Ինչպիսի՞ն է լինելու ԱԺ նոր մամուլի կենտրոնը (լուսանկարներ)

>

Ազգային ժողովում, ինչպես տեղեկացրել էինք, այս ամիսներին վերանորոգման աշխատանքներ են կատարվում։ Դրա արդյունքում խորհրդարանը ոչ միայն կունենա լրիվ նոր սանհանգույցներ, միջանցքներ և աշխատասենյակներ, այլև թանգարան, մամուլի կենտրոն և նոր գրադարան։

Լրագրողների համար մամուլի կենտրոն ստեղծելու և հարմարավետ պայմաններ ապահովելու մասին դեռ ամիսներ առաջ՝ բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել էր ԱԺ աշխատակազմի քարտուղար Արա Սաղաթելյանը։

Hraparaka.am-ն այցելել է խորհրդարան և ծանոթացել շինարարական աշխատանքներին, նաև տեսել, թե որտեղ և ինչ տեսք է ունենալու լրագրողների համար նախատեսված մամուլի կենտրոնը։ Ի դեպ, մամուլի կենտրոնից զատ լրագրողների համար առանձին աշխատանքային երկու սրահներ էլ են պատրաստում, որոնք կլինեն դահլիճի վերևի օթյակում։ Այստեղ ժամանակին երկու սենյակ էր հատկացված լրագրողների համար։ Հիմա այդ սենյակները ձևափոխվել են և շուտով կունենան նոր տեսք՝ լրիվ թափանցիկ ապակեպատմամբ, իսկ դրա դիմացի սենյակը, որտեղ ժամանակին նստում էին ԱԺ իրավաբանական վարչության աշխատակիցները, դարձյալ կծառայի լրագրողներին։

Այն ևս ձևափոխվել է, կունենա թափանցիկ ապակեպատում։ Այդ երկու սրահներից մեկը նախատեսված կլինի TV լրագրողների և օպերատորների համար՝ զինված համապատասխան սարքավորումներով, իսկ մյուսը՝ այլ լրագրողների համար։ Իսկ մամուլի կենտրոնում, որը զրոյից է կառուցվում և կլինի շենքի առաջին հարկում, կանցկացվեն հանդիպում-ճեպազրույցներ պատգամավորների, ԱԺ ժամանած հյուրերի և պաշտոնայների հետ։

Մինչ այս այդ ճեպազրույցներն անցկացվում էին ԱԺ 334 դահլիճում, որն օգտագործվում էր ամենատարբեր նպատակներով։ Հիմա ԱԺ աշխատակազմը հորդորելու է, որ լրագրողներն իրենց ճեպազրույցներն անցկացնեն նոր մամուլի կենտրոնում, որտեղ կլինեն համակարգիչներ լրագրողների համար, բարձրախոս, սեղան-աթոռներ և այլ անհրաժեշտ պարագաներ։ Մամուլի սրահների և մամուլի կենտրոնի բացումը նախատեսում են սեպտեմբերին՝ ԱԺ աշնանային մեկնարկին ընդառաջ, որ նիստերը սկսելուն պես, պատրաստ լինեն։ Լուսանկարներում այս պահին շինարարության ընթացքում գտնվող սրահներն են, ինչպես նաև մամուլի կենտրոնի՝ արդեն պատրաստի տեսքը, որն ակնկալում են ունենալ աշխատանքների ավարտից հետո։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X