Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետը 20 մլն դրամի դիմաց ազատ է արձակվել

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Արմեն Մելքոնյանը։

Նա մեզ հետ զրույցում նշեց, որ Առաջին ատյանի դատարանը բավարարել է իրենց միջնորդությունը, իրենք միջնորդել էին միայն գրավի դիմաց փոխել Բաբայանի խափանման միջոցը։

Պաշտպանը նաեւ նշեց, որ գումարը վճարված է, անդորրագիրը իր ձեռքում է, պատրաստվում է այն ներկայացնել դատարան։

Հիշեցնենք՝ Բաբայանը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Վերջինս օլիմպավանում դժգոհել է, որ իր որդուն՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին չեն ազատում բանակից։ Վեճ է ծագել, որի արդյունքում Հարությունովը ծեծի է ենթարկվել եւ ծանր մարմնական վնասվածքներ ստացել։ Նա հետաքննիչին ցուցմունք է տվել, որ իրեն ծեծել են Ծառուկյանի թիկնապահն ու մյուսները, սակայն ժամեր անց հրաժարվել է իր ցուցմունքներից՝ բացատրելով, որ սայթաքել ընկել է եւ դեղերի ազդեցության սխալ ցուցմունք է տվել։

Մեկնաբանություն
X