Խոսքի ազատությո՞ւն եք հռչակել, դե բռնվեք

Իր հարցազրույցներից մեկում, պատմելով իր լրագրողական և ընդդիմադիր անցյալի մասին, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց այս տողերը՝ «խոսքի ազատությո՞ւն եք հռչակել, դե բռնվեք»։ Ինչո՞ւ հիշեցի Փաշինյանի այս խոսքը, կասեմ, բայց նախ այլ բանի մասին։

Այսօր սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ասուլիս էր հրավիրել։ Պատասխանեց առաջին հարցին, հետո՝ երկրորդին, չգիտես ինչու, հիշեց ամիսներ առաջ գրածս մի հոդվածը։ Իսկ հոդվածն այն մասին էր, թե նախարարի սպասվելիք այցը ԱՄՆ և հանդիպումը հայ համայնքի հետ ինչ իրավիճակ են ստեղծել ԱՄՆ հայ համայնքում։ Հոդվածի առանցքում սփյուռքի մի շարք կազմակերպությունների կողմից գրված նամակն էր, որտեղ նրանք մտահոգություն էին հայտնել, թե նախարարի հանդիպումը տեղի հայ համայնքի հետ կազմակերպելու է ՀՅԴ-ն, ինչը հարուցել էր ավանդական մյուս կուսակցությունների զայրույթը։ Բնականաբար, նամակը ստանալով՝ զանգահարեցինք սփյուռքի նախարարի խոսնակ Նունե Այլանջյանին, նա նախ ասաց, որ չի կարող հարցին պատասխանել, քանի որ նախարարը պետք է «ստատուս» գրի, և առաջինը ինքը հաղորդի այդ մասին սոցցանցում։ Խնդրեցինք պատասխանել՝ այո կամ ոչ, Դաշնակցությո՞ւնն է հանդիպման կազմակերպիչը, թե՞ Դաշնակցությունը չէ։ Պատասխանը հետևյալն էր՝ ՀՅԴՆ չէ, ՀՄԸՄ-ն՝ Հայ մարմնակրթական ընդհանուր միությունն է եւ ուրիշ կազմակերպություններ, որոնց անունը չնշեց։ Խոսնակի պարզաբանումը նույնությամբ տեղադրեցինք, իսկ վերնագիրն էլ ընտրեցինք նամակից, քանի որ նամակում հստակ ասվում էր, որ սպասվելիք այցն արդեն իսկ պառակտել է տեղի հայ համայնքը։ Նաեւ նշեցինք, որ ՀՄԸՄ-ն համարվում է դաշնակցության կառույց։

Այսօր ևս մեկ անգամ տպավորություն ստեղծվեց, որ նախարար Հայրապետյանը «նախաձով» է լցված լրագրողներիս հանդեպ․ հատկապես, երբ առաջինն ինքը չի ավետում որեւէ լուր։ Եւ չի մոռացել, որ ԱՄՆ այցից առաջ ոչ թե ինքն է ինֆորմացիան հրապարակել, այլ «Հրապարակը»։ Մի խոսքով, մեր նախարարները մրցում են լրատվամիջոցների հետ։ Եւ այսօր էլ՝ ասուլիսի վերջում մի պահ խառնեց դերերը։ Նախարարը նախ սկսեց վիրավորական գնահատականներ տալ ինձ ու իմ լրատվամիջոցին, հետո սկսեց պարզաբանումներ պահանջել, կարծես թե՝ ես պետք է իր առջև արդարանայի իմ գրած հոդվածի համար, հետո էլ անցավ նախազգուշացումներին՝ «մի քանի լրատվամիջոցներ սթափվելու կարիք ունեն»։

Դարձյալ պետք է հիշեմ վարչապետի խոսքերից մեկը․ «նախարարը, կարծես թե, իրավիճակին չի տիրապետում» ու կրկին խառնում է դերերը․ լրատվամիջոցները սթափվելու խնդիր չունեն, այլ սթափեցնելու խնդիր ունեն, ինչը և պատշաճ կատարվում է մեր կողմից, այլ խնդիր է, որ դա նախարարին դուր չի գալիս։ Ի դեպ, փորձը ցույց է տալիս, որ անաչառ, անկախ և օբյեկտիվ լրատվամիջոցներին ոչ ոք չի սիրում․ չէին սիրում հանրապետականները, չեն սիրում և ՔՊ-ականները։

Պետք է նաև ասեմ, որ նախարարը միտումնավոր նամակի բովանդակությունը վերագրում էր լրատվամիջոցին՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե իրեն վատաբանել են, զրպարտել են և այլն։ Ճանաչելով պետական պաշտոնյաների տեսակը՝ վստահաբար կարող եմ ասել, որ եթե հոդվածում մեկ տառ անգամ սխալ լիներ, նախարար Հայրապետյանը բազմիցս հերքում պահանջած կլիներ, մի 20 անգամ էլ դատի տված։ Սակայն, կարծես թե, նախարարը միամիտներից չէ․ մյուս լրատվամիջոցների ներկայությամբ շոու բեմադրեց՝ հաճախ թույլ չտալով ինձ պատասխանել իր հայտարարություններին, վերջում էլ հաղթական կեցվածքով հեռացավ, կարծես թե մի առանձնակի հերոսություն էր արել։

Սակայն պետք է հիասթափեցնեմ նախարարին, իր բեմադրած շոուն շոու էլ կմնա, և եթե հանկարծ նախարարը ներքին փափագ ունի, որ իր ելույթը կարող է ինձ վրա որևէ ազդեցություն ունենալ կամ մղել ինքնագրաքննության, ապա նրան խորը երազախաբություն է սպասվում, քանի որ նա «նոր Հայաստանը» խոսքի ազատության երկիր հռչակողներից մեկն էր, ուրեմն՝ թող բռնվի։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X