկ պատմում են, որ անգամ իրենց ընդմիջման իրավունքն է խախտվում։ Մեկ ժամվա փոխարեն նրանց թույլ են տալիս 30 րոպե հանգստանալ։ «Պերերիվն իրենց վրա է, բայց մեզ հենց սկզբից ասեցին, որ չինական ճաշատեսակ է, կարող ա չուտեք, ու չտվին։ Մենք տան պերերիվով ենք գալիս։ Մեր փոխարեն բարձր աշխատավարձ են ստանում տեղացի հայերը՝ 400-500 հազար դրամ, քեռի-բարեկամ են խաղում»,- ասում է բողոքի կազմակերպիչներից Սամվել Սողոմոնյանը։ Չինական ընկերության տնօրեն Լյու Լյուշանը թարգմանչի հետ դուրս է եկել ճանապարհը փակած բանվորների հետ զրուցելու, սակայն նրանց հետ չի խոսել։

Տեսնելով Գյումրու տեղական հեռուստաընկերությունների աշխատողներին, նա նրանց հետ առանձնացել է իր գրասենյակում։ Այս մասին պատմեցին բանվորները։ Նրանք մտել են գրասենյակ, որ խոսեն չինացիների հետ, բայց չինացիներն աշխատասենյակներում փակվել են։ Լյու Լյուշանը լրագրողներին ասել է, որ բոլորը սուտ է, բյուջեում փող չկա, իսկ ով չի ուզում աշխատել, թող հեռանա։ Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի ճանապարհը կառուցում են Մարալիկի եւ Թալինի շրջանների բնակիչները։ Վաղը նրանք կրկին խոստանում են փակել ընկերության գրասենյակի ճանապարհը՝ ակնկալելով, որ կառավարությունը ուշադրություն կդարձնի չինական ընկերության արատավոր գործունեությանը եւ ստուգումներ կսկսի «Սինոհիդրո քորփորեյշն լիմիթեդ»-ում։ Հիշեցնենք, որ այս ընկերությունից դժգոհ էր նաեւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը։

Մամուլը պարբերաբար գրում էր «Հյուսիս-հարավի» Թալին-Լանջիկ հատվածում կատարվող ձգձգումների, խախտումների մասին, եւ Վահան Մարտիրոսյանն անցյալ տարի այս ժամանակ նույնիսկ քննարկում էր կազմակերպել այս թեմայով Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ եւ չինացիներին վերջնաժամկետ էր տվել, որ խնդիրները լուծվեն՝ հայտնելով, որ հակառակ դեպքում Հայաստանը կհրաժարվի այս ընկերության ծառայություններից։

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X