Հոգաբարձուների խորհրդի նորացված կազմը դեռ չեն հաստատել

Շուրջ մեկ ամիս մենք նյութ էինք հրապարակել այն մասին, որ, չնայած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում, սակայն նա շարունակում է մնալ որպես «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Իսկ հոգաբարձուների խորհրդի կազմում պահպանվել էին նախկին մի շարք պաշտոնյաների անուններ, որոնք Սերժ Սարգսյանի հետ միասին հեռացել էին իշխանությունից։

Այն ժամանակ «Մատենադարան»-ի լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրել էին, հուլիսի վերջին լինելու է հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ էլ նոր խորհուրդ կձեւավորվի։ Երբ ուսումնասիրեցինք Մատենադարանի կայքը՝ matenadaran.am, պարզեցինք, որ հոգաբարձուների խորհրդի կազմին վերաբերող կոճակը սեղմելիս դատարկ էջ է ցուցադրվում։ Ոչ մի անուն, ոչ մի պաշտոն նշված չէ, եւ անհայտ է, թե ովքեր են ընդգրկվել հոգաբարձուների խորհրդի նոր կազմում։ Մատենադարանի լրատվական ծառայությունից, ի պատասխան մեր հարցի, արձագանքեցին․ «Նիստը կայացել է, քննարկվել է Մատենադարանի կանոնադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը, եւ կանոնադրությունը ներկայացվել է կրթության եւ գիտության նախարարությանը։

Հետագայում ԿԳՆ-ն Մատենադարանի հետ համատեղ նորացված կազմը պետք է ներկայացնի կառավարության հաստատմանը։ Հոգաբարձուների խորհրդի նոր կազմը դեռեւս հաստատված չէ, երբ հաստատված կլինի, մենք հոգաբարձուների խորհրդի անվանական կազմը կտեղադրենք Մատենադարանի կայք-էջում, Ֆեյսբուքի էջում, այդ մասին կտեղեկացնենք ԶԼՄ-ներին»։

Մեկնաբանություն
X