«Ցայգ» Հ/Ը-ի հաղորդավարուհին՝ Շիրակի մարզպետի խորհրդական

Քիչ առաջ տեղեկացանք, որ Շիրակի մարզպետի խորհրդականի պաշտոնը ստանձնել է «Ցայգ» Հ/Ը-ի հաղորդավարուհի, նույն հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանի դուստրը՝ Նազելի Բաղդասարյանը։ Տևական ժամանակ է մարզպետի խորհրդականի պաշտոնը թափուր էր: Այն երկար տարիներ զբաղեցրել էր Հասմիկ Կիրակոսյանը, ով 1996թ-ից աշխատում էր մարզպետարանում, սակայն իշխանափոխությունից հետո աշխատանքից ազատվեց՝ պատճառաբանությամբ, թե թոշակի է անցնում:

Կարճ ժամանակ անց Հասմիկ Կիրակոսյանը տեղավորվեց Գյումրու քաղաքապետարանում՝ որպես քաղաքապետի խորհրդական: Նազելի Բաղդասարյանը Գյումրիում հայտնի հաջողված լրագրող է, նրա անունը մի քանի անգամ քաղաքականության մեջ շրջանառվել է՝ կապվելով ՀՎԿ եւ ՀՅԴ քաղաքական ուժերի հետ, հատկապես խորհրդարանական ընտրությունների շրջանում. նշված կուսակցությունների կողմից առաջարկներ էին եղել նրան ընդգրկել ռեյտինգային ընտրացուցակում:

Նոր պաշտոնի հետ կապված մարզպետի նոր խորհրդականը սոցցանցում հասցրել է գրառում անել . «Գիտելիքներս, հմտություններս ու փորձս շարունակելու եմ ծառայեցնել Շիրակի մարզի եւ երկրի զարգացման համար՝ անփոփոխ ձեռագրով ու արդարության հենքով։ Շնորհակալ եմ վստահության համար»։

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X