Մեր առաջարկությունները միտված են անհարկի ծախսերից զերծ պահելուն․ Գևորգ Դանիելյան

Այս օրերին, երբ Կառավարությունը հանդես է գալիս անցումային արդարադատության գաղափարով, Բարձրագույն դատական խորհուրդն արդեն շրջանառության մեջ է դրել «Արդարադատության արդյունավետության համալիր բարելավման» մեծածավալ Հայեցակարգ, որի առնչությամբ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով դիմել ենք այդ Խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին։

-Բարձրագույն դատական խորհրդի կողմից «Արդարադատության արդյունավետության համալիր բարելավման» Հայեցակարգի հրապարակումը համընկավ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անցումային արդարադատության գաղափարի հռչակման հետ, դրանք որևէ կերպ ունե՞ն ընդհանուր եզրեր:

-Այդ հայեցակարգի մշակման աշխատանքներն սկսվել էին վաղուց՝ դեռևս մայիսի սկզբներին, սակայն այն ոչ միայն զուտ ժամանակագրական կտրվածքով է համընկել անցումային արդարադատության գաղափարը շրջանառության մեջ դնելու հետ, այլև խիստ արդիական է հենց այդ գաղափարի համատեքստում: Ընդ որում, Հայեցակարգի պատրաստման աշխատանքներին ներգրավվել են ոչ միայն Խորհրդի անդամներ, այլև ճանաչված փորձագետներ, հաշվի են առնվել նաև Հայաստանի դատական համակարգին ծանոթ միջազգային փորձագիտական կառույցների, ինչպես նաև դատավորների դիրքորոշումները: Միաժամանակ, հարկ է նկատել, որ դրանում տեղ գտած եզրահանգումները համահունչ են անցումային արդարադատության գաղափարին և կարող են գիտագործնական հենք լինել նաև այդ ինստիտուտի առավել ընդունելի և հիմնավորված կառուցակարգեր ու ընթցակարգեր ընտրելու համար: Այս օրերին, երբ Ձեր կողմից նշված գաղափարը դեռևս տեսական մոտեցումներով է ուղեկցվում, Հայեցակարգում մենք անդրադարձել ենք արդարադատության ամենահրատապ խնդիրներին և ներկայացրել կոնկրետ լուծումներ, այդ թվում՝ օրենսդրական:

-Ըստ Ձեզ՝ որո՞նք են արդարադատության արդի հիմնախնդիրները, կոնկրետ Հայեցակարգում որո՞նք են առանձնացված:

-Ընդհանուր առմամբ մենք առանձնացրել են թվով 24 հիմնախնդիր, բայց Հայեցակարգի էությունը բացահայտելու տեսանկյունից բերեմ մեկ-երկու օրինակ: Անշուշտ հիշում եք, որ մինչ այս պահը, թե դատական համակարգի ներկայացուցիչները, թե որոշ իրավագետներ և պատգամավորներ միանշանակ այն համոզմանն էին, որ արդարադատության հիմնական ու անհետաձգելի լուծում պահանջող խնդիրը դատարանների անհամեմատ մեծ ծանրաբեռնվածությունն է, որ միակ լուծումը դատավորների թվի կտրուկ ավելացումն է համարվել: Այն, որ դատական համակարգն անթույլատրելի չափով ծանրաբեռնված է, ոչ ոք չի ժխտում, սակայն Հայեցակարգում հիմնավորված է այն դիրքորոշումը, որ դրա պատճառը բնավ դատավորների պակասը չէ, որ օպտիմալ ծանրաբեռնվածության կարելի է հասնել՝ առանց դատավորների թվի ավելացման:

Ըստ էության, հիմնավորվել է այն մոտեցումը, որ անհարկի մեծ ծանրաբեռնվածությունը հետևանք է ինչպես կազմակերպչական խնդիրների, այնպես էլ օրենսդրական բացերի: Նկատի ունենք, օրինակ այն, որ դատարաններին հաճախ վերապահվում է արդարադատության հետ ընդհանուր աղերսներ չունեցող գործերի քննություն: Կարևորել ենք նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանության այնպիսի եղանակներ, որոնք արմատաապես բարելավելու են նրանց կարգավիճակը: Մարդիկ շատ շուտով հարկադրված չեն լինի անցնել տարիներ շարունակ ձգձգվող դատական քաշքշուկների միջոցով, անհարկի ծախսեր կատարել և այլն: Մասնավորապես, ներդրվելու է էլեկտրոնային արդարադատության համակարգը, ինչը համակարգչային տեխնիկայի տարրական բաղադրիչներին ծանոթ մարդկանց հնարավորություն կտա ոչ միայն ներկայացնել էլեկտրոնային հայցեր, այլև էլեկտրոնային կապի միջոցով մասնակցել դատական նիստերի և այլն: Այսպիսով, առաջիկա աննախադեպ բարեփոխումները կհանգեցնեն ինչպես մարդկանց ժամանակն ու միջոցները խնայելուն, այնպես էլ դատական գործընթացներն առավել պարզ ու կանխատեսելի դարձնելուն:

-Այդ և մյուս նորամուծությունները բերելու են նոր բյուջետային ծախսերի, իսկ չե՞ք կարծում, որ ներկայումս այդպիսի հսկայական ծախսեր կատարելու համար բացակայում են անհրաժեշտ ֆինանսական միջոցները:

-Ճիշտ հակառակը, մեր առաջարկությունները հենց միտված են ոչ միայն դատական համակարգն առավել արդյունավետ դարձնելուն, այլև անհարկի ծախսերից զերծ պահելուն: Մենք չենք կարող, օրինակ հանդուրժել դատարանների և պետական մարմինների ու կողմերի միջև նամակաշրջանառության փաստաթղթային գործող համակարգը, որի դեպքում շուրջ 375 մլն անտեղի կորուստ ենք արձանագրում: Առնվազն հարկ է հնարավորինս արագ անցում կատարել կապի էլեկտրոնային եղանակին, ինչը սոսկ ներդրման պահին կառաջացնի որոշ ոչ էական ծախսեր, սակայն արդեն հետագայում դատական համակարգը զերծ կպահի զգալի գումարների անտեղի ծախսերից: Նույնը վերաբերում է նաև էլեկտրոնային արդարադատությանը, որի էությունն այն է, որ ինչպես մարդիկ անտեղի ժամանակ ու միջոցներ չվատնեն անձամբ ամեն գործով դատարան ներկայանալու համար, այնպես էլ պետական միջոցներ չծախսվեն վաղուց հնացած չափանիշներով դատաքննություն կազմակերպելու համար:

Օրինակ, եթե ձերբակալված մեղադրյալը դեմ չէ, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկումն իրականացվի էլեկտրոնային եղանակով, ապա բացարձակապես կարիք չկա վերջինիս տեղափոխել դատարան՝ դրանից բխող բազում անհարմարություններով ու ծխսերով հանդերձ: Տվյալ դեպքում կապը դատարանի հետ կարող է ապահովվել տեսահաղորդակցության միջոցով, ինչը հաջողությամբ կիրառվում է արտասահմանյան բազմաթիվ երկրներում և այլն: Հայեցակարգում էական տեղ է հատկացված նաև արդարադատության համակարգը հնարավորինս թափանցիկ դարձնելու և դատական գործընթացների մոնիթորինգը համարժեք իրականացնելու խնդիրներին: Մի խոսքով, հարցադրումները բավականին ընդգրկուն են, կառաջարկեի Հայեցակարգը դարձնել համակողմանի քննարկման նյութ և Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել նկատառումներ և առաջարկություններ:

Ինգա Մարտինյան

Մեկնաբանություն
X