Իրավունք

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասին ՀՔԾ-ն դեռ լռում է

Երբ հուլիսի 27-ին Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կային սպասումներ, որ իրավապահների ուշադրության կիզակետում կհայտնվեն այն ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած այլ անձինք եւս։ Եվ կառավարության նիստերից հետո, լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ էլ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանից քանիցս լրագրողները հետաքրքրվել են, թե էլ ովքեր են հարցաքննվելու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից։ Վերջին հարց ու պատասխանի ժամանակ Սասուն Խաչատրյանն ասել էր, որ հարցաքննվելու է նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Հարցաքննվելու են բոլորը, ովքեր այս գործի հետ առնչություն են ունեցել, բոլորն առանց բացառության։

Հարցաքննվելու է նաեւ Սերժ Սարգսյանը»,- օգոստոսի 16-ին, կառավարության հարց ու պատասխանից հետո ասել էր Սասուն Խաչատրյանը։ Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ դերակատարում ունեցած պաշտոնյաների, օլիգարխների մասին ժամանակին մանրակրկիտ անդրադարձ է եղել Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի հրապարակած զեկույցում։ Չնայած դրան՝ նրանցից ոմանք տասը տարի շարունակ, մինչեւ թավշյա հեղափոխությունը, շարունակել են պաշտոնավարել, ԱԺ պատգամավոր են դարձել՝ չկանչվելով հարցաքննության։ Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից, ազատ արձակումից հետո հարցաքննվել են նրա օրոք բարձրաստիճան պաշտոնյաներ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ներքին գործերի նախկին նախարար Հայկ Հարությունյանը, ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը։ «Քրեական գործի նախաքննության շահերից ելնելով՝ Ձեր հարցերի վերաբերյալ չենք կարող տրամադրել տեղեկատվություն»,- արձագանքեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ արտգործնախարարի պաշտոնը թողնելուց հետո էլ Վարդան Օսկանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով 2012թ․ դարձավ ԱԺ պատգամավոր, հետագայում տարանջատվեց, ստեղծեց «Համախմբում» կուսակցությունը, սակայն, կրկին մուտք չգործելով ԱԺ, հեռացավ ակտիվ քաղաքականությունից։ Այժմ, ըստ լուրերի, նա ժամանակ առ ժամանակ մեկնում է ԱՄՆ, դասավանդում այնտեղի համալսարաններում։ Նույն կերպ 2012թ․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավոր դարձավ Գրիգոր Գրիգորյանը, իսկ հետո հեռացավ քաղաքականությունից։ Տիգրան Թորոսյանն էլ քաղաքականությունից հեռացավ, երբ նրան մարտիմեկյան իրադարձություններից ամիսներ անց փոխարինեցին Հովիկ Աբրահամյանով՝ վերջինիս դարձնելով ԱԺ նախագահ։

Մեկնաբանություն
X