Դոն Պիպոյի համար 48 հազար ստորագրությունը հանձնել են կառավարությանը

Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանը, որը հայտնի է Դոն Պիպո անունով, երեկ ուղերձ էր հղել էջմիածինցիներին՝ հույս հայտնելով, որ շատ շուտով կլինի նրանց կողքին։

Նրա այս ուղերձը «Հրապարակ»-ին մանրամասնեց Ասատրյանի օգնականը՝ Լեւոն Ավետյանը․ «Նախ նա ողջունել է իր հայրենակիցներին, շնորհակալություն է հայտնել, ինչպես տեղյակ եք ստորագրահավաք է իրականացվել, իր շնորհակալական խոսքն է հղում եւ հույս է հայտնում, որ, հավատալով արդարադատությանը, շուտով կլինի ժողովրդի կողքին, այսինքն՝ արդարություն կլինի։ Իր մեղքը, որ չկա ոչ մի տեղ, կարդարացնեն եւ ազատ կարձակեն»։

Մեր զրուցակցի խոսքով՝ Էջմիածնում կալանավորմանը բացասական են վերաբերվում, բոլորն էլ նշում են, որ նրա տեղը չի, նրա տեղը իր ժողովրդի կողքին է, քանի որ նա միմիայն բարեգործություններ է անում, լավ բան է անում թե՛ Հայաստանում եղած ժամանակ, թե՛ Հայաստանից դուրս. «Ներկա պահին էլ ինքը այնտեղ գտնվելով բարեգործություն անում ենք, հիվանդ երեխաներին դրամական օգնություն ենք ցուցաբերում, այս պահին ես անձամբ եմ ղեկավարում։ Վերանորոգվում է թիվ 1 դպրոցի մարզադահլիճը, երեւի թե 10 օրից կանենք բացում, կհանձնենք դպրոցին, աշակերտներին։ Մենք նամակներով շփվում ենք, այս դպրոցը ավարտելուց հետո անցնելու ենք հերթական դպրոցի նորոգմանը, մի քանի այլ ծրագրեր կան, որոնք արվում են։ Մենք նամակի միջոցով տեղեկացնում ենք իրեն»։

Խոսելով քրեական գործից՝ օգնականը նշեց, որ Ասատրյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է, դա բողոքարկել են։

Լեւոն Ավետյանի խոսքով՝ Արթուր Ասատրյանի համար կազմակերպված ստորագրահավաքի 4 հազար մարդ է մասնակցել․ «Ստորագրահավաքը իրականացվել է «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի կողմից, ես էլ անձամբ մասնակցել եմ, ինձ թվում է՝ այդպիսի մարդ չկար, որ չմասնակցեր, բոլորը մեծից փոքր մասնակցում էին։ Այլ մարզերից եւս ցանկություն էին հայտնել մասնակցելու, նա ոչ միայն էջմիածինցիներին է օգնել, մարդիկ իրենց ցանկությունն են հայտնել։ Մինչեւ այսօր զանգահարում են, բայց 48 հազար ստորագրությունը հանձնվել է կառավարությանը, որպեսզի իրենք էլ իրենց կողմից պարոն Փաշինյանին հանձնեն»։

Հիշեցնենք՝ Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ ետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ:

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X